Ուսուցիչների պահանջարկ կա

28/03/2008

Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում առավելապես «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ կա: Նախատեսված կարգով այդ բնակավայրերի դպրոցներից պահանջարկի մասին հայտերը ներկայացվում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն, որը դրանց հիման վրա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ է գործուղում: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Սիրանուշ Էլոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի մարզերից հայտերն ուղարկվում են մինչեւ օգոստոսի 20-ը, դրանք թարմացվում են հաջորդ տարվա հունվարին` չնայած լրացուցիչ կարող են ստացվել նաեւ ողջ տարվա ընթացքում: Մանկավարժներին սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրեր գործուղելիս տրվում է 15.000 դրամ լրավճար` բնակարան վարձելու եւ կոմունալ վարձերի համար: Գումար է տրամադրվում նաեւ գույքի տեղափոխման եւ ճանապարհածախսի համար (տարեկան 4 անգամ): Մանկավարժները գործուղվում են առնվազն կես դրույք հաստիքով աշխատելու պայմանով, ավելի քիչ դասաժամերի համար նախարարությունը մասնագետներ չի ուղարկում: Ս. Էլոյանի խոսքով, մարզերում աշխատելու համար նախարարություն դիմում են բոլոր տարիքի ուսուցիչներ, այդ թվում` նորավարտ մասնագետներ: Այս տարվա հունվարին մարզերից հայտ է ներկայացրել միայն Գեղարքունիքը` 8 մասնագետի պահանջարկով, նախարարությունից գործուղվել է միայն 1` ֆիզիկայի մասնագետ: Արագածոտնն օգոստոսին ներկայացրել է 40 մանկավարժների հայտ, որից բավարարվել է 13-ը: Վայոց Ձորի, Տավուշի եւ Արմավիրի մարզերը հայտ չեն ներկայացրել, սակայն տարվա ընթացքում եղած պահանջարկով` նախարարությունը Վայոց Ձոր է ուղարկել 1 ուսուցիչ: Արմավիրի մարզից դեկտեմբերին ներկայացվել է 1 ուսուցչի հայտ, որը, սակայն, դեռ չի գործուղվել: Արարատի մարզը նախարարությանը դիմել է 5 ուսուցչի պահանջարկով, բայց քանի որ մասնագետներն անհրաժեշտ են եղել այն գյուղերի դպրոցների համար, որոնք չեն համարվում սահմանամերձ, լեռնային կամ բարձրլեռնային բնակավայրեր, նախարարությունը մանկավարժներ չի գործուղել: