Պետությունը ստիպում է կաշառք տալ

13/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Վարորդական վկայական ստանալու համար գործից տեղյակ մարդիկ երկու ճանապարհ
են ցույց տալիս՝ օրինական եւ անօրինական: Հանրապետության վարորդների միայն
10%-ն է օգտվում օրինական ճանապարհից՝ սա, բնականաբար, պետական
վիճակագրական տվյալ չի, սակայն այս մասին գիտեն բոլորը: Այնքան սովորական
բան է մեր իրականության համար, որ այդ մասին նույնիսկ հարկ չեն համարում
խոսել:

Բայցեւայնպես, օրինական ճանապարհը կա: Այդ ճանապարհով վկայական ձեռք
բերելու համար նախ պետք է հատել կյանքի 18 տարվա սահմանագիծը, դիմում
գրել, ներկայանալ համապատասխան ավտոդպրոց, որտեղ 45 աշխատանքային օրում
խոստանում են զինել ավտոմեքենայի շահագործման հետ կապված տեսական ու
գործնական գիտելիքներով եւ ճանապարհային երթեւեկության կանոններով, ինչը
կշնորհի ձեզ սիրողական վարորդի (B կատեգորիա) աստիճան, եւ դուք կկարողանաք
վարել թեթեւ մարդատար մեքենա: Դասընթացները վճարովի են՝ 8-12.000 դրամ՝
կապված տվյալ դպրոցի համար հաստատագրված վճարների կարգից: Եթե թեթեւ
մարդատար մեքենան ձեզ չի բավարարում, եւ ուզում եք նաեւ բեռնատար վարել,
պետք է ունենաք BC կատեգորիա, որի համար ձեզանից կպահանջվի 78-80
աշխատանքային օր: Ավտոդպրոցները տեսական գիտելիքներից բացի տրամադրում են
նաեւ մեքենաներ՝ գործնական պարապմունքների համար: Դրանք հիմնականում
սովետական արտադրության մեքենաներ են՝«Ժիգուլի», «Զիլ» կամ «ԿամԱԶ»:
Գործնական պարապմունքների համար սահմանված է կոնկրետ ժամկետ՝ օրական երկու
ժամ: Մեքենայի բենզալցումը սովորողի հաշվին է: Այս 45 կամ 80 օրը
բարեհաջող հաղթահարելուց ու քննություններ հանձնելուց հետո ձեզ տրվում է
համապատասխան վկայական, որը մեկ լուսանկարի եւ բժշկական տեղեկանքի հետ
միասին պետք է ներկայացնել Պետավտոտեսչություն, որտեղ կվճարեք 12.000
դրամ՝ վարորդական վկայականի բլանկի համար, եւ կվերաքննվեք՝ կստուգեն
գործնական վարման ձեր հմտությունն ու գիտելիքները փողոցային երթեւեկության
կանոններից, այս վերջին քննությունների համար կվճարեք 3000-ական դրամ: Եթե
քննություններն անհաջող հանձնեք, մեկ շաբաթ անց կարող եք կրկին կատարել
համապատասխան վճարումներն ու վերահանձնել քննությունները: Այսքանը
բարեհաջող անելուց հետո կստանաք վարորդական վկայական, որը մոտավորապես
արդեն հաշվեցիք ձեր վրա ինչ կարող է «նստել»:

Անօրինական ճանապարհով վարորդական վկայական ձեռք բերողները գումարային
տարբեր աստիճաններ են նշում՝ սկսած նվազագույն 150 դոլարից: Գումարի աճը
պայմանավորված է վկայականի կատեգորիայից եւ ձեռք բերման ժամկետներից:
Որքան արագ է պետք այդ վկայականը ստանալ, գումարն այդքան աճում է:
Անօրինական ճանապարհով վկայական ձեռք բերած մի վարորդ խուսափեց «գինը»
նշել՝ պատճառաբանելով՝ «Դուք գին թանկացնող եք, ինչքան շատ եք գրում ու
քննադատում, գներն այդքան շատ են բարձրանում»: Մեր հանրապետությունում
գործող վարորդների իրավունքների, վկայականների ձեռք բերման մասին
որոշումները Սովետական Միության ժառանգությունից են, վերջին որոշումներն
այս ոլորտում թվագրված են 1987 թվականին: Անօրինականությունների հիմնական
պատճառը նոր օրենսդրական դաշտի բացակայությունն է՝ պատճառաբանում են եւ՛
վարորդները, եւ՛ նրանց շահերի պաշտպանները: Օրինախախտումների շղթան
սկսվում եւ ավարտվում է ՀՀ Ոստիկանությունում: Նախ վարորդներ պատրաստող
համապատասխան դպրոցները Պետավտոտեսչությանը ներկայացնում են, թե տվյալ
ժամանակահատվածում քանի հոգի է ներկայացել դասընթացներին, ՊԱՏ-ը պարտավոր
է վերահսկել այդ ծառայությունները: Սակայն, ինչպես հավաստիացնում են
վարորդները, փոխադարձ համաձայնությամբ՝ ոչ մի հսկողություն էլ չի
կատարվում, որովհետեւ «ձեռնտու չի. միեւնույն է, եթե եւս երկու քննություն
ՊԱՏ-ին պետք է հանձնել վկայականը ստանալու համար, ու իրենք չուզենան քեզ
նշանակել, ստիպված ես կրկին փող «ֆռալ». ավտոմեքենա վարելը ճշգրիտ
գիտություն չի, միշտ էլ հնարավոր է «չեպե» գտնել»: Ընդհանրապես
ավտոտեսուչ-վարորդ հարաբերություններն այսպիսին են՝ եթե գործդ հասել է
ավտոտեսուչին, անկախ ամեն ինչից՝ պետք է փող տաս. վարորդների գերակշռող
մեծամասնությունն այսպես է վարվում: «Որովհետեւ ավելի լավ է մի 500 դրամ
տալ ավտոտեսուչին, քան թե փորձել ապացուցել, որ խախտում չես արել, կամ
օրինական տուգանք վճարել. դա եւ՛ անհամեմատ շատ ժամանակ է խլում, եւ՛
գումար»: Ուստի կաշառք տալը երկուստեք էլ ձեռնտու տարբերակ է:
«Պետությունը մեզ ուղղակի ստիպում է կաշառք տալ,- ասում են վարորդները,-
այնպիսի պայմաններ է ստեղծել մեզ համար, որ անօրինականությունների
ճանապարհով չգնալը պարզապես անհնար է»: Վարորդական վկայական ձեռք բերելու
ճանապարհին արվող յուրաքանչյուր գործընթացի համար անօրինական գումարներ են
գանձվում: «Օրինակ՝ էդ բժշկական տեղեկանքը. ուր էլ գնաս՝ ասես ինձ մի հատ
քննեք, քեզ գժի տեղ կդնեն, մեկ ա, կասեն՝ էսքան փող պիտի տաս, տուր
միանգամից գրենք-տանք. փողը տալիս ես՝ ժամանակդ խնայում: Էդ տեղեկանքն էլ,
որ տանում ես, իրենք հո գիտեն, որ էդ բժշկական քննությունը ոչ մի տեղ
արձանագրված չի, էդ տեղեկանքը կեղծ է, բայց հո չեն գնա ստուգեն, էդ էլ է
փոխադարձ համաձայնությամբ…»: Վարորդների իրավունքների պաշտպանության
«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննիսյանը բազմաթիվ
թերություններ է նշում ներկայումս գործող օրինակարգի հետ կապված: Օրինակ,
E կամ D կարգի վարորդական վկայական ունենալու համար վերը թվարկված
փաստաթղթերից բացի, այսինքն՝ BC կատեգորիան ունենալուց բացի, պահանջվում է
նաեւ նվազագույնը մեկ տարվա անթերի աշխատանքային ստաժ: E կարգի վարորդական
վկայականն անհրաժեշտ է ութ հոգուց ավելի տարողության մարդատար, իսկ D-ն՝
կցորդով՝ 22 մետրը գերազանցող մեքենա վարելու համար: «Այսինքն, եթե մեր
վարչապետն ուզենա իր ընտանիքը միկրոավտոբուսով ինչ-որ տեղ տանի ու ուզենա
հենց ինքը վարել մեքենան, պետք է ունենա D կարգի վարորդական վկայական: Եթե
չունի, պետք է «վարչապետությունը» թողնի, գնա մի տեղ մի տարի վարորդ
աշխատի, պետական ավտո քշի, որովհետեւ առանց այդ փաստաթղթի նրան ոչ մի կերպ
թույլ չեն տա D կարգի համար քննություն հանձնել»,- D կարգի վարորդական
վկայական ստանալու աբսուրդն այսպես փորձեց բացատրել պրն Հովհաննիսյանը:
Իսկ որպեսզի վարչապետն իզուր մեկ տարի չկորցնի, «էդ խնդիրների
կարգավորումն էսօր-էգուց գցելու փոխարեն՝ պետք է այսօր լուծի, որովհետեւ
մենք այսօր ենք ապրում, իսկ ավտոբուս այսօր ցանկացած մարդ կարող է
ունենալ՝ սովետի ժամանակները վաղուց անցել են»: Ավտոտեսուչները բողոքում
են, որ վարորդները չեն տիրապետում երթեւեկության կանոններին: «Բայց իրենք
էլ առանձնապես գերազանց գիտելիքներ չունեն,- պաշտպանվում են վարորդները,-
հետո էլ՝ վարորդական վկայականները Պետավտոտեսչությունն է տալիս, ինչպե՞ս
են տալիս, ո՞ւմ են տալիս: Պարզ չի՞, որ իրենց էլ է ձեռնտու այս վիճակը»:
Այս ոլորտում տեղի ունեցող օրինախախտումների համար գործը հազվադեպ է
դատական ատյաններին հասնում, «որովհետեւ վարորդը գիտի, որ ոստիկանի
թիկունքում պետությունն է կանգնած, դատարանն էլ չի ասում՝ ոստիկան,
ապացուցի, որ վարորդը սխալ է թույլ տվել, այլ ասում է՝ վարորդ, ապացուցի,
որ սխալ թույլ չես տվել»:

Դե արի ապացուցի, որ մեր «սվետաֆորներն» էլ ոնց ուզում՝ էդպես էլ աշխատում են, եթե աշխատում են…