Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում` առավելության հասնելով սեւ ֆիգուրներով՝ «կույր», սպիտակ ֆիգուրներով՝ արագ շախմատի պարտիայում: Այս փուլից հետո Լ.Արոնյանն առաջատարի դիրքում է եւ՛ ընդհանուր, եւ՛ 2 ենթամրցաշարերի հաշվարկում: Նա 12,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարի աղյուսակն՝ ընդհանուր հաշվարկում` 2,5 միավորով առաջ անցնելով 2-4-րդ տեղերը կիսող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից, հունգարացի Պետեր Լեկոյից ու նորվեգացի Մագնուս Կառլսենից: Լ.Արոնյանը միանձնյա առաջատարն է նաեւ արագ շախմատի ենթամրցաշարում: Վաստակելով 7 միավոր` նա 2 միավորով առաջ է անցել 2-4-րդ տեղերը կիսող ուկրաինացի Վասիլի Իվանչուկից, Մ.Կառլսենից եւ Պ. Լեկոյից: «Կույր» շախմատի ենթամրցաշարում Լ.Արոնյանը 5,5-ական միավորով կիսում է 1-3-րդ տեղերը Վ.Կրամնիկի եւ Ա.Մորոզեւիչի հետ: