Անօրինական արգելք

28/03/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Կենսաթոշակային իրավունք

Սոցիալական իրավունքների շարքում առանձնակի կարեւորվում է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքը: Կենսաթոշակները մեր երկրում դեռեւս բավական ցածր են՝ չնայած մոտ 60 տոկոսով բարձրացել են: Միաժամանակ, պարզվում է, որ կային օրենքներ, որոնք հակասահմանադրական կերպով ու օրենքի ուժով նպաստում էին որոշ քաղաքացիների կենսաթոշակների չբարձրանալուն: Արգելափակոցի պես ցցվում էին կենսաթոշակի եւ մարդու բարեկեցության միջեւ ու փակում իրավունքի ճամփան:

Օրենքի երկու համանման դրույթ հայտնաբերել ու ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը Սահմանադրական դատարանում վերջերս վիճարկել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Խոսքը վերաբերում է ԱԺ կողմից 2002թ. նոյեմբերի 19-ին ընդունած եւ 2003թ. ապրիլի 10-ից ուժի մեջ մտած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերին: Օրենքով եւ օրենքի վերոհիշյալ մասերով սահմանվում է. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ անհատական հաշվառման բազայի ձեւավորումը՝ ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է, իսկ 1992թ. հունվարից սկսած՝ նաեւ սոցիալական վճարումներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Պահանջվող՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում: Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն՝ տասը տարվա ստաժից ոչ ավելի»: Ստացվում է, որ եթե մարդը, ասենք, 40 տարվա աշխատանքային ստաժ ուներ, բայց դրանից աշխատանքային գրքույկով հաստատվում էր միայն 25 տարվա ստաժը, օրենքն արգելում էր մնացած 15 տարվա ստաժը վերականգնել դատական կարգով: Կամ, եթե մարդը 40 տարվա ստաժ ուներ, բայց աշխատանքային գրքույկով հաստատվում էր միայն 5 տարվանը, ապա դատական կարգով կարող էր հաստատվել միայն 10 տարվա ստաժը, իսկ մնացած 25 տարվա աշխատանքը օրենքի ուժով պարզապես անտեսվում էր: Այսինքն՝ մարդը միանգամայն իրավացի կլիներ, եթե Մկրտիչ Արմենի հերոսի նման հուսահատված բացականչեր. «Հըբը կյանքս ինչի՞ անցավ»:

Դատական պաշտպանության իրավունք

ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու իրավունք»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվում են կենսաթոշակի նշանակման համար կիրառվող գործակիցները, որտեղ կարեւոր նշանակություն է տրվում ապահովագրական ստաժին: Հետեւաբար, նույն այդ օրենքով սահմանվող՝ ստաժի հաստատմանը վերաբերող ժամկետի սահմանափակումը եւ պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում մնացած ստաժի դատական հաստատման արգելքը խախտում էր Սահմանադրությամբ ամրագրված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից յուրաքանչյուրի օգտվելու սահմանադրական իրավունքը:

ՍԴ-ում որպես պատասխանող հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչը եւ համաձայնեց, որ բարձրացված հարցը հիմնավոր է: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ Սահմանադրության առանձին դրույթների անհամապատասխանության խնդրի առկայությունն ակնհայտ է: Օրենքի վերոհիշյալ դրույթները հակասում են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետին ու 13-րդ հոդվածին: Փաստորեն, օրենքով սահմանափակվել էր քաղաքացիների՝ կենսաթոշակային իրավունքների պաշտպանության նպատակով դատական պաշտպանության դիմելու իրավունքը:

Ստաժն ու կենսաթոշակի չափը

Օրենքն ամրագրում է պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրության սկզբունքը: Ամրագրում է նաեւ կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման եւ վճարման ապահովման սկզբունքը: Ըստ օրենքի՝ կենսաթոշակի չափը պայմանավորվում է կատարված ապահովագրական վճարումներով եւ ապահովագրական ստաժի տեւողությամբ: Ապահովագրական կենսաթոշակի իրավունք է վերապահվում միայն այն անձանց, ովքեր կատարել են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ: Մասնավորապես, ապահովագրական տարիքային կենսաթոշակի իրավունքը վերապահվում է 63 տարին լրացած անձանց՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

Իսկ երբ քաղաքացին զրկվում էր փաստացի ապահովագրական ստաժը հաստատելու հնարավորությունից, օրենքի տրամաբանությունը խախտվում էր, որովհետեւ հնարավոր է, որ մարդը փաստացի կատարել էր ապահովագրական վճարումներ, սակայն համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով զրկվում էր այդ վճարումների կատարմամբ պայմանավորված չափով կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:

Միասնական բազա

Ներկայումս, օրենքի պահանջով, ձեւավորվում է կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառման տվյալների միասնական բազա: Այդ բազայի տվյալներն օգտագործվում են կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու, վերահաշվարկելու, վճարելու համար: Անհատական հաշվառման բազայի ձեւավորումից հետո քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժը հաշվարկվում է բազայի տվյալների հիման վրա: Իսկ բազայի ձեւավորումից առաջ քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժը հաշվարկվում է համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Այդ փաստաթղթերն են աշխատանքային գրքույկը, իսկ 1992 թվականի հունվարից սկսած՝ նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Ապահովագրական ստաժի հաստատման խնդիր կարող է առաջանալ մինչեւ անհատական հաշվառման տվյալների բազայի ստեղծումը ձեռք բերված աշխատանքային ստաժի կապակցությամբ:

Ապահովագրական ստաժը՝ իրավաբանական փաստ

Ապահովագրական ստաժն այն իրավաբանական փաստն է, որի հիման վրա ծագում է ապահովագրական կենսաթոշակի իրավունքը, եւ որը, օրենքի համաձայն, ենթակա է դատարանի կողմից հաստատման: Ստացվում է, որ օրենսդիրը աշխատանքային ստաժը հաստատելու իրավասությունը վերապահել էր դատարանին, սակայն, միաժամանակ, օրենքի վիճարկվող դրույթներով այդ իրավասության իրականացումը ենթարկել էր ձեւական հիմքով սահմանափակումների՝ անձին զրկելով իր իրավունքի ծագման համար անհրաժեշտ իրավաբանական փաստը հաստատելու նպատակով դատարան դիմելու եւ դատարանին՝ օրենքով վերապահված իր իրավասությունն արդյունավետ ու լիարժեք իրականացնելու հնարավորությունից:

Ուղղակի սահմանափակում

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են ոչ միայն Սահմանադրության 18 հոդվածին, այլեւ՝ ուրիշ հոդվածների պահանջներին: Օրինակ՝ Սահմանադրության 37 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով»:

Հետեւաբար, ՀՀ Ազգային ժողովին է պատկանում կենսաթոշակների ծավալներն ու ձեւերը, դրանց նշանակման պայմաններն ու կարգը սահմանելու լիազորությունը: Կենսաթոշակի նշանակման պայմանները բավարարելու դեպքում անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք, իսկ պետության վրա դրվում է այդ իրավունքի իրականացումն ապահովելու պարտականություն: Քաղաքացուն զրկելով իր ունեցած փաստացի ապահովագրական ստաժը հաստատելու հնարավորությունից՝ օրենսդիրն ուղղակիորեն սահմանափակում էր նրա կենսաթոշակի իրավունքը: Փաստորեն, հնարավորություն չունենալով ապացուցել պահանջվող 25 տարվա ստաժը գերազանցող ապահովագրական ստաժի առկայությունը, քաղաքացին զրկվում էր ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:

Անհավասար դրություն

ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն ամրագրում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը: Պետության պարտականությունն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները: «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հնարավորություն չեն տալիս անձանց, որոնց ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են, հավասարապես օգտվել այն իրավունքից, որից օգտվում են ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթուղթ ունեցողները: Այսպիսով, անհավասար դրություն էր ստեղծվում փաստացի միեւնույն ապահովագրական ստաժն ունեցող քաղաքացիների միջեւ:

Առանց սահմանափակման

Ելնելով գործի քննության արդյունքներից՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 37 հոդվածներին հակասող ու անվավեր: 2008թ. հունվարի 29-ին ընդունված եւ ուժի մեջ մտած այս որոշումը տարածվում է նաեւ դրան նախորդող իրավահարաբերությունների վրա:

Այսուհետեւ՝ ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիները դատական կարգով կարող են հաստատել իրենց փաստացի ստաժը՝ առանց որեւէ ժամկետային սահմանափակման: