Զբոսաշրջության կենտրոն` պոլիկլինիկայի շենքում

28/03/2008

Ստեփանակերտի պոլիկլինիկայի նախկին շենքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն կառուցել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ բաժնետեր Սերգեյ Շահվերդյանի խոսքով` արդեն մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: Նրա հավաստմամբ, հին շենքն ամբողջությամբ կպահպանվի, եւ այնտեղ տեղակայված կլինի զբոսաշրջության զարգացման գործակալությունը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Շենքը կունենա նաեւ ցուցասրահներ եւ զբոսաշրջության համար անհրաժեշտ հաստատություններ: «Karabakhopen»-ի փոխանցմամբ` կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են հիմնականում ռուսաստանաբնակ հայերի ներդրումների հաշվին, ավարտին կհասցվեն 1.5 տարի հետո: Ընկերության կողմից կբարեկարգվի նաեւ շենքին հարակից պուրակը, որտեղ նախատեսվում է տեղ հատկացնել «Վերնիսաժի» համար, որտեղ արցախցի արվեստագետները կկարողանան ցուցադրել եւ վաճառքի հանել իրենց ստեղծագործությունները: