Ժողովրդական բուժօգնության միջոցներ մեջքի ցավերի դեպքում

28/03/2008

Որպես կանոն, մինչեւ բժշկի գնալը, մենք փորձում ենք ցանկացած գանգատի դեպքում դիմել ժողովրդական բժշկության միջոցներին:

Ահա դրանցից մի քանիսը.

Մայիսյան կեչու բողբոջից պատրաստված թուրմ

Ապրիլի վերջին կեչու մի քանի չբացված ճյուղեր պոկել ու պահել մութ ու չոր տեղում: Ճյուղերը չորանալուց հետո պոկել բողբոջները եւ լցնել կտորի տոպրակի մեջ: Հետո 1 ճաշի գդալը 4 բաժակ եռացրած ջրի հարաբերությամբ եռացնել 30 րոպե, թողնել, որ սառչի: Թուրմը քամել եւ խմել օրը 3 անգամ, 1 բաժակից: Այն շատ լավ օգնում է ռեւմատիզմի, օստեոխոնդրոզի ու պոլիարտրիտի ժամանակ:

Երիցուկի տերեւներով ու ծաղիկներով լոգանք

100 գր. դեղաբուսային երիցուկը 2 լիտր եռացրած ջրով պատրաստել թուրմ, ապա այդ թուրմով պատրաստված վաննա ընդունել: Այս լոգանքը ցուցված է օստեոխոնդրոզի դեպքում:

Թրթնջուկի արմատների թուրմը

1 ճաշի գդալ թարմ թրթնջուկի աղացած արմատները կես բաժակ ջրով եռացնել 15 րոպե: Թրմել 2 ժամ ու քամել: Խմել օրը 3 անգամ 2 ճաշի գդալ ուտելուց առաջ: Խորհուրդ է տրվում գոտկային ցավերի դեպքում: