«Գրանդ քենդին» վետերաններին բոնբոներկա չտվեց

13/05/2005

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայրենական պատերազմի 60-ամյակին նվիրված
բարեգործական համերգ-ակցիաների շարք է անցկացնում: Ֆիլհարմոնիայի
աշխատակիցները դիմել են զինկոմիսարիատ ու պարզել, որ այսօր պատերազմի
վետերանները թվով 60-ն են: Մշակույթի գործիչները՝ երգչուհի Սուսաննա
Սաֆարյանը, երգիչներ Մարատ Հայրապետյանը, Ռուբեն Սահակյանը, դուդուկահար
Հարություն Գեւորգյանը, ասմունքողներ Ժասմին Գեւորգյանը, Վերգինե
Սահակյանն այցելում են վետերանների տներ՝ փոքրիկ համերգներով: Դերասաններն
իրենց հետ տանում են ծաղկեփնջեր ու կոնֆետներ: «Մենք դիմել ենք «Գրանդ
քենդի» ընկերությանը եւ Կոնյակի գործարանին, որպեսզի իրենք մեզ կոնյակ ու
բոնբոներկա տրամադրեն,- ասաց Ֆիլհարմոնիայի համերգային բաժնի վարիչ
Սուսաննա Մարգարյանը: – Բայց մեզ մերժեցին: 60 հատ 1000 դրամանոց
բոնբոներկան ի՞նչ է իրենց համար: Մենք մեր աշխատավարձից ենք փող դնում, որ
գոնե դատարկ ձեռքով չգնանք»: Ընդ որում, բոլոր վետերանները չէ, որ
համաձայնում են դերասաններին ընդունել՝ շատերը գտնվում են բացահայտ
անօգնական վիճակում եւ համարում են, որ ուրախանալու առիթ չունեն: «Համերգի
փոխարեն, ավելի լավ է, տան տանիքը սարքեք: Իմ տուն մի եկեք՝ ես խայտառակ
կլինեմ»,- այսպես պատասխանողներ էլ կան: Գրեթե բոլոր հանդիպում-համերգները
նկարահանվում են: Իսկ շատ վետերաններ Ֆիլհարմոնիայի նախաձեռնությունը տոն
են համարում եւ փորձում են իրենք հյուրասիրել սիրված երգերի կատարողներին:
Բարեգործական համերգները կավարտվեն Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին:

Ն.Հ.