Մարտունիում հաշմանդամներն անտեսված են

28/03/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

69-ամյա Ռոզա Խաչատրյանը կաթվածի պատճառով, արդեն 15 տարի է, գամված է անվասայլակին: Նա այս 15 տարիների ընթացքում չի մասնակցել հասարակական կյանքին, երբեւէ իրենց բակից դուրս չի եկել, անգամ չի այցելել իր հարազատներին, չի մասնակցել որեւէ միջոցառման, նաեւ չի կարողացել իրականացնել ընտրելու իր իրավունքը եւ չի մասնակցել որեւէ ընտրության:

«Հիվանդության սկզբնական տարիներին, երբ դեռ դժվարությամբ կարողանում էր քայլել, պարտադիր գնում էր ընտրություններին, չէր ուզում զրկվել իր ձայնից: Բայց հետագայում դա անհնար դարձավ, նախ` էս քանդված, դարուփոս փողոցներով սայլակով ընտրատեղամաս չենք կարող հասնել, հետո էլ ընտրատեղամաս մտնելու համար պիտի բարձրանանք աստիճաններով»,- ասում է տիկին Ռոզայի դուստրը` Փառանձեմ Խաչատրյանը:

Քանի որ երկար տարիներ տիկին Ռոզան չի մասնակցել ընտրություններին, արդեն երկու տարի է, նրա անունն այլեւս չի ընդգրկվում ընտրացուցակներում: Եվ այժմ տիկին Ռոզան ավելի հանգիստ է, քանի որ գիտի, որ ինքը պարզապես զրկված է ձայնի իրավունքից, այլ ոչ թե ինքնակամ չի մասնակցում ընտրություններին: Հիվանդության 15 տարիների ընթացքում նա նաեւ համակերպվել է այն մտքին, որ երբեւէ փողոց չպիտի դուրս գա, չպիտի զրույցի բռնվի հարեւանների հետ ճամփեզրի ծառի շվաքի տակ: «Ուզած-չուզած մարդ ամեն ինչի էլ համակերպվում է: Ախր ո՞ւր հանենք, համ ինքն իրեն վատ կզգա, համ էլ մարդիկ պիտի ասեն, թե մեր հիվանդին չենք նայում, հանել-գցել ենք փողոցները»,- նշում է Փառանձեմ Խաչատրյանը:

Ռոզա Խաչատրյանը, սակայն, ընդամենը մեկն է 5355 հաշմանդամներից, ովքեր բնակվում են Մարտունու տարածաշրջանում: Մարտունու փողոցներում երբեւէ չենք կարող անվասայլակով կամ կույր մարդու տեսնել: Ուստի շատ մարտունեցիներ համոզված են, որ Մարտունիում պարզապես նման մարդիկ չկան: Սակայն իրականությունը բոլորովին այլ է: «Մարտունիում հաշմանդամներ շատ կան, սակայն նրանք կտրված են հասարակությունից: Նրանց ինտեգրումը հասարակությանը զրոյական մակարդակի վրա է: Մի անգամ Մարտունիում հաշմանդամ մարդկանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել, միայն տեսնել էր պետք, թե ինչ հրաշալի աշխատանքներ կային: Մինչդեռ այդ մարդիկ կտրված են հասարակությունից, նրանց մասին ոչ ոք չգիտի, խախտված են նրանց շատ իրավունքներ»,- ասում է Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյանը:

Ըստ տիկին Գեւորգյանի, Մարտունիում հաշմանդամների հիմնական խնդիրը կրթություն ստանալն է եւ հասարակության մաս կազմելը: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանցից շատերը կուզենային, որ մի կենտրոն լիներ, որտեղ կկարողանային հավաքվել, շփվել միմյանց հետ, տարբեր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակել: Հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամների համար հաճախ անհասանելի է նաեւ բժշկական օգնությունը: Հիվանդանոցում չկա վերելակ, իսկ աստիճաններով վեր բարձրանալը մեծ խոչընդոտ է նրանց համար: Անգամ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը (ԲՍՓՀ), որտեղ հաշմանդամ մարդիկ պարբերաբար փորձաքննության են ենթարկվում, տեղակայված է երրորդ հարկում: Գեղարքունիքի թիվ 2 ԲՍՓՀ նախագահ Աշոտ Անտոնյանը նշում է, որ հենաշարժական խնդիրներ ունեցողներին զննելու համար նրանց տուն է այցելում, կամ էլ երբեմն «բերում են, իջնում ներքեւում` մեքենայի մեջ եմ ստուգում, կամ հիվանդանոցի այլ բաժանմունքում»:

Մարտունիում շատերը չեն էլ մտածում, որ հաշմանդամ մարդիկ եւս կարող են մասնակցել մշակութային միջոցառումների, հասարակական հավաքների:

Երբ Մարտունու սոցիալական եւ ընդհանուր հարցերի բաժնի պետ Պապին Եղոյանին հարցրինք, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվում հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու համար, նա պատասխանեց. «Սոցիալապես օգնում ենք մեզ դիմողներին, ձմռանը վառելանյութ ենք տրամադրում, երբեմն գումար ենք հատկացնում, այլ միջոցառումներ չեն ձեռնարկվում»: Պարոն Եղոյանը նաեւ նշեց, որ վերանորոգվող մշակույթի պալատում նախատեսված է նաեւ թեքահարթակ կառուցել: «Բայց հանդիսությունների սրահը 2-րդ հարկում է, միեւնույն է` չեն կարողանա դահլիճ հասնել: Եթե դրսից դիտեն, ավելի շատ բան կտեսնեն, քան թե առաջին հարկից միայն լսեն»,- նկատեց նա:

Մարտունիում չգտանք գոնե մեկ կազմակերպություն, որը կզբաղվեր հաշմանդամների խնդիրներով, որը կփորձեր նրանց ինտեգրել հասարակությանը: Հասարակության վերաբերմունքն էլ խոչընդոտում է այդ պատնեշի վերացմանը: Մարդիկ այնքան են տարված առօրյա հոգսերով, որ չեն էլ ուզում տեսնել իրենց դիմացինի խնդիրները, օգնել միմյանց: Հարցին, թե ինչո՞ւ են հաշմանդամները կտրված հասարակությունից, շատերը պատասխանում են. «Ամեն մարդ իր խաչն ա քաշում, հազիվ ենք գոյատեւում: Էդ էլ իրանց խաչն ա, իրանց ճակատագիրը»: