«Ժողովրդական կուսակցության» նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրությունների ավարտից հետո քաղաքական թեմաներով բանաստեղծություններ է սկսել գրել իր կոլեգաների` ԱՄԿ նախագահ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի եւ ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, այժմ արդեն` ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մասին: Տ. Կարապետիչն այս ոտանավորները արտասանել է իր ղեկավարած հեռուստաալիքով: Ընթերցողների խնդրանքով դրանք տպագրում ենք: «Հիմա գրում եմ Վազգեն Մանուկյանի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Տ. Կարապետիչը` խոստանալով ավարտելուց հետո այն անպայման մեզ տրամադրել:
Արթուր Բաղդասարյանի մասին
Անքարտեզ սուտլիկ նավարար,
Նորից դարձար Երիցյանին ղեկավար,
Մուխդ մարի, հենց նույն շենքում
Նույն կուռքերին ես աղոթում։
Սերգոյի հետ ես ապաստանում,
Միշտ էլ եղել եք մի դասարանում,
Էլ ինչ ավանդի վերադարձ,
Դհոլ-զուռնով տարան քեզ դարձ։
Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,
Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,
Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,
Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»։
Պատիվդ տվեցիր ոսկուն
Եվ հեղափոխվեցիր իսկույն,
Չնայեցիր էլ աջ ու ձախ,
Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ։
Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,
Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,
Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,
Պայմանավորված է ձեր տան բյուջեով։
Այժմ նստած ես դու նույն շենքում,
Կրկին իշխանավորն է քեզ կնքում,
Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,
Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում։
Արտաշես Գեղամյանի մասին
Անգլուխ գլուխդ տվիր քարեքար,
Հաշվի չառար՝ ուղին կարճ էր, թե երկար,
Անճար միտքդ թռավ հյուսիսից հարավ,
Էդ ո՞ր գրողի ծոցը Սոկրատեսը քեզ տարավ։
Նյուտոնն ու Նապոլեոնն էլ չփրկեցին,
Եվ իշխանավորները ճամփիդ ասֆալտ փռեցին,
Հիմա բերանդ բաց սպասում ես օր օրի,
Թե ով կտուցով եւ ինչ կբերի։
2008թ. փետրվար-մարտ