Մի հոգին զոհ էր, յոթը՝ վիճակագրություն

25/03/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մարտի մեկին զոհվեց ՀՀ ութ քաղաքացի: Պաշտոնական տեղեկատվությունը մեզ պարտադրեց ճանաչել զոհերից միայն մեկին` մի սպայի, որի հերոսության մասին պատմեցին նրա զինվորական ընկերները, որի թաղման արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ ամենը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: Բայց մենք այդպես էլ չիմացանք` ովքեր են այն յոթ քաղաքացիները, որոնք զոհվեցին այդ օրը: Քանի՞ տարեկան էին, որտեղի՞ց էին, ի՞նչ հանգամանքներում զոհվեցին, ինչո՞ւ հեռուստալրագրողները, որ այդքան փութաջանորեն մատուցում էին միակողմանի ու վստահություն չներշնչող ինֆորմացիա, չայցելեցին զոհերի տուն, չզրուցեցին նրանց հարազատների հետ, չհայտարարեցին` երբ եւ որտեղից պետք է կատարվի հուղարկավորության արարողությունը:

Ունե՞նք մենք` ՀՀ քաղաքացիներս, արժեք մեր պետության համար: Մեզնից յուրաքանչյուրը կարող է իրեն դնել յոթ զոհերից որեւէ մեկի տեղն, ու պատասխանն ակնհայտ է դառնում. մեզնից յուրաքանչյուրը եւս անդառնալիորեն կջնջվեր պետության հիշողությունից` որպես անուն-ազգանուն` մնալով որպես վիճակագրություն, որպես մեկը` յոթ զոհերից: Այս անհոգի վերաբերմունքը՝ զոհված քաղաքացիների նկատմամբ, հասարակության ներսում անհնազանդության ու անվստահության զգացողություն է առաջացնում: Ամեն օր նոր ձերբակալվածների անունները դեպրեսիայի մեջ են պահում բոլորին: Իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկած պատգամավորներին եւ մնացածներիս հեռուստատեսությունը մարտի 13-ի երեկոյան հրամցրեց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալության կադրերը: Այդ հայ տղամարդուն նվաստացրած, ահավո՛ր նվաստացրած իջեցնում են մկանուտ համազգեստավորները աստիճաններով` անընդհատ կոպտորեն կռացնելով նրա գլուխը: Նրա ընտանիքի անդամները, հարազատները, ցանկացած մտածող մարդ այդ տեսանյութից հետո խաղաղասիրական զգացումներով չի պայմանավորի իր հետագա գործողությունները: Տղամարդուն, մարդուն նվաստացնելու այդ ցուցադրականությունը հեռուստադիտողներս ընկալեցինք որպես մեսիջ` յուրաքանչյուրիս: Իրավապահների հետ շփումը երբեք վտանգավոր չէր լինի, երբեք որեւէ քաղաքական գործչի մտքով չէր անցնի ընտրել թաքնվելու ճանապարհը, եթե վստահ լիներ, որ ինքն իրավական հարթությունում է, որ իր հետ կվարվեն օրենքով:

Այս ողջ պատմության ելակետն, այդուհանդերձ, ութ զոհերն են: Նրանց կորստի ցավը համաժողովրդական չդարձավ, քանի որ զոհվածներից եւ ոչ մեկին որեւէ մեկս այդպես էլ չճանաչեցինք:

Փետրվարի 19-ից հետո Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ու անհնազանդության շարժումն ի սկզբանե խիստ անձնավորվեց ավելի, քան պետք էր: Իսկ փետրվարի 28-ին արդեն Արթուր Բաղդասարյանից, Դաշնակցությունից հիասթափությունն ահավոր մեծ էր եւ անսպասելի՝ գոնե վերջիններիս ընտրողների համար:

Մարտի մեկի առավոտյան իրադարձություններից հետո մարդիկ մնացել էին միայնակ` իրենց շփոթմունքի, նվաստացման հետ, եւ ստիպված էին դուրս գալ այս անգամ արդեն Մյասնիկյանի արձանի մերձակա հրապարակ: Քանի որ այս շարժումն առաջին իսկ օրվանից կապվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բոլոր թիրախներն ուղղվեցին նրա դեմ` առանց հաշվի առնելու այն հարյուր-հազարավոր մարդկանց, որոնց մի մասն էր միայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը: Մնացած հարյուր-հազարավորները միացել էին շարժմանը, քանի որ հրապարակում այլ առաջնորդ չկար. մի մասը թաքնվել էր կոալիցիոն հուշագրի տակ, մյուս մասի ալիբին իր ատելությունն էր Տեր-Պետրոսյանի հանդեպ: Հեռուստատեսությունը, որ ամիսներ շարունակ միակողմանի տեղեկատվություն էր տարածում, Ազատության հրապարակում հավաքված մարդկանցից շատերին ներկայացնում էր որպես թմրամոլ, բոմժ: Սա՝ այն դեպքում, երբ մեր հոգեւոր հովիվներից մեկը, որը միշտ ներկա էր գտնվում հանրահավաքներին, օրերս մեզ հետ զրուցելիս ասաց, որ Ազատության հրապարակում այնպիսի առողջ ու դրական մթնոլորտ էր, որ անգամ մի քանի հարյուր հազար մարդկանց մեջ եթե մեկի դրամապանակն էլ կորչում էր, գտնում էր իր տիրոջը: Նույն այդ քահանան, իր օծակից երկու եղբայրների հետ, մարտի մեկին նաեւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ էր: Նա պատմեց, որ «Վիլիս» մակնիշի մի ավտոմեքենա մեծ արագությամբ ընթանում էր ուղիղ մարդկանց վրա, որ երկու հոգի վիրավորվեցին, ինքն էլ մի կերպ հաջողացրեց խուսափել հարվածից: Եթե հեռուստատեսությամբ ցուցադրված «Վիլիսը», որի հետեւից մարդիկ վազում են, հարձակվում վարորդի վրա եւ հետո այրում մեքենան, այդ նույն մեքենան է, զայրացած մարդկանց վարքը (կպնդի ցանկացած հոգեբան) խիստ ադեկվատ էր իրավիճակին: Եվ, առհասարակ, երբ հեռուստատեսությամբ քննիչներից մեկը խոսում է կոդավորված բառերի, մտքերի մասին, որպիսիք են «ընտանիք», «հայրենիք», «սրանք թուրք են», «հաղթելո՛ւ ենք», լավ կլիներ, որ նույն հոգեբանական վերլուծության ենթարկեին նաեւ այն հարյուր-հազարավոր մարդկանց վարքը, ովքեր Ազատության հրապարակում առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո վրդովված, շփոթված, հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ:

Եվս մեկ բան. բոլորը` թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե այն չեզոք մարդիկ, որոնց Մյասնիկյանի արձանի մոտ էր բերել առավոտյան Ազատության հրապարակում կատարվածի հանդեպ բողոքը, միաբերան պնդում են, որ հավաքված հարյուր-հազարավոր ցուցարարների զայրույթը կարող էր մեղմել բացառապես Տեր-Պետրոսյանի ներկայությունը: Պաշտոնական լրատվությունը հաղորդեց տեղեկատվություն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմաններ է դրել, որոնք կատարել իշխանությունները նպատակահարմար չեն գտել: Հասարակությանն էլ Տեր-Պետրոսյանը դեռեւս չի տվել պատասխանը` ինչո՞ւ ինքը չեկավ հրապարակ, երբ հրապարակում այնպիսի մթնոլորտ էր, որ անկախ բոլոր արգելքներից` ժողովուրդը պատրաստ էր գնալ եւ նրան տանից բերել այդտեղ: Հայտարարվել էր տնային կալանքի մասին: Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշեց այլ պատճառ` խուլիգան մեկի ձեռքից սպանվելու վտանգը: Համաժողովրդական շարժման առաջնորդի համար սա այնքան էլ ծանրակշիռ հիմնավորում չէ: Ամեն դեպքում, նրա չգալը հրապարակ՝ հանգեցրեց իր հարյուրավոր մերձավորների ձերբակալություններին. հետախուզման մեջ է մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը: Սրանք բոլորը մարդկային ճակատագրեր են: Մենք սուրճ ենք խմում, զրուցում ենք, ճաշի սեղանի շուրջ քննարկումներ անում`ով էր մեղավոր կամ անմեղ: Սա գուցեեւ բնական է, բայց ոչ ազնիվ նրանց առաջ, ում հարազատներն այլեւս չկան, ում հարազատները մեկուսարաններում են կամ փախուստի մեջ: Ասել, թե սա քաղաքական պայքար է, որը զոհեր ու ձերբակալվածներ է ենթադրում, հեշտ է, եթե զոհվածը քո տանից չէ, իսկ ձերբակալվածի կամ փախուստի մեջ գտնվողի կյանքը քեզ համար բավական թանկ չէ: Հասարակությունը Տեր-Պետրոսյանից ակնկալում է քայլեր, կոնկրե՛տ քայլեր`ուղղված ձերբակալվածների ազատ արձակմանը կամ ազնիվ քննության ապահովմանը, հասարակության ոգին չկոտրելուն, ժողովրդական դժգոհության ալիքն իր անձով չպայմանավորելուն եւ իր անձին չվերագրելուն: Եթե անգամ դրա համար անհրաժեշտ է ստորադասել սեփական անձը եւ երկխոսություն սկսել իշխանությունների հետ: