Երեկ Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող սրճարաններից մեկից դուրս է կանչվել եւ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվել Առաքել Սեմերջյանը: Նա ՀՀ Արտգործնախարարության այն աշխատակիցներից էր, ովքեր հայտարարել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին: Ի դեպ, Ա. Սեմերջյանը Լ. Տեր-Պետրոսյանի քրոջ որդին է: Միաժամանակ երեկ ՀՀ Գլխավոր դատախազություն է հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Նա որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով: Մի քանի ժամ Դատախազությունում հարցաքննվելուց հետո Արամ Սարգսյանն ազատ է արձակվել: