Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք սննդամթերքի, անշարժ գույքի շուկայում եւ այլ ոլորտներում տիրող գնաճը: Նշել էինք նաեւ շինանյութի գնաճին, ինչն էլ շղթայաբար ի վերջո կհանգեցնի անշարժ գույքի գների աճին:
Շինարարության վրա ծախսվող գրեթե բոլոր նյութերի, պարագաների գները վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն թանկացել են: Դրանում մենք համոզվեցինք` այցելելով Էրեբունի համայնքում տեղակայված շինանյութի խանութներ, ինչպես նաեւ՝ զրուցելով շինարարների հետ: Օրինակ, եթե նախկինում՝ 2007թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գաջի մեկ պարկն արժեր 1300 դրամ, ապա այսօր այն դարձել է 1600 դրամ: Ավազի մեկ բեռնատար մեքենան, այսինքն` 4-4.5 կուբամետր ավազն այսօր արդեն արժե 30.000 դրամ, մինչդեռ նախկինում այն 16.000 դրամ էր: Ցեմենտի մեկ պարկի արժեքը նախկինում կազմում էր 1700-1800 դրամ, ապա այժմ այն վաճառվում է 2000-2100 դրամով: Իսկ մեկ տարի առաջ ցեմենտի 1 պարկի արժեքը 1200 դրամ էր, իսկ գաջի 1 պարկը` 600-800 դրամ: Մեկ տուֆ քարի գինն այսօր արդեն տատանվում է 130-160 դրամի սահմաններում՝ կախված քարի որակից. օրինակ, Արթիկի եւ Հոկտեմբերյանի տուֆ քարերը տարբեր որակ եւ տարբեր գներ ունեն: Այնուամենայնիվ, շինարարները նշում են, որ նախկինի համեմատ՝ տուֆ քարի գինն առնվազն 20 դրամով թանկացել է: Եթե արմատուրայի 1 տոննայի արժեքը 2007թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում էր 950 ԱՄՆ դոլար, ապա այսօր 1150 դոլար է: Շինարարության մեջ հաճախ օգտագործվող սովորական մեխի մեկ կիլոգրամն այսօր արդեն արժե 700 դրամ, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ 400-450 դրամ էր: Չամ տախտակի մեկ կուբամետրը նախկինում 200-250 դոլար էր, իսկ այժմ` 400-500 դոլար է: Նրբատախտակի (ֆաներա) մեկ հատը դեռեւս մի քանի ամիս առաջ արժեր 6000 դրամ, այժմ` 9000 դրամ: Իտալական ներժավ խողովակների մեկ գծամետրի արժեքը նախկինում 3500-4000 դրամ էր, այժմ, սակայն, այն 8000 դրամ է, եւ մասնագետների հավաստմամբ` անգամ այդ գնով բավական բարդ է այն գտնելը: Լիդակոլ սոսինձը (25 կգ-ն), որով սովորաբար սոսնձում են սալիկները, ներկայումս արժե 6000 դրամ, մինչդեռ նախկինում այն արժեր 4000 դրամ: Տան վերանորոգման աշխատանքներում հաճախ օգտագործվող գիպսակարտոնը թանկացել է շուրջ 25-30 տոկոսով: Եթե ժամանակին մեկ գիպսակարտոնը (1.20×2.40 չափսի) արժեր 3400-3600 դրամ, ապա այժմ այն 4800 դրամ արժե:
Շինանյութերի խանութներից մեկի աշխատակիցը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին երկաթի գինը կթանկանա եւս 10-14 տոկոսով: Մեկ այլ` երկաթի վաճառքով զբաղվող խանութներից մեկի աշխատակիցն էլ մեզ ասաց, որ երկաթի գինը սկսել է թանկանալ Նոր տարուց հետո, սակայն այժմ թանկացման նոր միտում է նկատվում: Վերջինս նշեց, որ թանկացման հիմնական պատճառը եվրոպական շուկայում շինանյութի գների թանկացումն է. «Ներկրողը ստիպված ավելի թանկ գնով է տալիս մեզ: Իսկ երկաթը հատկապես թանկացել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում»: Այս խանութի աշխատակցի խոսքերով` թանկացումն անդրադարձել է գնորդների քանակի վրա, որը զգալիորեն նվազել է:
Էլիտար շենքերում շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ կատարող մեր զրուցակիցը նկատեց, որ շինանյութի գների նման թանկացումն անպայման կանդրադառնա նաեւ անշարժ գույքի գների վրա: Եթե, օրինակ, 2006-2007թթ. Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպական երկրներում ապրող հայերը կարողանում էին Երեւանի նորակառույց շենքերում մեկ (նույնիսկ` 2-3) բնակարաններ գնել, գումար բերել-ներդնել Հայաստանում, ապա անշարժ գույքի գների նման աճի այս պայմաններում նրանք այլեւս այդ նույն գումարով կնախընտրեն բնակարան կամ այլ անշարժ գույք ձեռք բերել եվրոպական որեւէ երկրում, քան Հայաստանում: