Մեկօրյա այցի շրջանակներում

26/03/2008

Երեկ աշխատանքային մեկօրյա այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որից հետո ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան:

Ս. Սարգսյանի առաջին հանդիպումը եղել է ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, այնուհետեւ Ս. Սարգսյանին ընդունել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն ամեն ինչ` ըստ հերթականության: Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովը նախքան քննարկվող հարցերին անդրադառնալը, շնորհավորել է Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում տարած «համոզիչ եւ կարեւոր հաղթանակի» կապակցությամբ: Այնուհետեւ նշել է, թե հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են «ռազմավարական գործընկերության ոգով»` այդ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով նաեւ Մոսկվայի դերը: Յուրի Լուժկովը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ցուցանիշները մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել են, ինչը, նրա կարծիքով, «ոչ միայն երկկողմ ջանքերի, այլեւ Երեւանում հիմնված Մոսկվայի տան գործունեության շնորհիվ է»: Հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական գյուղմթերքի վերամշակման ձեռնարկության ստեղծման եւ դրա արտադրանքի Մոսկվայում իրացման վերաբերյալ: Յու. Լուժկովի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ս. Սարգսյանը Վ. Պուտինին շնորհավորել է ՌԴ-ում նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ` ասելով, թե հուսով է, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան բարեկամության եւ ռազմավարական համագործակցության ու գործընկերության ոգով եւ «իրենց տրամաբանական շարունակությունը կունենան այն ամուր հիմքի վրա, որը դրվել է Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին»: Ըստ ՀՀ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Ս. Սարգսյանը, որպես ՀՀ նորընտիր նախագահ, վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ եւս վարելու է ՌԴ-ի հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն: Անդրադառնալով ՀՀ հետընտրական զարգացումներին, ըստ նույն հաղորդագրության` Ս. Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են եւ ամեն ինչ անելու են երկրում կայունության հաստատման ու հասարակության համախմբման, հանդուրժողականության մթնոլորտի արմատավորման ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վ. Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը: «Նա վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահի կողմից Հայաստանում ներքաղաքական խնդիրներն արագորեն կլուծվեն», եւ մեկ անգամ եւս ՌԴ իշխանությունների կողմից աջակցություն է հայտնել ՀՀ իշխանություններին ու ժողովրդին` երկրում կայունության հաստատման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում:

«Չնայած Հայաստանում քաղաքական գործընթացի բարդություններին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերընթաց զարգացում կունենան: Ես գիտեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթացները դյուրին չեն, բայց մենք ակնկալում ենք, որ ինչպես էլ զարգանա ներքաղաքական գործընթացը Հայաստանում, այն ամենը, ինչ ձեռք է բերվել նախորդ տարիներին, կպահպանվի ու ապագա զարգացում կունենա»,- հանդիպման ընթացքում հայտարարել է Վ. Պուտինը` շնորհավորելով Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: «Մենք Դմիտրի Մեդվեդեւին գիտենք որպես ձեր համախոհի, եւ Հայաստանում հուսով են, որ նրա պաշտոնակալումից հետո երկկողմ հարաբերությունները միայն կզարգանան, մենք հարաբերությունների հետագա ամրապնդման կարիք ունենք»,- նշել է Ս. Սարգսյանը:

Իսկ Դմիտրի Մեդվեդեւի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ նորընտիր երկու նախագահները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները` վստահեցնելով, որ իբրեւ նորընտիր նախագահ` պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները: Ի դեպ, Դ. Մեդվեդեւն ընդունել է Հայաստան այցելելու` Սերժ Սարգսյանի հրավերը, ասելով, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան:

Ավելի ուշ Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ: Վ. Զուբկովը շնորհավորել է Ս. Սարգսյանին ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առիթով եւ համոզվածություն հայտնել, որ պետական կառավարման համակարգում Ս. Սարգսյանի մեծ փորձն ու անցած ճանապարհը հնարավորություն կտան արդյունավետորեն լուծելու երկրի նախագահի առջեւ դրված խնդիրները եւ հաջողություն է մաղթել նրան այդ գործում: «Անկասկած, մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հայաստանը զարգանա, եւ Հայաստանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի աջակցությանը»,- ընդգծել է Վ. Զուբկովը:

Հ. Գ.
«Շփումների ինտենսիվությունն ու արդյունավետությունն ակնառու կերպով հաստատում են ռուսական ու հայկական կողմերի շահագրգռությունը բոլոր ոլորտներում Մոսկվայի եւ Երեւանի փոխշահավետ դաշնակցային գործընկերության հետագա զարգացման կուրսի հաջորդայնությունն ապահովելու գործում»,- այս հանդիպումների վերաբերյալ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի բարձրաստիճան մի աղբյուր: