ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` մարտի 1-ի իրադարձություններին հաջորդող շրջանում պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներ այցելության ժամանակ հանդիպել են խոշտանգումների ենթարկված թվով 3 անձանց:
Աշխատանքային խումբը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», «Վանաձոր», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում հանդիպել է ընդհանուր առմամբ մոտ 50 կալանավորված անձանց հետ, որոնց զգալի մասն, ըստ նրանց` անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Կալանվածների պնդմամբ` իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքներն «անհիմն» են եւ կրում են բացառապես «քաղաքական» բնույթ: Նշված 50 կալանավորված անձանցից 3-ը պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ բերման ենթարկելիս կամ Ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների: Նրանցից երկուսը գտնվում են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ մյուսի մասին գրասենյակը տեղեկություն չի հաղորդում: Ի դեպ, ըստ պաշտպանի գրասենյակի կայքում տեղադրված տեղեկատվության` աշխատանքային խմբերի կողմից այցելությունների պահին քրեադատավարական իրավունքների խախտման դեպքեր չեն արձանագրվել:
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել մարտի 17-ին: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը պաշտպանի հանձնարարականով ստեղծված խմբին տեղեկացրել է, որ իրենց հիմնարկում պահվում են 18 կալանավորված քաղաքացի: Աշխատանքային խումբը, սակայն, հանդիպել է նրանցից ընդամենը 6-ի հետ: Նրանք անհամաձայնություն են հայտնել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ` պնդելով, որ իրենց հասցեագրված մեղադրանքներն «անհիմն» են եւ կրում են բացառապես «քաղաքական» բնույթ: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորներից մեկն, ի դեպ, հրաժարվել է հանդիպել պաշտպանի ներկայացուցիչների հետ: «Կալանավորված անձինք քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի մասին որեւէ բողոք չեն ներկայացրել»,- ասված է պաշտպանի գրասենյակի կայքէջում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել երկու անգամ` մարտի 14-ին եւ մարտի 17-ին: Այդ երկու այցելությունների ժամանակ նրանք հանդիպել են ընդհանուր առմամբ թվով 24 կալանավորված անձանց հետ: Գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ հստակ չի նշվում, թե նրանցից քանիսն են դժգոհել իրենց ներկայացված մեղադրանքներից: «Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանց գերակշռող մասը անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ՝ առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ մեղադրանքների հիմքում ընկած փաստերի հիմնավորվածության գնահատումը դատական ատյանների իրավասությանն է, որոնց գործունեությանը պաշտպանը միջամտելու լիազորություններ չունի: Հանդիպումների ընթացքում պարզաբանվել է նաեւ, որ այս փուլում պաշտպանի իրավասությանն են վերաբերում տվյալ անձանց քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը, կանխարգելումը եւ վերականգնումը»,- ասված է պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ: Ի տարբերություն պաշտպանի գրասենյակի` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մասին տրված տեղեկատվության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերաբերյալ նշված չէ, թե այստեղ քանի կալանավոր կա: Ընդամենը նշված է, որ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորներից 20-ն ապահովված են փաստաբաններով: 1-ը հայտնել է, որ փաստաբան չունի, սակայն պահանջել է: Նշել է նաեւ, որ իրեն ստիպել են հրաժարվել փաստաբանից: Մեկ այլ կալանավորված քաղաքացի նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ հանդիպելու խնդրանքով՝ իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն, ըստ նրա` փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: 3-ը հայտնել են, որ նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալ»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Կալանավորված անձանցից 9-ը նաեւ հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց համապատասխան կարգավիճակ է տրվել քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների կոպիտ խախտումներով:
Նշենք, որ, համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարտի 19-ի դրությամբ պահվում էր թվով 70 կալանավոր: «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ Ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից մեկը հաշմանդամ է (խուլ եւ համր): Ըստ իր խցակցի` նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար: Նշված փաստերի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում են աշխատանքներ` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներում»,- ասված է տեղեկատվության մեջ:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Ինչպես հայտնի է, այստեղ գտնվում է միայն մեկ կալանավոր` Վարդան Ջհանգիրյանը (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը): Պաշտպանի աշխատանքային խումբն այնտեղ եղել է մարտի 12-ին եւ հանդիպել է Վ. Ջհանգիրյանի հետ: Վերջինս հայտնել է, որ տառապում է ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությամբ: Ըստ նրա, այդ պահին իր առողջական վիճակը հարաբերական նորմալ է եղել: Նա պաշտպանի ներկայացուցիչներին ասել է, որ «մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու եւ ապօրինի զենք կրելու մեջ»: Նա նույնպես պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: «Նա հայտնեց, որ ՔԿՀ-ի աշխատակիցների գործողությունների առումով որեւէ բողոք-գանգատ չունի»,- փոխանցում է պաշտպանի գրասենյակը: