Հայաստանի Արտգործնախարարության 4 աշխատակիցներ երեկ դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը ԱԳՆ-ի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Վերջիններս ԱԳՆ այն 6 աշխատակիցներից են, որոնք ստորագրել են փետրվարի 24-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցված հայտարարության տակ: «Մենք վրդովմունք ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների կապակցությամբ, որոնք ստվեր են նետում հանրապետության քաղաքակիրթ, ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա: Որպես ՀՀ քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»,- գրված էր նշված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ դրանից օրեր անց նշված դիվանագետները ազատվեցին ԱԳՆ-ից: Արտգործնախարարությունը նրանց ազատումը հիմնավորել էր նրանով, որ դա քաղաքական գործունեություն ծավալելու փորձ է, ինչն արգելվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով: ԱԳՆ նախկին աշխատակիցների շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամաններն անօրինական են: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալները պահանջում են աշխատանքի վերականգնում եւ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար փոխհատուցում: «Ես քաղաքական հայտարարություն չեմ արել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Կարապետյանը: Իսկ նույն վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման հրամաններն արձակվել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: