Ամենայն հավանականությամբ, այս ամռանը վանաձորցիները կիզիչ արեւից
պաշտպանվելու հնարավորություն չեն ունենա, քանի որ «էտում» անվան տակ՝ Մ.
Գոշի, Տերյան եւ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող ծառերը վերջերս այնպես են
«թրատել», որ հազիվ թե դրանք արեւից պաշտպանելու հնարավորություն ունենան։
Ենթադրվում է, թե ծառերի այդ «մոդայիկ սանրվածքի» ընդօրինակումն այդ
առումով մայրաքաղաքի «առաջավոր փորձից» է փոխանցվել։ Որպես կանոն, նման
«էտումների» ժամանակ որեւէ պաշտոնական մարմին հսկողական գործունեություն
չի իրականացնում (թերեւս, պատասխանատվությունից խուսափելու նպատակով),
ինչը հնարավորություն է տալիս «էտողներին»՝ իրենց գործողությունների մեջ
ավելի համարձակ լինել (հատվող ճյուղերից «փայ» ունենալու ակնկալիքով)։
Կտրատվող ճյուղերն, անշուշտ, կդառնան վառելափայտ, հետագայում այլեւս
չծաղկող եւ կոճղի վերածվող ծառերը՝ նույնպես։ Ասվածի վկայությունն են
«իրեղեն ապացույց» զանազան ծառահետքեր՝ տարբեր փողոցներում եւ այգիներում։
Եթե այս ամենին գումարենք այն տարածքների ծառաջարդը, որոնց տերերը դրանք
վարձակալել են «հանգստի եւ սպասարկման գոտի» դարձնելու նպատակով, ապա
մնում է զարմանալ, թե ինչո՞ւ մարզի ղեկավարությունն ու նրան սպասարկող
ԶԼՄ-ներն ավելի հաճախ մատնանշում են Լոռվա անտառների անտառահատումների
մասին, իսկ քաղաքի կանաչ տարածքի ոչնչացման թեմայի կողքով «նրբանկատորեն»
անցնում են։ Ի դեպ, օրերս ամբողջությամբ հատվեցին 3 հսկայական ծառեր՝
Տիգրան Մեծ 47 հասցեում, վթարային շենքին ապօրինի ավելացված կցակառույցի
առջեւ. այսինքն, կրկնակի ապօրինաշինություն է իրականացվել։ Ստացվում է, որ
շենքերի առաջին հարկերը գրավող ցանկացած «գործարար» կարող է իր վարձակալած
տարածքում գտնվող ծառերը թրատել, հաշվի չառնելով, որ դրանով մեծապես վնաս
է հասցնում բնությանը, մարդկանց, քաղաքի ճարտարապետական տեսքին։ Իսկ
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ եւ բարեկարգման բաժնի պետն օրերս
տեղական հեռուստատեսությամբ հավատացնում էր, թե իրենք մեծ ուշադրություն
են դարձնում գործարարներին հատկացված տարածքներում ծառերի պահպանությանը,
այն դեպքում, երբ արդեն քանի տարի է՝ քաղաքապետարանի շրջակայքում եւ
հանդիպակաց մայթին ծառեր են հատվում։
Այս համատեքստում նաեւ հարց է առաջանում, թե ինչո՞ւ մայթերը երիզող
թփածածկույթը չեն «էտում», իսկ դրա հետեւանքով կանաչ թփածածկույթները կա՛մ
վերանում են («ասպատակության» ենթարկվելով եւ ասֆալտապատվելով տարածքը
տնօրինող վարձակալների կողմից), կա՛մ վեր են ածվում «մացառների»՝
կենցաղային աղբի համար հուսալի թաքստոց հանդիսանալով։ Կ. Դեմիրճյան
պողոտայի բնակիչներն, օրինակ, չեն հիշում, թե մայթերը երիզող, դեռեւս
տեղ-տեղ պահպանված թփածածկույթը քանի՞ տարի առաջ է «մկրատի» արժանացել։
Տեղական իշխանությունները նախընտրում են այս առումով ուշադրության
արժանացնել միայն Հայքի հրապարակին հարող տարածքները։