Կոալիցիաներն անպտուղ են, եթե…

25/03/2008

Երեկվա ասուլիսում անդրադառնալով իշխանական քառակողմ կոալիցիայի ձեւավորմանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն ասել է. «Բովանդակությունը մնում է նույնը: 10 տարի շարունակ այդ քաղաքական ուժերն են եղել երկրի կառավարման ղեկին: Չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացուցիչ են: Ուստի այսօր որեւէ վստահություն չի կարող լինել, որ կոալիցիա կազմելով` նրանք նոր որակներ ձեռք կբերեն»: Ըստ նրա` եթե չկա ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհ, կոալիցիաներն անպտուղ են: «Կոալիցիաները կարող են լրացուցիչ բռնաճնշման միջոց դառնալ: Այսօր ԱԺ-ում 7 հոգուց բաղկացած ընդդիմադիր մի հատված կա` «Ժառանգություն» խմբակցությունը, եւ իշխանական մեքենան ամեն ինչ անում է, որ այդ ընդդիմադիր հատվածը բռնաճնշվի եւ որեւէ հնարավորություն չունենա»,- ընդգծել է Ա. Մելիքյանը` հավելելով, թե այսօր «կոտորված» է բոլոր կողմերին սատարող ժողովուրդը, որովհետեւ «ժողովուրդը չէր պատկերացնում, որ քաղաքական գործիչները կարող էին այնքան հեռու գնալ, որ գործը հասնի մարդասպանության»: Ա. Մելիքյանի ասելով` «անմեղներ չկան», եւ «մենք բոլորս սխալներ ենք գործել, եւ ես չեմ ուզում մեղքը բարդել կոնկրետ մարդկանց վրա: Մենք պետք է իրավիճակ ստեղծենք, որտեղ նվազագույնի կհասցվի այդ մեղավորների առաջացման հնարավորությունը: Պետական կառավարման մեքենան պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հասարակությանը: Ես չեմ պատկերացնում, թե բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչն ինչպես կարող է ստել»: Նա, սակայն, չի մանրամասնել, թե խոսքը հատկապես ո՞ւմ մասին է. «Բարձր պետական գործիչն իրավունք չունի ստել: Սուտն ու կեղծիքը պետական կառավարման զինանոցից պետք է վերացվեն: Եթե պետական գործիչը չի կարողանում փաստարկների ուժով իր շուրջը համակիրներ հավաքագրել, նա պետք է հեռանա ասպարեզից»,- ասել է նա: