Դատում են նաեւ շարքայիններին

26/03/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը դատավոր Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որպես խափանման միջոց 20 օրվա կալանք սահմանեց «Պիցցա Դի Ռոմա» ընկերության գանձապահ Անուշ Ղավալյանի նկատմամբ:

Վերջինիս ձերբակալել էին մարտի 21-ին, ժամը 12:00-ին: «Անուշին եւ «Պիցցա Դի Ռոմայի» մեկ այլ գանձապահի՝ Սիրուն Դիմաքսյանին խաբեությամբ` որպես վկա հարցաքննության էին կանչել Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) քննչական բաժին, սակայն ներկայանալուց հետո անմիջապես ձերբակալել էին՝ որպես կասկածյալ: Սիրունին ձերբակալել էին ժամը 14:25-ին: ՀՊԾ քննչական բաժնի ավագ քննիչ Արշակ Գասպարյանը այս երկու աշխատակիցներին ձերբակալել է անհիմն կերպով, առանց ապացույցներ ներկայացնելու»,- ասում է Ա. Ղավալյանի փաստաբան Դիաննա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին հարկային պետական ծառայողները ստուգումներ էին իրականացրել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցցա Դի Ռոմա» ընկերությունում, առգրավել էին ընկերության փաստաթղթերն ու համակարգիչները: «Պիցցա Դի Ռոմայի» 7 աշխատակիցներ բերման էին ենթարկվել տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների կողմից: Հարցաքննվել էին ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները, իսկ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին ձերբակալել էին հարկերից խուսափելու մեղադրանքով: Հարկային ծառայողները ընկերությունում նախապես 15,2 մլն դրամի թաքցրած հարկեր էին հայտնաբերել, սակայն կարճ ժամանակ անց այդ թիվը կտրուկ նվազեցրել ու հասցրել էին մինչեւ 1,9 մլն դրամի: Այդ գումարն էլ, ըստ Հարկայինի ներկայացուցիչների, գոյացել էր չգրանցված 32 աշխատողի համար սոցապվճարներ չվճարելու արդյունքում: Գ. Սաֆարյանը մինչ օրս անազատության մեջ է, ընկերությունն էլ դեռեւս դատական պրոցեսների մեջ է: Հիշեցնենք, որ վերջին 5-6 ամիսների ընթացքում հարկային մարմինները տարատեսակ ստուգումներ են անցկացրել Սուքիասյանների ընտանիքին պատկանող նաեւ մեկ այլ` «Բջնի» հանքային ջրերի գործարանում եւ այլ ընկերություններում: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո Խ. Սուքիասյանը փախուստի մեջ է, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Խ. Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով եւ 225 հոդվածի 3-րդ մասով՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:

Այս գործի հետ կապված կարծիք կա, որ Հարկային պետական ծառայությունն այս ամիսների ընթացքում չի կարողացել «Պիցցա Դի Ռոմայի» տնօրեն Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանքը հաստատել ու դիմել է նրա աշխատակիցների «օգնությանը»: Ա.Ղավալյանի ու Ս.Դիմաքսյանի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել. նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի երկրորդ մասով (խոշոր չափի հարկեր, տուրքեր թաքցնել) եւ 38-րդ հոդվածով, որի համաձայն՝ գանձապահներն օժանդակել են տնօրեն Գ. Սաֆարյանին: «Այս երեք օրերի ընթացքում ՀՊԾ քննիչ Արշակ Գասպարյանը Ա. Ղավալյանին անընդհատ սպառնում էր, թե ճիշտ ցուցմունք տալու դեպքում նրան չեն ձերբակալի եւ 7 օր հետո կասկածյալի կարգավիճակից կդարձնեն վկա: Բայց մենք այդպես էլ չհասկացանք, թե որն էր ճիշտ ցուցմունքը: Անուշը ցուցմունքներ տվեց, պնդեց, որ դրանք ճիշտ են, բայց ձերբակալվեց: Ստացվում է մի այսպիսի իրավիճակ՝ եթե դու աշխատում ես «Պիցցա Դի Ռոմայում», ուրեմն դու հանցագործ ես: Այս կոնտեքստով է առաջնորդվում ՀՊԾ ամբողջ Քննչական վարչությունը»,- ասում է Դ. Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքերով, այս 3 օրերի ընթացքում քննիչների ճնշումները չեն ազդել գանձապահների վրա: «Նույնիսկ հարցաքննության ժամանակ աղջիկները չդիմացան, հուզվել էին ու լաց եղան: Մի քանի օր էլ մնան մեկուսարանում, գիշերները չքնեն, կարող է քննիչներին հարմար ցուցմունք տան: Համենայնդեպս, քննիչներն այդպես են մտածում»,- ասում է Դ. Գրիգորյանը:

Երեկ Ա.Ղավալյանին դատարան բերեցին 72 ժամը լրանալուց մոտ 20 րոպե ուշացումով: ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ 72 ժամվա ընթացքում քննիչները կամ պետք է նրա համար որեւէ միջնորդություն ներկայացնեին դատարան, մեղադրանք առաջադրեին, կամ էլ՝ ազատ արձակեին: Սակայն ոչինչ չէին արել եւ Անուշին ապօրինի կերպով պահել էին անազատության մեջ: Փաստաբանի ասելով, դա լուրջ խախտում է, եւ քննիչները դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ըստ Դ.Գրիգորյանի, անօրինական է նաեւ Անուշի նկատմամբ 20 օր կալանք սահմանելու դատարանի որոշումը: Դ. Գրիգորյանը երեկ արդեն նիստից անմիջապես հետո պատրաստվում էր բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը եւ դիմում-բողոքներ ներկայացնել ՀՀ կառավարություն եւ Գլխավոր դատախազություն:

Երեկ դատարան մտնելիս Ա. Ղավալյանն իրեն լուսանկարելու պահին աննկատ նամակ է հանձնել մեր թղթակցին: «Ի՞նչ են անում նրանք (քննիչները.- Ա.Ա.)՝ մորը անմեղ տեղը ձերբակալելով: Քաղբանտարկյալ են դարձնում՝ խլելով իր երեխաներից: Ի՞նչ պատասխան են տալու նրանք իրենց խղճի եւ իրենց երեխաների առաջ: Հնարավոր է, որ նրանց երեխաները կամ թոռներն իմ երեխաների հետ են սովորում»,- նամակի մեջ գրել էր Անուշը: Իսկ ավելի ուշ տարածած հայտարարության մեջ Ա. Ղավալյանը գրել էր. «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչումն է կայանում իմ մեղքը: Արդյո՞ք «Պիցցա Դի Ռոմա» ընկերությունում աշխատելը, որի համար այդպես էլ չներեցիք ինձ՝ խլելով իմ միակողմանի ծնողազուրկ երեխաներից»:

Ա. Ղավալյանի գործով դատական նիստից հետո` ժամը 14:25-ին արդեն լրանում էր մյուս գանձապահ Սիրուն Դիմաքսյանին ձերբակալելու 72 ժամը: Սպասվում էր, որ ՀՊԾ քննիչ Ա.Գասպարյանը նրան էլ կբերի դատարան ու կալանավորման մասին որոշում կստանա: Սակայն ժամը 15:00-ին փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Սիրունին դատարան չեն բերել, որովհետեւ նա հրաժարվել է փաստաբանի ծառայությունից: «Դա նշանակում է, որ նա ընտրեց քննիչների հետ համագործակցելու եւ նրանց ուզած ցուցմունքները տալու տարբերակը: Հավանաբար, նրան այլեւս չեն կալանավորի: Սիրունի նկատմամբ ճնշումներ են գործադրել ու վախեցրել»,- եզրակացրեց Ա. Զոհրաբյանը:

Հ.Գ. Երեկվա դատական նիստը դռնփակ էր, այդ պատճառով լրագրողները հնարավորություն չունեցան պարզաբանումներ ստանալ ոչ մեղադրող կողմից` ՀՊԾ Քննչական վարչության ներկայացուցիչ Արշակ Գասպարյանից, ոչ էլ դատավոր Արմեն Խաչատրյանից: Այս գործով դատական հաջորդ նիստի օրը հայտնի կլինի դատարանի որոշումը բողոքարկելուց հետո: