Երեկ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել են սադրիչ լուրեր` նպատակ հետապնդելով բորբոքել ցուցարարներին եւ նրանց մեջ ատելություն սերմանել ոստիկանների նկատմամբ: Նման սադրիչ լուրերից մեկն էլ եղել է այն, թե իբր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում Ոստիկանությունը սպանել է 12-ամյա մի երեխայի, ինչը դարձել է որոշ ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների դիմելու ազդակներից մեկը: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 12-ամյա երեխայի սպանության մասին ակնհայտ կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, տարածել է մի կին` հանրահավաքի կազմակերպիչների նախաձեռնությամբ եւ դրդմամբ՝ նշված տարածքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ: Քրեական գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում հիշատակված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ»: