Խոշտանգումների է ենթարկվել 3 կալանավոր

25/03/2008

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը, որի անդամ է նաեւ ինքը, այցելել են ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն», «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպել են թվով 62 կալանավորի հետ: Ըստ նրա` բերման ենթարկելիս եւ Ոստիկանության բաժիններում խոշտանգումների են ենթարկվել թվով 3 կալանավորներ` Մուշեղ Սաղաթելյանը, Սամվել Հարությունյանը եւ Դավիթ Առաքելյանը: Իսկ Դավիթ Մաթեւոսյանը ծեծի է ենթարկվել ձերբակալման պահին: Ա. Իշխանյանը նաեւ տեղեկացրեց, որ բանտախցերը եղել են խիստ ծանրաբեռնված, եւ կալանվածների մեծ մասի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի իրականացվում: Բացի այդ, ըստ նրա` կալանվածների մեծ մասը չունի նաեւ փաստաբաններ։ «Նրանք չեն էլ հասկանում, որ կարող են ունենալ փաստաբաններ»,- ասել է Ա. Իշխանյանը: Ի դեպ, Ա. Իշխանյանը տեղեկացրել է նաեւ, որ իրենց խումբը հանդիպել է նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, եւ լուրերը, թե նա ծեծի է ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում: «Ես այդ հանդիպմանը չեմ եղել, բայց մեր գործընկերների հետ զրույցում Հ. Հակոբյանը հերքել է այդ լուրերը»,- փոխանցել է Ա. Իշխանյանը: Նշենք, որ այս օրերին կալանավայրեր են այցելելու մի շարք դիտորդական խմբեր, այդ թվում նաեւ` ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT):