Դեղերի շուկայում մոնոպոլիզացման տենդենց կա

13/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի «Դեղագիտական ասոցիացիայի» համագումարում ներկայացվեցին
ասոցիացիայի կանոնադրությանը, գործունեությանը եւ դեղերի շուկայի
մրցակցային հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ: Ասոցիացիան նպատակ ունի
նպաստել Հայաստանում Ազգային դեղային քաղաքականության մշակմանը եւ
դեղագործական քաղաքակիրթ շուկայի կայացմանն ու առաջընթացին, ինչպես նաեւ`
դեղագործության ոլորտում էթիկայի ու դեոնտոլոգիայի նորմերի ներդրմանը,
դեղերի մատչելիությանն, անվտանգությանն ու արդյունավետ կիրառմանն ուղղված
ծրագրերի ներդրմանը: Ըստ «Դեղագիտական ասոցիացիայի» նախագահ Մարգարիտա
Վարդանյանի՝ ասոցիացիան կարեւոր դեր պետք է ունենա ոլորտի խնդիրների բարձր
հնչեղությունն ապահովելու գործում: Շատ դեղագործների կարծիքով՝ մինչ այժմ
Հայաստանի տնտեսության մեջ որեւէ ոլորտ իրական մրցակցություն չի ունեցել,
ինչպիսին դեղագործական ոլորտն է: Գները գոյանում են մրցակցության դաշտում,
սակայն վերջին ժամանակներս որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնց
արդյունքում նկատվում է մենաշնորհայնացման տենդենց: Ասոցիացիայի
խնդիրներից մեկն էլ պայքարն է այդ երեւույթի դեմ, քանի որ լեգալ շուկայի
զարգացման բացակայության դեպքում եւ շուկայի մոնոպոլիզացման պայմաններում
դաշտը չի զտվի: Մ. Վարդանյանի կարծիքով, տեղի է ունենում գնային դեմպինգ,
ապա գնային թռիչք, ինչը վնասում է թե՛ Հայաստանի բնակչությանը, թե՛
դեղագործներին: Այս առումով մշակվել է «Դեղագիտական ասոցիացիայի»
կանոնադրությունը, որի կիրառմամբ ասոցիացիան իր գործունեությամբ կխթանի
դեղագործական դաշտի կայացմանը: Համագումարում դեղերի շուկայի մրցակցային
հիմնախնդիրներին առնչվող զեկույցով հանդես եկավ ՀՀ Տնտեսական մրցակցության
պաշտպանության հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում
ամենաակտիվ շուկաներից մեկը դեղերի շուկան է եւ այլ շուկաների համեմատ
դեղերի շուկան հնարավորինս ազատականացված է: Ըստ նրա՝ ազատ են
փոխհարաբերությունները, հնարավորինս փոքրացված ու աննշան են պետական
կարգավորման հնարավորությունները՝ ինչպես գնագոյացման, այնպես էլ շուկայի
մասնակիցների միջեւ հարաբերությունների կարգավորման առումով: «Դեղերի
մասին օրենքը շուկայի մասնակիցներին չի բավարարում,- ասում է պրն
Բախշյանը: -Գոյություն ունեն կառավարության սահմանած մի շարք կարգեր,
ընթացակարգեր, որոնք ազատականացված են: Դեղորայքի շուկան, դեղերի իրացման
ծավալները տարեցտարի մեծանում են, եւ շուկայի ներկայացուցիչները նույնպես
մեծացնում են իրենց ծավալները: Մեր ուշադրության առարկան այն է, թե
առանձին վերցրած շուկայի մասնակիցները որքանով են մեծացնում իրենց
ծավալներն ընդհանուր առմամբ հանրապետությունում իրացման ծավալների
մեծացման հետ զուգահեռ: Եթե շուկայի որեւիցե մասնակից ավելի ագրեսիվ է
մեծացնում իր ծավալները, քան հանրապետության շուկայի ծավալներն են, ուրեմն
մենք պետք է հատկապես ուշադրություն դարձնենք այդ տնտեսվարող սուբյեկտի
վրա»: Ըստ պրն Բախշյանի, որպեսզի շուկան պատշաճ սահմանվի, կարգավորվի,
պետք է շուկայի օբյեկտը, ասել է թե՝ դեղ հասկացությունը, զտվի փոխադարձ
փոխարինելիությունից: Դեղեր ասելով՝ նաեւ պետք է նկատի ունենալ առեւտրային
նպատակով ներկրված մոտավորապես 25 մլն դոլար արժողությամբ դեղերը, բայց
դրանց մի մասը փոխադարձաբար փոխարինում են իրար, իսկ մյուս մասը՝ ոչ: Նա
նաեւ նշեց. «Եթե մարդը մի դեղամիջոց է գնում, ինչքան էլ թանկանա,
միեւնույն է, գնելու է նույն դեղամիջոցը եւ չի գնի նույնի փոխարինելի էժան
դեղամիջոցը: Դեղերի շուկայում մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ դեղերի շուրջ դասական պատկերացումները չեն աշխատում»: Վերջինս նաեւ
անդրադարձավ դեղերի գրանցման կարգի եւ ներմուծման կարգի ընթացակարգերին՝
նշելով, որ դրանք սահմանափակում են մրցակցությունը: Տնտեսվարող
սուբյեկտների կողմից ներմուծման ընթացակարգին վերաբերող բողոքներ են
լինում: Ներմուծողների եւ արտադրողների ասոցիացիան բողոք է ներկայացրել,
եւ որքան հանձնաժողովը խորացնում է գործառույթներն ու
ուսումնասիրությունները՝ այնքան բողոքներն ակտիվանում են, դառնալով ավելի
օպերատիվ, ընդհուպ՝ մինչեւ Դեղգործակալության կողմից մերժման բացասական
եզրակացություն ստացող դեղերի վերաբերյալ: Դեղգործակալության
գործառույթների իրականացումը չի համապատասխանում հանրապետությունում
կազմավորված իրավական դաշտին: Այսինքն՝ իրավական առումով գրանցման
ընթացակարգերում գրված է մեկ բան, Դեղգործակալությունը կատարում է այլ
բան: Օրինակ՝ ներմուծման ընթացակարգում ընդհանրապես «դեղերի արտաքին
տեսքերի նույնականացում» հասկացողություն չկա, բայց Դեղգործակալությունն
ամենայն մանրակրկիտությամբ իրականացնում է արտաքին տեսքերի
նույնականացում: Արտաքին տեսքերի նույնականացման մանր տարբերությունների
պատճառով ընդհանրապես բացասական եզրակացություն կա դեղի ներմուծման
դաշտում, հետեւաբար, այն գործուն ազդեցություն է ունենում ներմուծման
շուկայում անհավասար մրցակցային պայմանների ստեղծման առումով: Հարցիս, թե
դեղերի գնային քաղաքականությունն ինչպե՞ս է կարգավորվում այն դեպքում, երբ
մի դեղատնում վաճառվող նույն դեղի գինը մեկ ուրիշ դեղատնում անհամեմատ
բարձր է, «MLM- FAM» ՍՊԸ դեղագործական ընկերության փոխտնօրեն Վիլեն
Մանվելյանը պատասխանեց. «Վերջին երկու տարում ես չեմ նկատել, որ մեկ
դեղորայքի գնի տարբերությունը մյուսից շատ բարձր լինի: Ինչպես ցանկացած
ոլորտում, այնպես էլ՝ դեղորայքի շուկայում, գինը սահմանում է տնտեսվարող
սուբյեկտը: Գնային տարբերությունը տատանվում է 20-25%»: «Դեղագիտական
ասոցիացիայի» նախագահ Մ. Վարդանյանի կարծիքով՝ դեղերի գները շուկան է
որոշում, այն ազատականացված է: Եթե մի դեղատունը 20% վերադիր է սահմանում
ի տարբերություն մյուս դեղատների, ապա այս դեպքում սպառողն է որոշում, թե
որտեղից գնում կատարի: