«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ի առավոտյան հացադուլ է հայտարարել: Այդ մասին նա գրավոր հայտարարություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությանը: Ս. Սուրենյանցը նշել է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ ազատությունից, քրեորեն հետապնդելի որեւէ հանցանք չի կատարել, եւ դրա համար պահանջում է անհապաղ դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը եւ ազատ արձակել իրեն: Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայան «Ազատությանը» հայտնել է, որ իրենք Սուրեն Սուրենյանցի հայտարարությունն ընդունել են որպես ի գիտություն, եւ ձեռնարկվել են այդօրինակ դեպքերի համար նախատեսված միջոցառումներ. Ս. Սուրենյանցը տեղափոխվել է առանձին խուց: Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ի երեկոյան, Ազատության հրապարակի մոտակայքում: Նրան մեղադրում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի պահանջը խախտելու համար: