Հայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ու խիստ ազդեցիկ մի մշակույթի ու մտածելակերպի վրա, որը մեզ գրեթե անծանոթ է։
Չինաստանը անվանում են Երկնատակ, եւ ըստ չինական փիլիսոփայության՝ հենց Երկնատակում (եւ ոչ թե Երկնքում) պետք է բնակվեն անկատար մահկանացուները, որոնք կատարելության հասնելու համար պետք է ձգտեն կրկնօրինակել համաչափ ու հավասարակշռված Երկինքը։ Որպեսզի այդ բառերը սոսկ բառեր չմնան, հերիք է նայել չինական բրոնզե արձանիկներին, գինի կամ ցորեն պահպանելու համար նախատեսված անոթներին, ծիսական սափորներին ու սկուտեղներին, լապտերներին ու զանգակներին, որոնք ցուցադրվում են Պատմության թանգարանում։ Դրանցից յուրաքանչյուրը մի շարունակական ուղերձ է, որը կապում է անցյալն ու ապագան, վեհն ու առօրյան։ Եվ ամենակարեւորն այն է, որ հաշտեցնում ու խաղաղում է անկատար մարդու հոգին, քանի որ մարդն իրեն զգում է այնպես, ինչպես կարող է զգալ անապատի մի փշուր ավազը կամ էլ հոսող գետի մի կաթիլը։ Փոքր մի մասնիկ, առանց որի կանգ կառնեին գետերն ու կվերանար ցամաքը։ Գրեթե բոլոր չինական բրոնզաձույլ գործերն իրենց մեջ հիերոգլիֆագիր վկայություն են պարունակում, կամ ներկայացնում են օրենքները, կամ էլ արարողակարգային ու ծիսական արձանագրություններ են փոխանցում։ Բարձր արվեստի նմուշներ լինելուց բացի, չինական բրոնզաձույլ արձանիկները նաեւ փաստաթղթեր են։ Պաշտոն շնորհելը կամ սեփական տոհմի նվաճումը վավերացնելն ուղղորդվել է նման անոթ-փաստաթղթի շնորհումով։ Մարդիկ ստեղծել են իրենց ժամանակի պատկերը, նկարագրել են օրենքներն ու մեջբերել օրենսդրության հատվածները ամենօրյա կիրառում ունեցող իրերի վրա։ Կրակարան-կաթսայի վրա, օրինակ, պատկերել են պատժված մի ստրուկի ու փորագրել են Քրեական օրենսգրքից մի հատված։ Ցուցահանդեսի կապակցությամբ տպագրված բուկլետում գրված է. «Ծիսական անոթների վրա պատկերված կենդանիների ու մարդկանց համաչափությունները իշխող չեն։
Պատկերավորման թեման, դիցուք, ոչ թե ձին է դառնում, այլ՝ վազքի վիճակը, ոչ թե պարողը, այլ՝ պարն իբրեւ վիճակ, ոչ թե լապտեր բռնած մարդը, այլ՝ նրանից բխող լույսը»։ Ծիսակարգերով լեցուն կյանքում Երկնքի որդին, այսինքն՝ Տիրակալը, պատասխան էր տալիս իր պետության ինքնազգացողության համար, նա էր կապում Երկինքն ու Երկնատակը։ Չինական բրոնզե անոթներից կարելի է ստանալ այնպիսի հանդարտ ու խաղաղ զգացում, որից հասկանալի է դառնում, որ մարդիկ պետք է հավատան իրենց տիրակալներին, որպեսզի կարողանան հավատալ նաեւ Երկնքին։ Եվ միայն այդպես կարող է ամեն բան իր տեղում հայտնվել։ «Չինացիները պարզապես իր կամ առարկա չեն ստեղծել, չեն արել «ստեղծագործություն», այլ՝ պատկերել են առարկայի էությունը, ու հետո լցրել այն բովանդակությամբ»,- ասում է Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը։
Երեւանում ցուցադրված բրոնզե իրերից ամենացայտունը Շի Ցզյան բրոնզե ափսեն է, որի վրա յոթ կայսրների նվաճումների արձանագրություններն են։ Յոթ տիրակալներ իրար ետեւից իրենց դրոշմն ու աղոթքն են թողել ափսեի վրա, պատմել են իրենց ընտանիքի մասին, հիշել նախնիներին ու ողորմություն եւ երջանկություն խնդրել Երկնքից։ Շատ նրբագեղ ու թռչնանման սիմվոլներով հագեցած այդ ափսեն կարծես հիշեցնում է, որ յուրաքանչյուր տիրակալ, նույնիսկ՝ ամենաքաջն ու հավակնոտը, միայն մեկ օղակ է այն շղթայում, որը կոչվում է՝ ժողովրդի պատմություն։ Չին տիրակալները հասկանում էին, որ պատմությունն իրենցից չի սկսվել եւ իրենցով չի ավարտվելու, իրենց մնում է միայն լավ կառավարել ու աղոթել, որպեսզի ժողովուրդն ընդունի իրենց կառավարումը։
5000 տարվա քաղաքակրթություն ունեցող Չինաստանը շատ զգուշորեն է պահպանում իր գանձերն ու երբեք իր պետության սահմաններից դուրս չի հանում այդ պատմական ու մշակութային գլուխգործոցները։ Աշխարհով մեկ շրջագայում են միայն նրանց կրկնատիպերը, իսկ օրիգինալները ցուցադրվում են Չինաստանի թանգարաններում։