Քննարկում ԼՂ հարցի շուրջ

26/03/2008

«Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հնարավոր պայմանները, նախադրյալները, որպեսզի ճանաչվի նրա անկախությունը»,- երեկ արցախյան շարժման 20-ամյակին նվիրված ՀՅԴ Երիտասարդական միության համաժողովից առաջ լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, պարզ է, որ Ղարաբաղի անկախության ճանաչողներից առաջինը պետք է լինի Հայաստանը: Հայ դատի գրասենյակի պատասխանատուն Ղարաբաղի անկախության ճանաչումն այսօր բավական իրական խնդիր է համարում, սակայն, ըստ նրա, դա պետք է անել բանակցությունների տրամաբանությունից, ոչ թե այլ հաշվարկներից ելնելով: Եթե Ադրբեջանի կողմից այսպիսի ճնշումները շարունակվեն, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, Հայաստանը նույնիսկ պարտավոր կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կնքել պայմանագրեր, այդ թվում` ռազմական, գործունեություն ծավալել աշխարհի երկրների կողմից նրա անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Սակայն, ըստ նրա, պահը դեռ հասունացած չէ: Լ. Մելիք-Շահնազարյանը կողմ է «3 գումարած 3 գումարած 1» տարբերակին, որտեղ առաջին երեքը Մինսկի համանախագահներն են, մյուսը` Հայաստանը, Ադրբեջանը, Ղարաբաղը, իսկ մեկը` Իրանի Իսլամական Հանրապետությունը: ՀՅԴ երիտասարդական միության վարչության անդամ Զինավոր Մեղրյանն իր խոսքում նշել է, որ համաժողովն առիթ է մի կողմից՝ մեկ անգամ եւս վերագնահատելու հայ ազգի հերոսական էջերից մեկը, մյուս կողմից` երիտասարդների անունից գնահատական տալու այն սպառնալիքներին, որոնք ուղղված են ԼՂՀ անկախությանը: «Նկատի ունենալով այն սպառնալիքները, որ կախված են Արցախի գլխին, մենք պետք է դադարենք երկրի ներսում դավաճաններ փնտրել, ինչպես նաեւ՝ բաժանել ժողովրդին արցախցիների եւ հայաստանցիների: Արցախի անկախությունն արժեք է համայն հայության համար»,- ավելացրել է Զ. Մեղրյանը: