Ղարաբաղի գյուղատնտեսությունն էքստենսիվ է

13/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Խոսելով վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում
կատարված փոփոխությունների մասին` նա փաստեց, որ 2004 թվականին
գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 21,7 մլրդ դրամ, որը 2000
թվականի համեմատ աճել է 61,8%-ով (2000-ին այն կազմել է 13,4 մլրդ դրամ):
Համախառն արտադրանքի հիմնական մասը բաժին է հասել բուսաբուծությանը:
Բուսաբուծության համախառն արտադրանքը, որը 2000 թվականին կազմում էր 7,1
մլրդ դրամ` 2004-ին արդեն 14,1 մլրդ դրամ էր: Գյուղատնտեսության ընդհանուր
համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության տեսակարար կշիռը կազմում է 65%:
Աճը, նախարարի խոսքերով, արձանագրվել է հիմնականում էքստենսիվ միջոցների
շնորհիվ: Համեմատության համար նախարարը մատնանշեց այն փաստը, որ 2000թ.
Ղարաբաղում մշակվում էր 34.665 հա, իսկ 2004-ին` 64.286 հա հողատարածք:

Գյուղատնտեսության ոլորտում մեծ դեր ունի նաեւ ոռոգման համակարգը:
Նախկինում Ղարաբաղում կար հստակ գործող ոռոգման համակարգ. օգտագործվում
էին Սարսանգի, Խաչենի, Հիլիսի ջրամբարները, կառուցված էին մի շարք փոքր
ջրամբարներ եւ արտեզյան 350 ջրհոր, բազմաթիվ աղբյուրներ, որոնց միջոցով
ջրվում էր 25.000 հա հողատարածք, որի մեծ մասը խաղողի այգիներ էին: Վահրամ
Բաղդասարյանի տեղեկատվությամբ, ներկայումս Ղարաբաղում պայմանական ոռոգվող
տարածքները կազմում են 2-3000 հեկտար, որոնց ոռոգումը կատարվում է
գետերից, որոնք ամռանը բնականաբար կորցնում են ջրի քանակությունը:
Կարեւորելով ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները, նախարարը
տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ոռոգման համակարգի զարգացման համար
նախատեսված է 500 մլն դրամի ներդրում: Աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի,
Վարանդայի, Իշխանագետի ջրամբարների, Մարտակերտի, Մեծ Շեն եւ Մաղավուզ
գյուղերի ջրամատակարարման խողովակների շինարարության ուղղությամբ:

Հայտնի է, որ Ղարաբաղը նախկինում ագրարային երկիր էր. այստեղ զբաղվում էին
ոչ միայն խաղողագործությամբ ու հացահատիկի արտադրությամբ, այլեւ`
անասնապահությամբ: Թեեւ պատերազմն արդեն վաղուց ավարտվել է, սակայն դեռեւս
կան ականապատված կամ կասկածելի տարածքներ, որտեղ վտանգավոր է իրականացնել
գյուղատնտեսական աշխատանքներ: Ականազերծման աշխատանքները` համապատասխան
ընկերությունների ջանքերով՝ այստեղ դեռ շարունակվում են:

Ներկայումս, գյուղնախարարի խոսքերով, լուրջ խնդիրներ կան անասնապահության
բնագավառում, եւ անասնապահական տարածքներն օգտագործվում են ոչ
արդյունավետ: «Համեմատելով 1985 եւ 1995 թվականների արդյունքները`
արձանագրում ենք անասնագլխաքանակի եւ անասնապահական մթերքների
արտադրության կտրուկ նվազում: Մասնավորապես` խոշոր եղջերավոր անասունների
գլխաքանակը 1985-ի համեմատ 1995-ին կրճատվել է 64.500-ով, խոզերինը`
84.000-ով, մանր եղջերավոր անասուններինը` 250.000-ով: Երեւույթը զգալի
բացասական ազդեցություն է ունեցել անասնապահական ճյուղի վրա»,- փաստեց ԼՂՀ
գյուղատնտեսության նախարարը: Նա միաժամանակ նկատեց, որ 1995-2004թթ. այս
բնագավառում որոշակի աճ է գրանցվել: Խոշոր եղջերավոր անասունների
գլխաքանակն ավելացել է 1,33 անգամ, խոզերինը` 1,25 անգամ, թռչուններինը`
ավելի քան 10 անգամ: Վերջինիս աճը հիմնականում պայմանավորված է
թռչնաբուծական ֆերմայի կառուցմամբ: 2000 թվականի համեմատ 2004-ին կաթի
արտադրությունն աճել է 86%-ով:

«Խնդիր կա նաեւ մսամթերքի վերամշակման բնագավառում: Այս ուղղությամբ լուրջ
աշխատանքներ են կատարվում: Արդեն պայմանավորվածություն կա «Պողոսյան
Գերդաստան» արտասահմանյան ընկերության հետ, որը նախատեսում է կառուցել մսի
վերամշակման եւ խտացված կերի արտադրամասեր»,- նշեց գյուղնախարարը:

Արցախում կրճատվել են նաեւ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
Եթե 1985 թվականին Ղարաբաղում կերային մշակաբույսեր ցանելու համար
օգտագործվում էր 32.000 հա տարածք, ապա 2004-ին այն կազմել է ընդամենը 96
հա (կրճատվել է ավելի քան 300 անգամ):

Արդեն պատրաստ է գյուղատնտեսության զարգացման 2006-2010թթ. ծրագիրը, որը
պետք է քննարկվի կառավարությունում: Գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանը՝
խոսելով այդ ծրագրի մասին` մանրամասնեց. «Մեր կանխատեսմամբ 2010 թվականին
գյուղատնտեսության արտադրության ծավալը կկազմի 35 մլրդ դրամ:
Շրջանառության մեջ կգտնվի մոտ 80.000 հեկտար հողատարածք, որոնցից 65.000-ը
կօգտագործվի հացահատիկային կուլտուրաների համար: Ակնկալվում է
բերքատվության միջին ցուցանիշը հասցնել 22-24 ցենտների»:

2004 թվականին Ղարաբաղի բնակչությունը լրիվությամբ ապահովված էր սեփական
արտադրության հացահատիկով, կարտոֆիլով եւ խաղողով: Մսամթերքի պահանջարկը
բավարարված էր 47%-ով, ձվինը` 52%-ով, բանջարեղենինը` 61%-ով, հատապտղինը`
ընդամենը 4%-ով, մշակաբույսերինը (ձմերուկի հաշվին)` 107%-ով: 2010-ին,
ըստ նախարարի կանխատեսումների, արցախցիները 100%-ով ապահովված կլինեն նաեւ
մսամթերքով, բանջարեղենով: Ղարաբաղում հացահատիկ կարտադրվի 4,5 անգամ
ավելի, քան հիմա: Հատապտղի հանդեպ մեր պահանջարկը կբավարարվի 50-60%-ով,
իսկ խաղողի արտադրությունը կհասցվի 22.000 տոննայի: