«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, այնքան նվազում է տականքը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է փետրվարի 23-ին։ Կարդում եմ այս տողերը, ու սիրտս սկսում է ուժեղ խփել:
Ես Լեւոնի կողքին չեմ կանգնում: Ես, կինս, երեխաներս, հարազատներս` մենք բոլորս տականք ենք։
Ընկերս ասում է, որ աղջիկը մասնակցում է դասադուլին, հարցնում եմ՝ լեւոնակա՞ն է: «Չէ, ի՞նչ ես ասում, բայց որ դասի գնա՝ դավաճան կասեն»։
Քարոզարշավի ընթացքում` փետրվարի 9-ին, անցնում էի Թումանյանով եւ լսեցի Լեւոնի ելույթը. «Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։
Ամբողջ քարոզարշավի ընթացքում Լեւոնի մամուլն ու ինքը ազգը բաժանում էին տականքի ու հերոսի, Վասակյանց ու Վարդանանց, դավաճանի ու հայրենասերի` իրենց ներկայացնելով «ազնիվ ռասա»։ Նյարդայնացնում էր, բայց տագնապ չկար։ Հիմա տագնապ է, աչքիս առաջ տեսնում եմ, թե ինչպես է «ազնիվ քաղաքացին» իշխանություն գրավում։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, որ արդեն հաղթել է, դեռ ընտրության արդյունքները չեղած՝ իրեն հռչակեց նախագահ, օգտագործեց իր ստեղծած կեղծիքների համակարգի դեմ 13 տարի կուտակված բողոքն ու առաջացրեց հեղափոխության էսկալացիա։ Շավարշ Քոչարյանն ասում է՝ կրկնվում է 96-ը, այն ժամանակ հայտարարում էին՝ 100 տոկոս էլ ձայն հավաքեն, իշխանությունը չենք տա, հիմա՝ 50 տոկոս էլ չհավաքենք, իշխանությունը վերցնելու ենք։
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ այնքան է մնալու հանրահավաքը օպերայի հրապարակում, մինչեւ նրան ձեռքերի վրա տանեն նախագահի նստավայր։
Հանրահավաքում հայհոյում են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն՝ Սերժ Սարգսյանին շնորհավորող Շառլ Ազնավուրին ու Նիկոլա Սարկոզիին, ընտրությունների արդյունքները դրական գնահատած միջազգային դիտորդներին, ստորագրություն են հավաքում կաթողիկոսի հրաժարականի պահանջով ու դավաճան անվանում բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն։ Մի ուրիշ ընկեր` ֆիզիկոս ակադեմիկոս, պատմում է, որ գիտնական դարձած իր ուսանողը հրավիրել է իրեն Լեւոնի շտաբ, Աշոտ Մանուչարյանը համոզել է, որ մի խումբ ակադեմիկոսներով միանա շարժմանը, հրաժարվել է, իսկ աշակերտը պատասխանել է. «Դու բռնել ես պոռնկության ճանապարհը»։ Նա այլայլված էր, թե ինչպես իր սիրելի ուսանողը, ում առաջին կուրսից մինչեւ ասպիրանտուրա կրթել է, հանուն Լեւոնի իրեն վիրավորում է։ Իսկ հաջորդ օրը հանրահավաքում հայտարարեցին, թե ով չի միանում իրենց, մտավորական է՝ ռ-ով։
Երթուղայինում հանդիպում եմ մի անկախ լրատվամիջոցի լրագրողի, հանրահավաքից է գալիս` ոգեւորված: Ասում է` ուզում եմ, որ փոփոխություն լինի: Իսկ ես մոռացել եմ, որ այս երկրում պիտի ինչ-որ բան փոխվեր, ես միայն այս չարիքը կանխելու մասին եմ մտածում, Լեւոնը ինձ տականք է անվանել: Տագնապահարները ցույցի դուրս չեն գալիս, ամբիոններ ու թերթեր չունեն, ով համակարգիչ ունի, վիրտուալ ֆորումներում է վտանգի դեմ արտահայտվում. «Գրել, գոռալ այս վարակի մասին ամեն քայլափոխի, պայքարել, բացել մարդկանց աչքերը, գիտեմ՝ դա դժվար է, գիտեմ՝ նրանք պաշտպանված են տարբեր կոնվենցիաներով, նրանք լավ տանիք ունեն ամենուր, բայց լռել պետք չէ, եւ ես չեմ ուզում լռել, որովհետեւ երկիրը վառոդի տակառի վրա է»,- ասում է մեկը:
Ու նաեւ` «Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում տեղի ունեցող կլոր սեղանի ժամանակ Լեւոնին համեմատում էր Քրիստոսի հետ»: «Էդ լսեցի, բայց էդ լրիվ հեչ։ Ամսի 20-ի ցույցում մի լրագրող ելույթ ունեցավ ու ասեց, որ մի մարդ 49 թվականին տեսիլք է ունեցել, որ 40 տարի հետո կգա Լեւոն 7-րդ թագավորը, ու վերջապես հայերի մոտ ամեն ինչ լավ կլինի»:
Ու նաեւ` «Երբ նրանք անկեղծորեն անիծում են Շառլ Ազնավուրին, երբ հավատում են բացահայտ ստին, երբ ԼՏՊ-ի մեթոդներով առանց քննարկման մութ ու ցուրտ օրերը վերագրում են միայն պատերազմին, երբ կարծես նորմալ տղան մեր օֆիսից Վազգեն Մանուկյանին սրիկա է անվանում, երբ լսում ես` Լեւոն, մեր աստված, եւ երբ ընտրությունը դնում են՝ Լեւոնը` աստված, իսկ Սերժը` սատանա, ինչպե՞ս չմտածել» (զոմբիացման մասին նկատի ունի): «Իրանց դեմ բարդ ա պայքարել, շատ բարդ ա, կարան ընենց պիտակավորեն, էլ դու սուս: Օրինակ` ասեն՝ ով Լեւոնին դեմ ա, Սերժի շտաբից ա»:
Մի ուրիշ ֆորումում էլ շփոթահար մարդիկ քննարկում են, թե ինչպես իրենց ձայնը բարձրացնեն. «Հավաքվել Մատենադարանի մոտ նրանցով, ով չի ընդունում ո՛չ Լեւոնին, ո՛չ էլ Սերժին: Սրա շուրջ պետք է մտածել ու, եթե անել, ապա հնարավորինս արագ»: «Հարկավոր է դաշնակիցներ փնտրել եղած քաղաքական դաշտում: Առանց այդ դաշտի ոչինչ չի ստացվի»:
«Կարող է` լեւոնականները եւ մնացած բոլորը նման հավաքույթը որպես Սերժի կողմնակիցների ցույց հասկանան: Այնպես որ, երեւի նաեւ հստակ պետք է երեւա` Լեւոնին դեմ եւ Սերժի դեմ էլ»։
Ուշ է երրորդ կողմ փնտրելը, ընտրություններն ավարտվել են, եւ հիմա երկու կողմերի հեղափոխական հակամարտության մեջ խլացվում է երրորդ կողմի ձայնը, այն կարող է լսվել շատ ուշացած, միայն աղետից հետո:
«ԱրմենիաՆաու»
«168 Ժամ». Տեղեկացնենք, որ Վահան Իշխանյանն այս հոդվածը տպագրել էր մինչեւ մարտի 1-ի դեպքերը` փետրվարի 29-ին: