«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում եմ` հաղորդումների վերսկսումը հնարավոր կդառնա արդեն ապրիլի 1-ին: Ներկա փուլում մեզ ոչինչ չի հուզում, բացի շուտ եթեր դուրս գալուց: Մենք ունենք շատ հիմնախնդիրներ՝ ֆինանսական, տեխնիկական, կադրային: Դրանց լուծման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Բարաթաշվիլին` հավելելով, թե ամբողջական ձեւաչափով հեռուստաընկերության եթեր դուրս գալու համար կպահանջվի եւս 10 օր: Առայժմ չպարզված է մնում հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ շուրջ ստեղծված իրադրությունը: Հ/ը հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի այրին՝ Իննա Գուդավաձեն, պնդում է, որ Պատարկացիշվիլիի ազգականը՝ ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Քեյը, կեղծել է փաստաթղթերը` պնդելով, թե ձեռք է բերել հեռուստաընկերության բաժնետոմսերի մոտ 70 տոկոսը եւ հանդիսանում է նրա սեփականատերը: Գուդավաձեն մտադիր է դատարանի միջոցով ապացուցել սեփականության իր իրավունքը: