Երեւանում արտակարգ դրության ավարտից օրեր առաջ հայրենի իշխանությունները հապշտապ փոփոխություններ կատարեցին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքում, որով լիազոր մարմինը հանրահավաքներ արգելելու իրավունք էր ստանում:
Օրինագծի այս փոփոխություններն այնքան հապճեպ էին արվել, որ անգամ մոռացել էին դրանց տակ գրել հեղինակների անունները: Իսկ երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նկատել էին այդ բացը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասել էր, թե օրենքի համահեղինակ են բոլոր այն 70 պատգամավորները, որոնց նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ էլ բլից կարգով անցկացվեցին այդ փոփոխությունները: Վերջապես կոնկրետ ո՞վ կամ ովքե՞ր են այս օրինագծի հեղինակները: Այս հարցը երեկ լրագրողներն ուղղեցին «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանին, ով ԱԺ-ում ներկայացրել էր օրենքում առաջարկվող փոփոխությունները: Սակայն առաջարկների հեղինակների կոնկրետ անուններ նշելու լրագրողների խնդրանքին Ռ. Պետրոսյանը երեկ այսպես արձագանքեց. «Ես չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է իրենք չուզեն, որ ես ասեմ: Կոալիցիոն բոլոր 4 խմբակցություններից էլ եղել են»:
Այնուամենայնիվ, նա տվեց իր եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի անունները: Պարոն Պետրոսյանը պարզել է, որ «այս ընթացքում» միշտ չէ, որ իշխանությունները ճիշտ են եղել իրենց գործողություններում: Խոսքը ոչ թե ցուցարարներին ցրելու ժամանակ զենքի գործածման մասին է (անգամ գլխավոր դատախազը խոստովանեց, որ ցուցարարներից 4-ը զոհվել են հրազենային վնասվածքներից), այլ այն մասին, որ իշխանությունն իր անելիքը պետք է ավելի շուտ աներ: «Ես այդ դեպքերից 4 օր առաջ ասացի, որ պետք է շուտ կանխվի այդ ընթացքը: Ես որպես տարիքով մարդ եւ փորձ ունեցող՝ զգում էի, որ դա գնալու է դրան, վերջանալու է, վերջին հաշվով, ողբերգությամբ: Եվ ասեցի՝ շուտ կանխեք,- ասում էր Ռ. Պետրոսյանը՝ հավելելով,- Չկանխվեց իշխանությունների կողմից՝ ավելի շուտ, եւ այդ չորս օրվա ընթացքում ավելի մեծ բարդություններ ստեղծվեցին, որովհետեւ մարդիկ հավաքագրվեցին, բերվեցին Ազատության՝ Թատերական հրապարակ: Այնտեղ հիմա քննությունը գնում է, ըստ Դատախազության տվյալների, օգտագործվել է նաեւ խմիչքներ, թմրեցուցիչ նյութեր, փող է տրվել, որ մարդիկ գան, որ գիշերները մնան այդտեղ եւ տպավորություն ստեղծեն, որ ժողովուրդը մեծ զանգվածով դեմ է այս իշխանություններին եւ այլն: Եվ այդ բոլորի արդյունքում հավաքվեց էնտեղ զենք. դուք բոլորդ տեսել եք փայտեր, քարեր, նաեւ հարմարեցված մարմնական վնասվածքներ հասցնելու համար երկաթյա ձողեր»:
Իսկ դիտարկմանը, թե նման կարգի բաներ ցանկացածի տանն էլ կարող են նկարել, պրն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Այո, եթե ուզեն՝ կնկարեն: Եթե կա, պետք է նկարեն»: «Չէ, լինի-չլինի՝ կարող են նկարել»,- նկատեց ասուլիսը վարողը, ինչին էլ ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Եթե կա, կնկարեն: Դե, արդեն ուրիշ ուղղությամբ ենք գնում: Օպերատիվ հետախուզական օրենքն ընդունելու ժամանակ մենք ինքներս ասում էինք, որ այդ նկարելը եւ այլն, պիտի չլինի: Բայց դե բոլոր երկրներում կա, եւ, անկախ նրանից, մենք այդ օրենքն ընդունեինք-չընդունեինք, մեկ է՝ պետական անվտանգության մարմիններն իրականացնում են այդ գործողությունները, եթե նույնիսկ… : Ավելի լավ է մենք օրենքն ընդունենք, օրենքով շարժվենք, քան թե առանց օրենքի լսեինք մարդկանց, գաղտնի նկարեինք եւ այլն»: Այնուհետեւ Ռ. Պետրոսյանը պնդեց, թե կոալիցիոն ուժերի ընտրազանգվածը 4 անգամ ավելի մեծ է, քան ՀՀ առաջին նախագահի համակիրների քանակը: Այդ դեպքում ինչո՞ւ են արգելում հանրահավաքները, եթե իսկապես ընդդիմադիրների քանակն այդքան քիչ է: Այս անգամ էլ Ռ. Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է մի մուկ մտնելով յուղի կարասը՝ հարամում ամբողջը: «Ինձ համար մի մարդու կյանքն ավելի թանկ է, քան թե մի ամիս հանրահավաք անելը: Կարելի է երկու ամիս հանրահավաք չանել, բայց մարդիկ չզոհվեն: Եթե դուք այլ կերպ եք մտածում, դա էլ հանգեցնում է նրան, ինչ որ եղավ»,- ասում է Ռ. Պետրոսյանը: Այստեղ արդեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, ով եւս «Հայելի» ակումբի հյուրն էր, նկատեց, որ խախտվում է անմեղության կանխավարկածը:
«Մենք չգիտենք, թե ով է ում սպանել»,- ասաց նա: «Ավելի լավ է արգելվի հանրահավաքը, ժամանակավոր, քան թե մարդ զոհվի»,- շարունակեց Ռ. Պետրոսյանը: Լ. Ալավերդյանն էլ փաստեց, որ մարդ չպետք է զոհվի ամեն պարագայում: ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասաց, թե հանրահավաքները կարգելվեն առավելագույնը երեք ամիս, ինչից հետո հարուցված քրեական գործերն, ըստ նրա, կգնան դատարան: Տիկին Ալավերդյանը նկատեց, որ չի կարելի մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ հանրահավաքների անցկացումը, կապել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության հետ: Երեկվա քննարկման ընթացքում հարցերի մեծ մասն ուղղված էր իշխանության ներկայացուցչին՝ Ռ. Պետրոսյանին:
Վերջինս գտնում է, որ «Ժառանգությունն» ամեն ինչին սեւ ակնոցներով է նայում, եւ «այս ընթացքում» այդ խմբակցության ամենալավ գործողությունը կատարել է Արմեն Մարտիրոսյանը՝ մարտի 1-ին դանակահարվելու գնով փրկելով մի ոստիկանի: Իսկ պատասխանելով հարցին, թե մի՞թե օրենքի խախտում չէ այն, որ Ոստիկանությունն Ազատության հրապարակում խուզարկություն է արել առանց ընթերակաների, Ռ.Պետրոսյանն ասաց, որ եթե արձանագրությունը կազմվել է առանց ընթերակաների, ապա դա օրենքի կոպիտ խախտում է: Իսկ լրագրողներից մեկի՝ «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի տղան եւ հայրն Էջմիածնում դաժան ծեծի են ենթարկել 3 հոգու…» հարցը Ռ. Պետրոսյանն ընդհատեց. «Սպանել են, ոչ թե ծեծել»: Երբ լրագրողը շարունակեց հարցը, փաստելով, որ ծեծվածներից մեկը մահացել է, մյուս երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել, ու փորձեց կատարվածի առնչությամբ ստանալ Ռ. Պետրոսյանի գնահատականը, վերջինս վստահեցրեց, որ «ինչպես մյուս հանցագործներին, նրանց եւս պետք է կալանավորել եւ դատել օրենքի ամենայն խստությամբ»: «Դուք հավատո՞ւմ եք, որ Սեյրան Սարոյանի տղան դատվելու է» հարցին էլ Ռ. Պետրոսյանը պատասխանեց. «Այո: Վարդան Ղուկասյանի տղայի համար էլ չէիք հավատում: Համենայնդեպս, նա պատասխան տվեց, թեկուզ քիչ, իմ կարծիքով՝ քիչ»: