Ինչպե՞ս է ջերմացնում գազի դատարկ խողովակը

28/03/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 Ժամն» անընդհատ քաղաքացիներից բողոքներ ու դժգոհություններ է ստանում գազասպառման ներտնային համակարգի սպասարկման որակի ու թանկության մասին: Մարդիկ դժգոհում են, որ այդ սպասարկում իրականացնող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցները կամ ընդհանրապես չեն գալիս իրենց բնակարան, կամ էլ պարզապես մտնում են ու դուրս են գալիս՝ առանց համապատասխան ծառայությունը կատարելու:

Սպառողներն ասում են, որ շատ հաճախ նույնիսկ այդ սպասարկման կարիքն էլ չի զգացվում, որովհետեւ իրենց գազօջախները տեղադրել են մասնագիտացված խանութների մասնագետ-աշխատողները, ովքեր, ըստ բնակիչների, տվյալ դեպքում՝ «Էյ Ի Ջի սերվիսի» աշխատակիցներից ավելի փորձառու ու բանիմաց են: Դժգոհում են նաեւ այն բանի համար, որ ստիպված են գազօգտագործման մեկ սարքավորման համար վճարել 2400 դրամ, երկուսի դեպքում՝ 5700 դրամ, իսկ երեք եւ ավելի սարքավորման առկայության պարագայում՝ 6900 դրամ: Հիշեցնենք, որ 2005թ. նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց, որ գազօգտագործման ներտնային համակարգի սպասարկման պատասխանատվությունը պետք է իրականացնի միայն «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Սպասարկման վարձի սակագինը նույնպես հանձնաժողովն է սահմանել: Այդ որոշումից հետո «ՀայՌուսգազարդը» ստեղծեց «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը, որի միջոցով էլ իրականացնում է այդ ծառայությունը: Ընդ որում, վարձավճարները գանձում է «ՀայՌուսգազարդը» եւ սպասարկող ընկերությանը վճարում է կատարած աշխատանքների համար: Եվ եթե բնակիչը սպասարկման վարձը չի վճարում կամ ուշացնում է, «ՀայՌուսգազարդն» անմիջապես դադարեցնում է ոչ թե սպասարկումը, այլ գազի մատակարարումը: Եվ ահա ՀԾԿՀ վերը նշված որոշումից հետո գազ սպառողներն անընդհատ դժգոհում են այդ ծառայության բարձր արժեքից եւ սպասարկման որակից:

Խմբագրություն էր զանգահարել Գյուլբենկյան 23 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ 80-ամյա Կառլեն Դանիելյանը, ում բնակարանի գազը երեկ առավոտյան անջատել էին, որովհետեւ նա վճարել էր մի գազօգտագործման սարքի համար: Կ.Դանիելյանի բնակարանում կա ընդամենը մեկ գազօգտագործման սարքավորում` խոհանոցի գազօջախը: Բայց 2006թ. երբ իր բնակարանը գազիֆիկացվել է, խողովակ է անցկացրել նաեւ դեպի լոգարան, որպեսզի հետագայում այդտեղ էլ ջրատաքացուցիչ սարքավորում տեղադրի, ու այդպես էլ մինչեւ հիմա չի տեղադրել: Երեկ առավոտյան «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցներն այցելել են Կ.Դանիելյանի բնակարան, տեսել են լոգարանի դատարկ խողովակն ու անջատել են նրա գազը: «Ես անցած տարի մի սարքավորման համար վճարեցի 2006 եւ 2007 թվականների սպասարկման վարձը: Պարզվում է, որ այդ գումարն ընդունել են 2007թ. երկու սարքավորումների հաշվարկով: Այդ աշխատողն ինձ ասաց, որ լոգարանի խողովակի համար էլ պետք է վճարեմ: Հրաժարվեցի, գազը անջատեցին: Ընդ որում, անցած տարի այդ աշխատողները տեսել էին այդ խողովակն ու կնքել էին: Հիմա ես ինչո՞ւ պիտի դատարկ խողովակի համար վճարեմ: Չէ՞ որ հանձնաժողովի որոշման մեջ նշված է, թե պետք է վճարել «գազօգտագործման սարքավորման առկայության դեպքում»,- դժգոհում է Կ.Դանիելյանը:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ սպասարկումն իրականացնող ընկերությունից: Տնօրեն Սամվել Մհերյանն ասաց, թե իրենց համար դատարկ խողովակի վրա դրված փականը եւս սարքավորում է: «Գիտեք, բաժանորդներ կան, ովքեր ամռանը տաքացնող սարքավորումները հանում են, եւ մնում է միայն խողովակը: Այս դեպքում, եթե խողովակը չի օգտագործում, ապա պետք է այն ապամոնտաժի, կամ էլ անպայման սպասարկման վարձը վճարել»,- ասում է Ս.Մհերյանը:

Սակայն բաժանորդների հետ պայմանագրի մեջ նշված չէ, որ բնակարանում նման խողովակների առկայությունը չի թույլատրվում: Այդ մասին չի մտածել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այս դեպքում հավանաբար անհրաժեշտ է հստակ նշել, որ գազատար խողովակը պետք է անցկացնել միայն այն դեպքում, երբ անմիջապես դրան կմիացվի ջեռուցիչ սարքավորումը: Հակառակ դեպքում այդ խողովակի՝ որպես գազօգտագործման սարքավորման, տվյալ դեպքում՝ ջրատաքացուցիչի կամ գազօջախի համար կգանձվի սպասարկման վճար: Չվճարելու դեպքում էլ՝ կանջատվի գազը, եւ այդպես շարունակ: Բայց փաստն այն է, որ պայմանագրում նման կետ չկա, եւ բնակիչն էլ օգտվելով իր իրավունքից՝ որոշել է նախապես խողովակ անցկացնել լոգարան, մինչեւ որ հարմար կլինի ջրատաքացուցիչ գնել: Բայց ահա, վրա են հասել ծառայության աշխատակիցներն ու անջատել են 80-ամյա թոշակառուի գազը՝ դատարկ խողովակը համարելով «գազ սպառող սարքավորում»: Սա մոտավորապես նույնն է, երբ, ասենք, գազամատակարարման աշխատակցի կախված հագուստը բնակիչը ընդունի որպես գազամատակարար ընկերության ներկայացուցչի եւ նրանից պահանջի բարձրացնել գազի որակը: Ինչպես գիտենք, ՀԾԿՀ վերը նշված որոշումից հետո «ՀայՌուսգազարդն» իր բաժանորդների հետ հարաբերվելու համար նոր պայմանագրեր է թողարկել, որտեղ ընդգրկված է նաեւ սպասարկման վերաբերող «Համաձայնագիրը»: Այսինքն՝ մարդիկ գազօգտագործող դառնալու հետ միաժամանակ, մեխանիկորեն, իրենց ցանկություններից անկախ դառնում են նաեւ սպասարկման բաժանորդ ու պարտավորվում են դրա համար էլ վճարումներ կատարել: Այլընտրանք չկա, եթե չուզես, միեւնույն է, չես կարող հրաժարվել: Մի խոսքով՝ ի վերուստ պարտադրված ես՝ հանձնաժողովն է այդպես որոշել: Ընդ որում, պայմանագրի սպասարկմանը վերաբերող բաժնում նշված չէ, որ չվճարելու դեպքում «ՀայՌուսգազարդը» կարող է դադարեցնել գազամատակարարումը: Սակայն դադարեցնում է եւ այդ մասին հայտարարությունները փակցրել է շենքերի մուտքերում: Մինչդեռ պայմանագրի գազամատակարարման հատվածում նշված է, որ գազամատակարարումը դադարեցվում է մատակարարված գազի դիմաց չվճարելու դեպքում: Այն էլ՝ «նշված ժամկետում Մատակարարն այդ մասին գրավոր հիշեցնում է Բաժանորդին եւ զգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած Բաժանորդը վճարում չի կատարում, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը՝ դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով Բաժանորդին»: Փաստորեն, «ՀայՌուսգազարդը» հնարավորինս շատ սպասարկման վարձ հավաքելու համար խախտել է պայմանագրի դրույթները՝ դադարեցրել է գազամատակարարումը: