Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք պաշտպանում եւ աջակցում ենք խոսքի ազատությանն ու լրագրողների ազատությանը: Բոլորն էլ իրավունք ունեն հայտնելու իրենց կարծիքը, եւ ընդսմին ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողների աշխատանքին եւ նրանց խանգարել հայտնելու իրենց տեսակետները: Այդ իրավունքը չունի ոչ կառավարությունը, ոչ էլ առանձին քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք լրագրողների դեմ ձեռնարկված գրոհը, մանավանդ այն ժամանակ, երբ նրանք իրենց աշխատանքն են կատարում»,- ասել է Բրայզան: Վերջին ժամանակներս Վրաստանի միավորված ընդդիմության առանձին առաջնորդների կողմից վիրավորական հայտարարություններ են հնչում վրացի լրագրողների հասցեին: Հիշեցնենք, որ ընդդիմության ղեկավարներից Լեւան Գաչեչիլաձեն եւ Գեորգի Խաինդրավան հրաժարվում են շփվել որոշ հեռուստաընկերությունների լրագրողների հետ եւ հաճախ վիրավորական հայտարարություններ են անում նրանց հասցեին: