«Փակվել ենք մեր պատյաններում»,- ասում է Շուշան Պետրոսյանը

28/03/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այդ ուշադրությունը հաճելի ուշադրություն չէ, այն վիրավորական ու նվաստացուցիչ է երգչուհու համար։ Իմանալով Շուշան Պետրոսյանի պրոֆեսիոնալիզմն ու մարդկային կեցվածքը, կարելի էր ենթադրել, որ նա կհակադարձի իրեն «դավաճան» ասողներին, սակայն նա գերադասում է լռել։ «Եթե փորձես արձագանքել, կասեն՝ ըհը, արդարանում է, եթե լռես, կասեն՝ ըհը, վախից լռում է»,- ասում է նա։

Յուրաքանչյուր մարդ ազատ է համարվում, մինչ այն պահը, երբ դեռ որոշում չի կայացրել։ Իսկ երբ որոշում է կատարել, կրելու է այդ որոշման եւ՛ դառը, եւ՛ քաղցրահամ պտուղները։ Այս օրերին բոլորս էլ զգում ենք մեր որոշումների հետեւանքները։ Քայլելով քաղաքի փողոցներում, նայելով մարդկանց աչքերին՝ հասկանում ենք, որ յուրաքանչյուրս էլ բազմաթիվ գլոբալ ու անպատասխան հարցեր ունենք։ Եվ բոլորս էլ անպաշտպան ենք։

– Շուշան, զգո՞ւմ ես, որ հիմա ոչ ոք իրեն պաշտպանված չի կարող զգալ։

– Այսօր հասարակության մեջ երկու սարսափելի բան կա. հավատի կորուստը (ոչ միայն հոգեւոր, այլ ընդհանրապես՝ հավատի) եւ անտարբերությունը։ Անձամբ ես երբեք անտարբեր չեմ եղել, միշտ փորձել եմ արձագանքել՝ ինչ գնով էլ որ լինի։ Եղել են համերգներ, որոնց ժամանակ ես ոչ միայն երգել եմ, այլեւ՝ ինտերակտիվ հարց ու պատասխանի մեջ եմ մտել հանդիսատեսի հետ։ Միշտ էլ անկեղծորեն պատասխանել եմ բոլոր հարցերին։ Երբ լռում ես, անտարբերությունը կուտակվում է, եւ ստացվում է, որ քննարկումներն ու բանավեճերը միայն նեղ շրջանակներում՝ երկու կամ երեք հոգով կարելի է վարել։ Ոչ մեկը անձնական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցածի համար ու ավելի լայն արձագանք չի ակնկալում։

– Որովհետեւ գիտեն, որ բողոքն անարդյունք է։

– Մեկ անգամ կարող է անարդյունք լինել, բայց երրորդ կամ չորրորդ անգամ հո չի՞ կարող արդյունք չտալ։ Ինչպե՞ս կարելի է ձեռքերը ծալել ու ասել՝ դե լա՜վգ Ազնիվ մարդը ասում է՝ «Է՜», եւ այդպես էլ մնում է մենակ՝ իր ազնիվ մտքերի հետ։ Կարելի է, իհարկե, մտնել սեփական «պատյանի» մեջ ու սպասել։ Բայց ինչի՞ սպասել։ Սպասել, մինչեւ հիվանդությունն ինքն իրեն սպիանա՞։ Դա ելք չէ, դա բուժում չէ։

– Ըստ քեզ՝ ի՞նչ է պետք բուժվելու համար։

– Պետք է սկսել խոսել իրար հետ։ Երբ իմ անձին վերաբերող վիրավորանքներ եմ լսում, մտածում եմ՝ ես նույն մարդն եմ, նույն երգչուհին եմ, երգելու եմ այնքան, որքան կարողանալու եմ երգել, իմ մասին չէ խոսքը։ Ես ավելի գլոբալ եմ մտածում ու բնավ էլ «ձեւեր չեմ թափում»։ Ես ուզում եմ, որ տարբեր «բանակի» մարդիկ իրար հետ խոսել կարողանան։ Տարբեր խմբավորումների միջեւ պետք է ինչ-որ կապ ստեղծել, կամուրջներ կառուցել։ Ավելի շուտ այդպիսի կամուրջներ ստեղծողներ են պետք, որովհետեւ միայն կառավարությունից պահանջել չի կարելի։ Կառավարությունը մեզ նման մարդկանցից է կազմված, կապ չունի` լա՞վ, թե՞ վատ մարդիկ են, բայց մարդիկ են, չէ՞։

– Իշխանությունները՝ մեր հանրապետության կառավարիչները, նախարարներն ի՞նչ պետք է անեն, որ հասարակությունը զգա, որ իր հետ պատրաստ են խոսել։

– Թող մեկ-մեկ իրենց կաբինետներից դուրս գան, ազատվեն իրենց մեքենաներից ու շրջեն քաղաքում, շփվեն մարդկանց հետ։ Առակներ են, չէ՞, մեզ հասնում, որոնք պատմում են, թե ինչպես են թագավորները ծպտված դուրս գալիս իրենց պալատներից ու սկսում են մարդկանց հարցնել՝ ինչպե՞ս եք ապրում։ Թերեւս դրա պակասը կա։ Իշխանավորներն իրենց զավակներին, իրենց ընտանիքներն ու իրենք իրենց ստերիլիզացված են պահում։ Միայն մեր քաղաքի մեքենաների քանակը տես։

– Երբ տեսնում ես, որ քո ձայնն արժեք չունի, մտածում ես, որ լավ կլինի «բանի տեղ չդնել» անօրինությունը։

– Ես երբեք այդպես չեմ մտածել։ Ասեմ, որ ես առանձնապես մեծ հիացմունքով չեմ կարող խոսել մեր Ոստիկանության աշխատողների, մանավանդ՝ ճանապարհային ոստիկանների մասին։ Մենք բոլորս մերվել ենք այն իրավիճակի հետ, որը կա մեր փողոցներում։ Պետք չէ մերվել, պետք չէ կաշառք տալ իրավապահին, հարկավոր է կռիվ տալ, աղմուկ հանել։ Անտարբեր ենք դարձել՝ մոռանալով, որ մեր ձեռքում էլ շատ լծակներ կան։ Եվ թող մի 18 տարեկան որեւէ մեծահարուստի տղա, որը մեծ-մեծ մեքենա է վարում ու խախտում է օրենքները, մի օր պատժվի։ Եվ պատժողը կարող է հասարակությունը լինել, հասարակությունը պետք է քայլեր անի, օրինակ, բռնի ու սաստի այդ տղային։ Մեր լռությունն ու անտարբերությունն ավելի են լկտիացնում այդ տղայի նմաններին։ Ժողովուրդը պետք է կարողանա թելադրել իշխանություններին իր կարծիքը։ Չեմ կարծում, որ իշխանությունները հաշվի չեն նստի մեզ հետ։ Ես իմ տղային միշտ ասում եմ՝ թույլ չտաս, որ քո դասարանցիներից որեւէ մեկը, ով հարուստ ընտանիքից է, քեզ վրա հանկարծ ձեռք բարձրացնի։ Դու պիտի կռիվ տաս, չհարմարվես։

– Իսկ ինչպե՞ս կարող ես բացատրել քո որդուն, թե գարնանային առաջին օրերին կատարվածն ինչո՞ւ սկսվեց։

– Կարելի է սկսել սկզբից, Հիսուսի պատգամներից, պատմել գայթակղությունների մասին, ասել, որ փողն ու իշխանությունը երբեք չեն կարող որոշիչ լինել, որ կա ուրիշ հարստություն, որը Աստծո խոսք է կոչվում։

– Հիմա փողը չի մոլորեցնում, մարդիկ իրենց մոլորված են զգում, քանի որ ամեն օր հարցեր են տալիս իրենք իրենց ու գիտեն, որ իրենց խոսքը ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող։ Կա մի երգիչ, ով երգում էր Օպերայի հրապարակում, եւ նրան «պատժեցին» այդ վայրում երգելու ցանկության համար։ Նրան այդպես են պատժել, իսկ քեզ՝ այլ կերպ։

– Կարծում եմ՝ հիմա է պետք երգել։ Հիմա, երբ համընդհանուր հիստերիա կարող է սկսվել։ Տարօրինակ է, երբ մի «բանակի» մարդիկ մեղադրում են մյուս «բանակի» մարդկանց։ Բոլորս էլ հայ ենք, ու այս քաղաքում ենք ապրում։ Այս ի՞նչ բանակների ենք բաժանվել։ Ես հարգում եմ դիմացինիս մտածելակերպը, նրա մտքի թռիչքն ու ազատությունը, թույլ չեմ տա ասել, որ նա, ով ինձ նման չի մտածում, իմ ընդդիմադիրն է։ Ընդդիմությունը քաղաքական տերմին է (իսկ ես քաղաքականություն չեմ սիրում)։ Ես երգել եմ իմ ընտրած նախագահի համար, եւ ո՞վ իրավունք ունի ինձ դրա համար պատժելու, լուտանքներ թափելու ինձ վրա։ Ինչո՞ւ է մարդկանց թվում, որ եթե ես արտիստ եմ, ուրեմն ամեն գիշեր երկնքից մանանա է թափվում գլխիս, ու ես առավոտը երջանիկ արթնանում եմ։ Այդպես չէ։

– Որեւէ երգ-ակցիա կազմակերպելու մտադրություն չկա՞։

– Եթե երգ լինի, ակցիա էլ կլինի։ Հիմա համերգներ չկան, որովհետեւ քաղաքի տրամադրությունն է վատ։ Մեր քաղաքը հիվանդ է։ Մարդիկ համերգներ չեն անում, որովհետեւ «սիրտ» չունեն, ամաչում են, վախենում են։ Բայց կյանքը շարունակվում է, մեր երեխաները մեծանում են։ Ամենից շատ սիրո կորստի համար եմ ցավում։ Զգում եմ, որ հարաբերությունները լարված են, մարդիկ չարությունից ուղղակի կուրացել են։