ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «ԺԿ» նախագահ Տիգրան Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ ինքը կամաց-կամաց կենտրոնամետից անցում է կատարելու դեպի ընդդիմություն: Մեզ հետ զրույցում Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը միշտ էլ ընդդիմադիր է եղել անարդարությանը: Իսկ իր կենտրոնամետ լինելը նշանակում է, որ ինքը կողմ է խաղաղությանը եւ դեմ է հեղափոխությանն ու երկուստեք բռնություններին ու ճնշումներին:
– Ասում են` կան խախտումներ, բայց իբրեւ աշխարհով մեկ այդ խախտումները կան, եւ դա բնական է: Բայց անարդարությունը չի կարող բնական, ընդունելի լինել կամ էլ` լինել քիչ կամ շատ: Քիչն էլ չի կարելի ընդունել: Այդ խախտումների իրողությունը կարելի է արձանագրել ու պրոֆիլակտիկ ձեւով միշտ պայքարել դրա դեմ: Տեսնելով այդ ամենը` ես դեմ եմ անարդարությանը, եւ այդ առումով` այո, ես ընդդիմադիր եմ:
– Պրն Կարապետյան, դուք նախագահի այն թեկնածուներից էիք, ով եւս փորձում էր պայքարել ընտրակեղծիքների, անարդարության դեմ: Ի՞նչ արդյունք տվեց դա, ինչի՞ հասաք դրանով:
– Իմ անհատական դիմադրությունը կեղծիքին, չարին արդեն ես մեծ շարժ եմ համարում: Կարեւոր է, երբ որեւէ մեկը դիմադրում է, ասենք` սեփական առումով, ցանկանում է, որ իր ազգն արժանապատիվ ապրի: Մենք պայքարում ենք նաեւ նրա դեմ, որ մարդիկ գումար են վերցնում, օրինակ՝ այդ 5000 դրամները: Դա մարդու դիրքորոշումն է, մարդու ներքին ձայնը, որը պետք է հնչի: Ես հնչեցրել եմ իմ անհամաձայնությունը: Ես ասել եմ` առաջին չորս թեկնածուն էլ փող են բաժանել: Ես որեւէ մեկի ջրաղացին չեմ ուզում ջուր լցնել:
– Այսօր բոլորը փորձում են կանխատեսումներ անել, թե ով ինչ պաշտոններ է զբաղեցնելու նոր ձեւավորվող կառավարության մեջ: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու` եթե նույնիսկ ինձ առաջարկեն, որովհետեւ պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չէ: Չնայած` ես կարող էի աշխատել, բայց միայն մի դեպքում, եթե դա լինի լայն կոալիցիա, ասենք` իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերով, ընդհանրապես` այն քաղաքական ուժերով, որոնք այսօր, կարծում եմ` մեկուսացած են քաղաքական առումով: Յուրաքանչյուր քաղաքական ուժ արդեն ներուժ ունի` իր կուսակիցներով, իր քաղաքական պատկանելությամբ, որովհետեւ իր կողքին հավաքված է որոշակի բազմություն: Եվ այդ բազմությունն ինքնին արդեն ունի ներուժ: Այդ առումով համագործակցել կարող եմ, ի սեր Աստծո: Կլոր սեղանի շուրջ է պետք նստել, ոչ թե իշխանամետ կուսակցությունները պարփակվեն ու որոշ կուսակցություններով համալրեն խորհրդարանը: Պետք է իմանան, որ բոլորն էլ պետք է շանս ունենան անցնելու խորհրդարան: Եվ այսօր ես համարում եմ, որ հենց այդ առումով իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն պետք է լինի: Ընդդիմությունը պետք է անցնի պատկան մարմիններ, պետք է աշխատի եւ ցույց տա իր պատրաստակամությունը: Եթե ինքը ցույց չի տալիս իր պատրաստակամությունը, եթե ունակ չէ աշխատելու, կվարկաբեկվի, ինչպես շատ ու շատ ընդդիմադիր գործիչներ: Ընդդիմությունը ոչ թե պետք է լինի ղարաչիների նման, որոնք կարող են խոսել, կոչեր անել, ճչալ, այլ` աշխատող: Ժողովուրդն այսօր հիասթափված է այն ընդդիմադիրներից, որոնց երեք-չորս տարի առաջ հետեւել է, ինչո՞ւ` որովհետեւ չկարողացան իրենց դրսեւորել: Թող աշխատելու հնարավորություն տան այսօրվա ընդդիմադիր գործիչներին: Պարտադիր չէ, որ նրանք անպայման պաշտոններ, աթոռներ կամ նյութական առավելություններ տան: Թող նրանք աշխատեն ի նպաստ ժողովրդի:
– Կարծեմ ասել էիք, թե Արտաշես Գեղամյանը պետք է պաշտոն զբաղեցնի կադաստրում:
– Չէ, ես դա ուղղակի լսել եմ: Ժողովուրդն ասում է` նրան Նոր Նորքի ինչ-որ կադաստրում են պաշտոն տալու: Ես անձամբ ձեզ կարող եմ փոխանցել միայն ժողովրդի ասածը: Նաեւ ասում են, որ ապրիլի 9-ից հետո պաշտոն է ստանալու նաեւ Վազգեն Մանուկյանը: Արթուր Բաղդասարյանն արդեն ստացել է, եւ ինչո՞ւ չէ` շատ-շատերը: Բայց ես անձամբ իմ դիրքորոշումն եմ ասում, եւ ասում եմ` ես չեմ ընդունելու որեւէ պաշտոն: Հասարակական հիմունքներով` հնարավոր է, օրինակ, եթե դա լիներ մարդու իրավունքների պաշտպան եւ այլն: Բայց որեւէ տնտեսական պաշտոն ես չեմ ընդունի ոչ մի դեպքում:
– ԱԼՄ հեռուստաընկերության լիցենզիայի ժամկետը շուտով լրանալու է, երկարացնելո՞ւ եք:
– Մյուս տարի է սպառվելու: Այո, երկարացնելու ենք` օրենքի շրջանակներում: Ավելացնեմ, որ ընդհանրապես ինձ դա չի հուզում: Ես շատ լավ եմ ինձ զգում եւ այսօր ես ճանաչելիություն ունեմ: Ընդհանրապես`քաղաքական գործիչներն ինչո՞ւ են ձգտում եթերի, որովհետեւ ճանաչելիության պակաս ունեն, ուզում են, որ ժողովուրդն իրենց ընկալի, ավելի ընդունելի լինեն եւ այլն: Ես այդ ամենն ունեմ: Ենթադրենք, եթե ես չունենամ հեռուստաընկերություն, ունենամ թերթ, տարբերություն չի լինի: Էջերում նույնը կգրեմ, կասեմ:
– Ձեր բանաստեղծությունների հերոսներին ինչպե՞ս եք ընտրում:
– Քաղաքական դաշտից: Օրինակ, հիմա առաջիկայում ուզում եմ Վարդան Օսկանյանի մասին գրել: Վազգեն Մանուկյանի մասին գրել եմ, հնչեցրել եմ եթերում: Գիտե՞ք, երբ մարդ վերելք է ունենում` հաճելի է, իսկ երբ «իջնում» է` ցավալի է: Երբ իջնում է` մանրանում է, իրոք, ցանկանում ես դրա մասին գրել որոշակի հեգնանքով, թեկուզ` հումորով: Չնայած ես վիրավորելու նպատակ չունեմ, որովհետեւ իրենք արդեն քաղաքական առումով չկան: Ժողովուրդը երբ անակնկալ որոշում կամ մոտեցում է տեսնում այն մարդուց, որից չէր սպասում, վիրավորվում է ու իր վերաբերմունքը միանգամից փոխում է: Սիրելուց սկսում է ատել, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում: Նա լիարժեք աշխատեց որպես երրորդ ուժ, ժողովուրդը ձայն տվեց: Այն մարդիկ, ովքեր չէին ուզում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, ձայն տվեցին Արթուր Բաղդասարյանին: Եվ ինչպիսի մարդիկ էին` ազնիվ, չեզոք, արդար, որոնց ես համարում եմ Հայաստանի լավագույնները: Այնպիսիք, որ ես կերազեի, որ այդպիսի մարդիկ իմ կողքին կանգնեին: Ու Արթուր Բաղդասարյանն իր աստեղային ժամը չկարողացավ պահել: Եթե պահեր, ապագայում հարյուր տոկոսով կլիներ հանրապետության նախագահ: Բայց սա ցույց է տալիս, որ դա ոչ թե գաղափար է եղել, այլ քաղաքական նպատակ: Կոալիցիա մտնելու պահին ինքը վերլուծել է, որ դա ներկա դրությամբ ամենաօպտիմալն է իր համար, ու հեռուն չի նայել, մտածել է` աջ կողմ գնամ, գլուխս կկորցնեմ, ձախ գնամ` ձիս կկորցնեմ, ավելի լավ է, էսպես գնամ ու որոշակիորեն ամեն ինչ պահեմ: Չի մտածել, որ կարելի է ընդհանրապես ոչ մի տեղ չգնալ, մնալ իր մարդկանց մոտ, որովհետեւ իրենք նրան ձայն են տվել` ակնկալելով, որ նա իրենց հերոսը, դրական կերպարն է:
– Ձեր բանաստեղծությունների հերոսները չե՞ն վիրավորվում ձեզանից: Մյուս կողմից էլ, կարծես, նրանց վարկանիշը դրանով բարձրանում է:
– Հաշվի առնելով խորհրդային համակարգը` միշտ էլ եղել են բացասական եւ դրական հերոսներ: Հիմա իրենց մասին խոսելիս թող խոսեն բացասական առումով, ի՞նչ է եղել, պետք է խոսեն: Այստեղ խնդիրը հետեւյալն է. ես անհատական չեմ վիրավորում, անձամբ իր մասին չեմ գրում` որպես անհատ, գրում եմ նրա քաղաքական կերպարի մասին: Ինչի՞, երբ իմ մասին «32 ատամը» ինչ ասես ասում էր, ես նեղանում էի՞: Հիմա հումոր է` թող անեն: Այսօր ո՞րն է սխալ իմ գրածներից: Օրինակ, եկեք տող առ տող կարդանք Արթուր Բաղդասարյանի մասին բանաստեղծությունը. «Անքարտեզ սուտլիկ նավավար»: Որ նավավար է` դա փաստ է, իր կուսակցությունը իր նավն է, իսկ` ինչո՞ւ անքարտեզ, որովհետեւ ինքն էլ չգիտեր, ինչ պետք է աներ: Դա անակնկալ էր նաեւ իր համար, ինքը չուներ նախագիծ: Ինչո՞ւ սուտլիկ, որովհետեւ փաստորեն դա սուտ էր ժողովրդի համար, անակնկալ էր: «Նորից դարձար Երիցյանին ղեկավար»` այո, հիմա գնացել է «առընթեր», Սերգո Երիցյանից բարձր պաշտոնի` նույն շենքում, ու ղեկավար է, չորրորդ դեմքն է: «Մուխդ մարի» նախադասությունը գրել եմ քաղաքական առումով, որովհետեւ իր մուխը մեծ առումով չի կարող մարել` երկու երեխա ունի, երրորդին է սպասում: «Հենց նույն շենքում նույն կուռքերին ես աղոթում»,- գրում եմ. բա նույնն է, նույն Արմեն Գեւորգյանն է, Ռոբերտ Քոչարյանը, հիմի կլինի Սերժ Սարգսյանը: «Սերգոյի հետ ես ապաստանում»: Այո, ապաստանում է նույն շենքում, «առընթեր» է, չէ՞: «Միշտ էլ եղել եք մի դասարանում»` նույն նավում չե՞ն եղել: «Էլ ի՞նչ ավանդի վերադարձ, դհոլ-զուռնով տարան քեզ դարձ»: Այո, ի՞նչ ավանդի մասին է խոսքը, երբ ինքը հիմա պաշտոնի է: Իր քաղաքականությունը պետք է լինի պետական քաղաքականության հետ մի ուղղությամբ, ինքը չի կարող մենակ դրսեւորել իր քաղաքականությունը, չհամաձայնվել: Հիմա իր նախընտրական կարգախոսների մասին` «Բա ասում էիր` ալերգիա ունես ստվերից, զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից, չնայեցիր ոչ աջ, ոչ ձախ, Բիշարյանն էլ` դոշիցդ կախ»գ Հեղինե Բիշարյանը հետն է, չի ասել` գիտե՞ք ինչ, Արթուր Բաղդասարյանն այսպես արեց, ես դուրս եմ գալիս: Ոչ, հետն է, դոշից կախ է, էլի: «Ասելով ստեղծենք օրինաց երկիր` գյումրեցու շուլուխը գլխներիս սարքիր»` Հովհաննես Մարգարյանն ասում էր, որ ինքն ակունքներով գյումրեցի է, եւ գյումրեցիներն իրեն ահագին ձայն տվեցին, ինքը Գյումրիում հաղթել է: «Իսկ գլուխգործոց ծնելիությունը փողով, պայմանավորված էր ձեր տան բյուջեով»: Ա. Բաղդասարյանը երրորդ երեխան է սպասում, գուցե ինքն էլ փող ստանա` 300.000 է, միլիոն է: «Այժմ նստած ես դու նույն շենքում». նստած չի՞` նստած է: «Կրկին իշխանավորն է քեզ կնքում»` չի՞ կնքում, կնքում է, «Կըռ, կըռ, ագռավները իրար են կանչում» սա էլ փիլիսոփայություն է: «Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում»` ո՞վ է իրեն աշխատավարձ տալու: Հիմա միասին վերլուծեցինք, եթե կարող եք, մի հատ այստեղ սուտ, անձը վիրավորող բան գտեք:
Այս բանաստեղծությունները ձեռքից ձեռք են անցնում, մարդկանց հեռախոսների մեջ կան, ուրեմն` դա արժեր գրել, պահանջարկ ունի:
– Սերժ Սարգսյանի մասին գրելո՞ւ եք:
– Անպայման, հիմա Վարդան Օսկանյանի մասին եմ գրում, հետո անպայման Ռոբերտ Քոչարյանի մասին եմ գրելու: Նաեւ` Սերժ Սարգսյանի: Ի դեպ, ես երեկ եթերից առաջարկ եմ հնչեցրել` ասելով՝ իմ մասին էլ գրեք, եթե մուսա ունեք:
Հ.Գ. Վազգեն Մանուկյանին նվիրված բանաստեղծությունը
Մանուկյանը մանուկ մնաց,
Առաջարկից ուշքը գնաց,
Պաշտոններ շարան-շարան,
Մարտի մեկին հորանց տարան:
Իսկ սատարող գորտն ու օձը
Նորից մտել են ԱԺՄ-ի ծոցը:
Լռում են. առաջարկներ եղան տարբեր,
Միայն թե` ոտքի տակ են` «առընթեր»:
Կաշին փոխելը սովորույթ է,
Եվս մեկ անգամ զարթոնք է:
Լպրծունները գարնանը` մարտին,
Չեն դիմանում ճնշող ցրտին: