Եվ այսպես, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այս կարգավիճակում առաջին անգամ երեկ կատարեց իր առաջին արտասահմանյան այցը: Բնականաբար, Ռուսաստան: Թե որոնք են պաշտոնապես «աշխատանքային» որակված այս այցի տնտեսական-քաղաքական իրական նպատակները, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Սակայն արդեն միայն Ռուսաստան այցելելու փաստը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Իսկ առաջին եզրակացությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այլեւս անթաքույց հայտարարում են, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվում է դեպի Ռուսաստան։ Դժվար է ասել՝ արտաքին քաղաքական կուրսի նման ակնհայտ բեւեռացումը ՀՀ նախագահական հետընտրական զարգացումների արդյո՞ւնքն էր, թե՞ ընտրություններն էին այդ բեւեռացման արդյունքը` հաշվի առնելով տարածաշրջանում գերտերությունների տնտեսական եւ քաղաքական շահերի բախումը։ Այսինքն՝ կդառնայի՞նք մենք այսպես վառ արտահայտված ռուսամետ, եթե չլինեին փետրվարի 19-ը ու դրան հաջորդած դեպքերը, թե՞ այդպիսին էինք, պարզապես հիմա դա երեւաց։ Ամեն դեպքում, հույս ունենանք, որ Հայաստանը վերջնականապես չի դառնա «Ռուսաստանի հերթական գերին», ինչպես ժամանակին արտահայտվել է վերլուծաբաններից մեկը։