Հռոմի նոր պապ ընտրվեց

13/05/2005

Ապրիլի 19-ի երեկոյան Հռոմի նոր պապ ընտրվեց ազգությամբ գերմանացի
կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը, որն ընտրվելուց հետո ընդունեց Բենեդիկտ XVI
անունը:

Հիշեցնենք, որ քվեարկությունը սկսվել էր երկուշաբթի: Առաջին օրը
թեկնածուներից եւ ոչ մեկը չստացավ բավարար ձայներ: Երկրորդ ընտրությունից
հետո նույնպես Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սեւ ծուխ բարձրացավ՝
ազդարարելով, որ ընտրություն դեռ չի կատարվել: Պապն ընտրվեց միայն երրորդ
քվեարկության արդյունքում:

Նորընտիր պապի անունը հավատացյալներին հայտնեց կարդինալ Խորխե Արթուրո Մեդինա Էստեւեսը:

Ընտրվելուց հետո Բենեդիկտ XVI-ը իրեն շփոթված է զգում. «Մի կողմից՝ ես ինձ
շփոթված էի զգում վրաս դրված մեծ պատասխանատվության գիտակցումից, մյուս
կողմից՝ զգում էի իմ անսահման նվիրվածությունը Աստծո հանդեպ»,- չորեքշաբթի
մատուցած իր առաջին պատարագից հետո հայտնել է Պապը: Նա ասել է նաեւ, որ
տարօրինակ զգացումներ ունեցավ, երբ հասկացավ, որ դարձել է 1,1 մլն
կաթոլիկների հոգեւոր առաջնորդը: Նրա խոսքերով՝ իրեն անտեսանելի օգնություն
է ցուցաբերում հանգուցյալ Հովհաննես-Պողոս Պապը. «Ես զգում եմ, որ նա իմ
կողքին է, տեսնում եմ նրա ժպտուն աչքերն ու լսում ձայնը, որն ինձ ասում է.
«Մի՛ վախեցիր»:

Բենեդիկտ XVI-ը մատուցել է իր առաջին պատարագը, իսկ կոնկլավին մասնակից
կարդինալներն իրենց տպավորություններն են հայտնում: Օրինակ՝ կարդինալ
Սիմոնիսը (Դանիա) պարզաբանեց, թե ինչու ծխնելույզից սպիտակ ծուխը մի փոքր
ուշացումով դուրս եկավ. «Պարզվեց, որ վառարանը, որի մեջ այրվում են
քվեաթերթիկները, արդեն շատ հին է, եւ շուտով ամբողջ կապելլան ծխով լցվեց:
Բայց շուտով հաջողվեց հասնել այն բանին, որ բոլոր հավատացյալները տեսնեն
սպիտակ ծուխը»:

Նոր Պապի ընտրության առիթով շատ կաթոլիկ երկրներում մատուցվում է տոնական
պատարագ: Իսկ Գերմանիայում՝ Պապի հայրենիքում, խոհարարները տոնական
կարկանդակներ են թխում, որոնք պապի խույրի տեսքն ունեն:

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Բենեդիկտ XVI-ը չի ողջունում Թուրքիայի անդամակցությունը Եվրախորհրդին:

Դեռ 2004թ. ֆրանսիական «Ֆիգարո» հանդեսին տված հարցազրույցում ապագա Պապը
հայտարարել էր, որ չի դիտում Թուրքիան իբրեւ եվրոպական պետություն:

«Թուրքիան միշտ էլ եղել է այլ մայրցամաք, որը հակադրություն էր կազմում Եվրոպայի հետ»,- ասել է նա: