Զբոսնել էլ չի կարելի՞

26/03/2008

Երեւանում արտակարգ դրության ավարտից 4-5 օր հետո էլ Ազատության հրապարակը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ Ազատության հրապարակի շրջակայքում գտնվողներից ոմանք էլ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժանմունքներ: Երեկ էլ ժամը 18:00-ի սահմաններում Ազատության հրապարակի մատույցներում «քաղաքական զբոսանքի» ելած որոշ մարդիկ բերման են ենթարկվել: Բերման ենթարկված երիտասարդներից մեկը պարզապես նստած է եղել Հյուսիսային պողոտայի նստարաններից մեկին: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է ականատես 70-ամյա մի կին, այդ երիտասարդը ոստիկաններին ասել է, որ ինքը հոգեւորական է, ոչ մի քաղաքական նպատակ չի հետապնդում, սակայն ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել: Ի դեպ, ոստիկանների հետ շրջում են օպերատորներ, որոնք նկարում են ակցիայի մասնակիցների դեմքերը: Ոստիկանությունը երեկ Հյուսիսային պողոտայի շրջակայքում քայլող մի քանի հարյուր մարդկանց զգուշացրել է, որ «երթն» արտոնված չէ, եւ աստիճանաբար, առանց բախումների ցրել է մարդկանց կուտակումները: Իսկ երեկ առավոտյան Երեւանի Կենտրոնի Ոստիկանություն է հրավիրվել նաեւ Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: Ոստիկաններն այս մասին նրան իրազեկել էին նախօրեին՝ երբ Դ. Շահնազարյանը դուրս էր եկել Ազատության հրապարակում զբոսնելու: Դ. Շահնազարյանը Ոստիկանություն է ներկայացել իր իրավաբանի հետ եւ հրաժարվել է ցուցմունք տալ: Իր հետ կատարվածը նա բնորոշել է՝ որպես քաղաքական հետապնդում: Շահնազարյանը Ոստիկանությունում մնացել է մոտ 30-40 րոպե: