Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ինքնաբուխ հանրահավաքների մասնակիցներից է նաեւ թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրը:
– Տիկին Բայանդուր, Դուք 1988-ից ի վեր զբաղվել եք մեր երկրի պատմությամբ, Շարժման մասնակից եք եղել, առաջին գումարման ԳԽ պատգամավոր: Դեպքերի նման ընթացքը որքանո՞վ էր կանխատեսելի Ձեզ համար:
– Երբեք հնարավոր չէր, քանի որ մեր պատկերացումներն իդեալիստական էին: Բոլորիս թվում էր, որ անկախությունը ստացանք, եւ անմիջապես կսկսվի մի հոյակապ կյանք: Հետո եկավ հոգնածության, հասարակության հիասթափության պահը:
– Առաջին անգամ ե՞րբ զգացիք ժողովրդի հիասթափությունը:
– Իմ կարծիքով, 1994 թվականից, այսինքն` զինադադարից հետո բոլորը սկսեցին իրենց անձնական հարցերին անդրադառնալ: Իսկ մինչ այդ մարդիկ մտածում էին երկրի, Ղարաբաղի, պատերազմն ավարտելու մասին: Անշահախնդրությունը շատ բարձր էր: Հիմա, երբ լսում եմ ծամծմված ու սպեկուլյատիվ դարձած «մթի ու ցրտի տարիներ» արտահայտությունը, նեղվում եմ: Պիտի դիմանայինք եւ դիմացանք. բոլորն էլ գիտեին` հանուն ինչի է դա արվում: Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններն, իմիջիայլոց, ունեցան նույն պրոբլեմներն անկախությունից հետո: Ինչ վերաբերում է մեզ, մենք իրավունք չունեինք թուլանալու:
– Այդ ամենը տեղի ունեցավ 94-ից հետո՞:
– 1994-ից հետո արագ, առանց ժամանակ կորցնելու, սկսեց ստեղծվել սեփական բիզնեսը, եղան շորթումներ, յուրացումներ:
– 1994-ին եւ հետո էլ իշխանության ղեկին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:
– Մեր թիմի որոշ ներկայացուցիչներ սկսեցին չարաշահել իրենց դիրքը, եւ դա, հասկանալի է, ստվեր գցեց ամբողջի վրա: Մինչ օրս էլ չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ քեզ հետեւում է մի ողջ ժողովուրդ:
– Այո, բոլորը որոշ չափով ինֆորմացված են, գիտեն, որ այսինչը տգետ է եւ կոռումպացված, այսինչը մոլախաղերի նկատմամբ հակում ունի, մյուսը` կանանց, սակայն սա պասիվ, չաշխատող ինֆորմացիա է, եւ մեր տեղեկացվածությունից, ըստ էության, ոչինչ չի փոխվում:
– Եթե անդրադառնանք 96 թվականին, ինչը սիրում են անել այսօրվա գլուխ պահողները, այն ժամանակվա չարաշահումներն ու այսօրվանն անհամեմատելի են:
– Մարդիկ այսօր թերեւս փորձում են փնտրել այդ ամենի սկիզբը:
– Շատ լավ, եկեք հիշենք` ինչից սկսվեց:
– Գուցե նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումի՞ց:
– Ամեն դեպքում, վայրագ ձեւը այն ժամանակվանից եկավ, երբ Վազգեն Մանուկյանը պաշարեց խորհրդարանը:
– 1996-ին առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները, ժողովուրդը դեռեւս իմունիտետ չուներ եւ ընտրեց պայքարի ուժային ձեւը, որը Դուք նշեցիք: Ավելի ուշ նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, ընտրությունները դարձյալ կեղծվեցին, սակայն ոչ մի դարպաս չջարդվեց, թեեւ բավական էր Դեմիրճյանի մի կոչը, եւ դա տեղի կունենար: Նույն կերպ որեւէ դարպաս չջարդվեց նաեւ այն ժամանակ, երբ նախագահ ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը: Իշխանությունը զիջվեց Ռոբերտ Քոչարյանին խաղաղ ձեւերով:
– Բայց ինչո՞ւ երկու դեպքում էլ զիջեցին:
– Չզիջել` նշանակում է` պայքարել: Պայքարի մեկ եղանակը Դուք բացառեցիք` պայմանականորեն ասենք` խորհրդարանը պաշարելը, մյուս ճանապարհը` սահմանադրական, այսօր արդեն սպառված է, եթե հաշվի առնենք համապատասխան հոդվածների վերջին փոփոխությունները, երբ միմյանց մոտ կանգնած երկու հոգու կողքին անմիջապես կարող է հայտնվել չորս ոստիկան:
– Բայց 1996-ին գոնե սահմանադրական տարբերակը հնարավոր էր, եւ կար ազատ մամուլ: Իսկ այսօր մենք իշխանություն կոչվածներից ստացանք մի աննորմալ գրոտեսկ:
– Դուք եւ էլի հազարավոր մարդիկ մարտի 20-ից հետո դուրս եկաք խաղաղ, լուռ պայքարի…
– Դուք տեսնում եք, որ ժողովուրդը վերագտավ իրեն. սա զարմանալի վերածնունդ էր: Տասը տարվա լռությունը, սուսուփուս ապրելը, ապատիան վտանգավոր էին եւ նվաստացուցիչ: Անընդհատ մտածում էի, թե այսպես կդառնանք մեռած, ամեն ինչին համակերպվող ժողովուրդ: Վերջերս մի մտավորական կին ասաց` ինչի՞ է պետք անպայման պայքարել, պետք է համակերպվել իշխանություններին, ինչպիսին էլ լինեն: Ապշեցի: Հարմարվողականությունն ամենաահավոր երեւույթն է, ընդ որում` ամենուրեք արհամարհված:
– Մտավորականությունը` Ռազմիկ Դավոյանի գլխավորությամբ, վերջերս բազմիցս անդրադարձավ փետրվարի 19-ից հետո ընդդիմության հանրահավաքներին, նստացույցին, վրաններին: Բանաստեղծի սուր աչքից չէին վրիպել Ազատության հրապարակի ասֆալտի հարթության որոշակի խաթարումները:
– Վերջին տարիներին ավելի սքանչելի բան չէի տեսել, քան մեր հանրահավաքները Օպերայի հրապարակում: Դա շատ բարձր քաղաքական մակարդակ էր: Այնտեղ ահագին մտավորականություն կար, եւ կազմն էլ շատ հետաքրքիր էր: Եվ սա համազգային մղում, համազգային զգացում էր, որ մարդկանց բերեց հրապարակ: Կային մարդիկ, ովքեր չէին համակրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն հրապարակում էին: Եվ շատ հետաքրքիր էր նաեւ Լեւոնը. ինքն էլ է հիմա շատ մոտ ժողովրդին: Բոլորի միջեւ կա մի մեծ ներդաշնակություն: Բոլորն ունեն ծանր բեռը թոթափելու զգացողություն: Եվ դա զարգանում է:
– Դուք եւ՞ս համամիտ եք, որ մարտի մեկի դեպքերը ժողովրդին ավելի համախմբեցին:
– Այո, մեզ հարող մարդիկ ավելացան: Դժվար է մոռանալ մարտի մեկին տեղի ունեցած դաժանությունը: Չեմ հիշում, որ մեզ մոտ իշխանությունը երբեւէ գնդակահարի ժողովրդին, եւ դա տեղի ունեցավ: Ընդ որում, դրա հիմքը բացարձակապես չկար: Իշխանությունները խախտեցին այս երկրի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները: Եվ ինչի՞ վրա են իրենց հույսը դրել: Իրենք չեն հասկանում եւ չեն սիրում այս երկիրն ու այս ժողովրդին: Բացարձա՛կ: Ժողովուրդը իրենց պատասխանում է նույնով: Եվ ի՞նչ են կարծում` կարող են այս աստիճան ատված լինելով` երկի՞ր կառավարել: Դա անհնար է: Դա ունի իր անունը` դիկտատուրա:
– Օրերս ստորագրվեց քառակողմ կոալիցիայի հուշագիրը…
– Օ, դա կատարյալ ֆարս էր:
– Ասվեց, որ հասարակության մեծամասնությունը, այսինքն` իշխանական կուսակցությունների օգտին քվեարկած ընտրազանգվածը, սատարում է գործող իշխանություններին:
– Դա սխալ հաշվապահություն է: Ինչ էլ անում է այս զույգը` իրենց մի քանի մանկլավիկների հետ, դատապարտված է եւ ծիծաղելի:
– Դուք շփվում եք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ: Հետաքրքիր է, նրանք եւ՞ս հակված են կարծելու, որ մեր երկրում դիկտատուրա է:
– Գիտեք, հետաքրքիր հարց է այն առումով, որ մենք, չարձագանքելով աշխարհում տեղի ունեցող անարդարություններին, սպասում ենք, որ մեր նեղության պահին աշխարհն իսկույն կնետվի մեզ օգնելու: Մենք պիտի ամուր եւ համոզիչ լինենք աշխարհի համար, եւ աշխարհը կարձագանքի: Ընդդիմությունն` իր ոգով, թարմ է եւ ժամանակակից: Իշխանությունները հին, սովետական ծանոթ սիստեմի կրողն են, ընդ որում` սիստեմի վատագույն դրսեւորումների` պրովոկացիաներ, դաժանություն, համատարած լրտեսություն: Սա, փաստորեն, հին, սովետական արսենալն է: Հիմա առանց որեւէ հիմքի մեր ժողովուրդը զոհեր տվեց: Ինչո՞ւ: Արվեց այնպես, որ ՍԴ-ն իր որոշումը կայացնի արտակարգ դրության պայմաններում:
– Կարծում եք, որ եթե դրությունն արտակարգ չլիներ, ՍԴ-ն ա՞յլ վճիռ կընդուներ:
– Համոզված եմ, որովհետեւ ընթացքը դա էր ցույց տալիս: Բոլորը տեսան, որ ամեն ինչ բերում է դրան, որ երկրի ողջ դրական էներգիան հրապարակ է գալիս:
– Կա այսպիսի կարծիք, որ, այսպես թե այնպես, իշխանության ղեկն արդեն վերցրել է Սերժ Սարգսյանը, եւ, որ հասարակության զարթոնքը նրան կստիպի ժողովրդի հետ հաշվի նստել եւ կառավարել այլ կերպ:
– Ծիծաղելի կարծիք է, եւ անգամ չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Այն, ինչ տեսանք, իրենց էությունն է: Իրենք անգամ չհասկացան էլ, որ պետք չէ այդ աստիճանի մերկանալ: Այս վիճակից ելքը, իմ կարծիքով, այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այլեւս չապրեն այս երկրում, չշնչեն այս օդը: Նրանք այդ իրավունքը անդառնալիորեն կորցրել են: