Տեղեկացվա՞ծ են եղել

25/03/2008

Թուրքիայի անվտանգության ծառայության 2 աշխատակիցները հինգշաբթի օրը դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության մասին: Մեղադրյալներից մեկը հայտնել է դատավորին, որ 2006թ. օգոստոսին հանցագործության ենթադրյալ կազմակերպիչ Յասին Հայալի ազգականը իրեն հայտնել է պատրաստվող սպանության մասին: Նա պնդել է, թե այդ տեղեկությունը փոխանցել է վերադասին, սակայն դրան որեւէ գործողություն չի հետեւել: «Մենք ոչինչ չենք ձեռնարկել դրանից հետո, որովհետեւ ոչ մի հրահանգ չենք ստացել»,- ըստ «Ֆրանսպրեսի»՝ ասել է մեղադրյալը: Նա մեղադրել է իր վերադասին, որ Դինքի սպանությունից հետո նրանք կեղծել են փաստաթղթերը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենք չեն իմացել սպանության մտադրության մասին: Մեղադրյալն ավելացրել է, որ իրեն հոգեբանական ճնշման են ենթարկել` ստիպելով կոծկել փաստերը եւ ստել կառավարական տեսուչներին, որոնք հետաքննություն են անցկացրել անվտանգության ուժերում: Մյուս մեղադրյալը հաստատել է իր գործընկերոջ պնդումները: