Երեկ առաջին օրն էր՝ արտակարգ դրությունից հետո։ Բոլորն էին սպասում՝ ինչ կլինի։ Ե՛վ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ ժողովուրդը։
Իսկ ինչ եղավ այդ օրը։ Քաղաքական չորս ուժեր՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիր: Այնտեղ նշված է. «Հիմք ընդունելով 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը, 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա»:
Այստեղ առանձնահատուկ ուշադրության է արժանի «հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը» արտահայտությունը։ Նախ՝ մի քիչ դժվար է ասել՝ ինչ է նշանակում՝ «սոցիալական գործընկերություն»։ Սակայն, ընդհանուր առմամբ, սոցիալական հարցերը ներկա իրավիճակում շատ կարեւոր են։ Դժվար է ասել, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը ո՞ր խնդիրներից է ավելի շատ դժգոհում՝ սոցիալակա՞ն (երբ թոշակը հերիքում է օրական մի փոր հացի), իրավակա՞ն (երբ ձու գողացողին «02»-ով ցույց են տալիս, իսկ «ձի» գողացողներին դարձնում արդարության մարմնավորում), բարոյահոգեբանակա՞ն (երբ հասարակության մեջ իրենց լավ են զգում շողոքորթությամբ ու անսկզբունքայնությամբ ճանապարհ հարթողները), թե՞… Բոլոր նշվածներն էլ դեր խաղում են։ Պարզապես սոցիալական ասպեկտը, կարելի է ենթադրել, որ մյուսներից ավելի թույլ է արտահայտված։ Նման եզրահանգման գալու համար կարող է հիմք ծառայել անգամ պաշտոնական տեղեկատվությունը։ Դրա համաձայն, վերջին 10 տարիներին երկրի տնտեսությունն արագ աճում է, կենսամակարդակը՝ բարձրանում, աղքատությունը՝ նվազում։ Այսինքն՝ սոցիալապես անապահով մասի տեսակարար կշիռը բնակչության մեջ նվազում է։ 2003թ. նախագահական ընտրություններին իշխանությանը դեմ քվեարկելու համար մարդիկ ավելի շատ սոցիալական պատճառներ ունեին, քան 5 տարի անց։ Սակայն բողոքի նման հզոր ակցիաներ ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության մեջ չեն եղել։ Պատճառներից մեկն այն է, որ երբ մարդու «փորը կուշտ» է, նրան արդեն սկսում են հետաքրքրել այլ արժեքներ՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ։ Մարդիկ աստիճանաբար սկսում են մոռանալ նախկին սոցիալական դժվարությունները, փորձում են հասկանալ դրա օբյեկտիվ պատճառները։ Միեւնույն ժամանակ, տարիների ընթացքում շփվելով Արեւմուտքի հետ՝ սկսում են բարի նախանձով նայել, իրենք էլ են ուզում ունենալ այնպիսի երկիր, որտեղ, օրինակ, ոստիկանից ոչ թե կվախենան, այլ նրա մեջ կտեսնեն պաշտպանի։ Երեւի հենց այդ էր պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ցուցադրվող հոլովակներն ու ինտենսիվ հակաքարոզչությունը տվեցին լրիվ հակառակ արդյունք։
Վերադառնանք սոցիալականին։ Ի տարբերություն 1998-ի, 2003-ի, 2004-ի հանրահավաքների, այս անգամ ցուցարարների մեջ գերակշռում էին ոչ թե թոշակառուները, այլ երիտասարդները։ Ու որքան էլ հեռուստատեսությունը բազմահազարանոց ցուցարարներից գտնում ու նկարում էր որեւէ հարբեցողի կամ բոմժի, փորձելով հանրահավաքի մասնակիցներին նույնացնել այդ կատեգորիայի հետ, փաստն այն է, որ ցուցարարների մեջ գերակշռում էին ինտելեկտուալ ու ապահովված մարդիկ, որոնք ամենեւին էլ իրենց սոցիալական վիճակի պատճառով չէին այնտեղ եկել։
Սակայն այժմ հասունանում է նաեւ սոցիալական խնդիրը։ Նախորդ համարում նշել էինք տնտեսության վիճակի վատթարացման (գնաճ, զբոսաշրջության նվազում եւ այլն) հետեւանքները։ Հենց շարունակվող հանրահավաքի օրերին էր, որ Բուզանդի փողոցի բնակիչները բողոքում էին կառավարության շենքի առջեւ։ Այս օրերին, տարբեր պատճառներով, աշխատանքից ազատվել կամ հարկադիր արձակուրդի մեջ են հայտնվել մեծ թվով մարդիկ (օրինակ, հյուրանոցների աշխատակիցներ)։ Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ բողոքում էին նաեւ տաքսու վարորդները՝ դեմ արտահայտվելով հարկերի բարձրացմանը։ Այդ հարցի լուծումը հետաձգվեց մինչեւ ապրիլի 1-ը։ Եթե կառավարությունն, այնուամենայնիվ, իրականացնի այդ քայլը, ապա «սոցիալապես» դժգոհների բանակը կհամալրեն նաեւ վարորդները։ Այս ամենից բացի, որքան էլ պաշտոնյաները պնդեն, որ բյուջեի կատարումը վտանգի տակ չէ, ամեն ինչ այդքան հարթ էլ չէ։ 2007թ. մեկուկես միլիարդի փոխարեն՝ այս տարի պետք է հավաքվի 2.5 միլիարդանոց բյուջե։ Սակայն այս տարվա առաջին ամիսների տնտեսական զարգացումները լավատեսություն չեն ներշնչում։ Բյուջեն լցնելու համար տնտեսությունը պետք է աճի, սակայն մենք առայժմ կրում ենք վնասներ՝ զբոսաշրջության, ներդրումների, արտաքին առեւտրի տեսանկյունից։ Իսկ ինչպե՞ս է լցվելու բյուջեն։ Արդեն ահազանգեր կան, որ հարկային մարմինները ներքին կարգով մանր ու միջին գործարարներին հորդորում են 2-3 անգամ ավելի հարկեր վճարել։ Սակայն, եթե բյուջեի բեռը դրվի ոչ թե գերշահույթներ ստացող մոնոպոլիստների եւ օլիգոպոլիստների, այլ ծայրը ծայրին մի կերպ հասցնող մանր գործարարների վրա, ապա նրանք էլ կհամալրեն «սոցիալապես» դժգոհների բանակը։ Արդյունքում, հաշվի առնելով վերը նշված գործոնները, մեկ ամիս հետո իշխանությունից զուտ սոցիալական առումով դժգոհող մարդկանց թիվն ավելի շատ կլինի, քան փետրվարի 18-ին՝ մինչեւ ընտրությունները։
Ինչ վերաբերում է բողոքի ալիքի վրա ազդող մյուս գործոններին, ապա այստեղ էլ լավատեսական հույսեր առայժմ չկան։ Մարդկանց շարունակում են գրգռել միակողմանի հեռուստառեպորտաժներով։ Նոր կոալիցիայի հայտարարության մեջ նշվում է «համերաշխության մթնոլորտի ձեւավորումը», սակայն դա այնքան էլ ազնիվ չի հնչում։ Այս իրավիճակում համերաշխության մթնոլորտ հաստատելու անհրաժեշտություն կա ընդդիմադիր եւ իշխանական հատվածների միջեւ, մինչդեռ այս դեպքում համերաշխություն իշխանությունը հաստատում է ինքն իր ներսում։ Բոլոր ուժերն էլ վերջին տարիներին իշխանության մաս են կազմել, ու երկնքից չեն իջել։ Մնում էր միանար Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցությունը։ Արթուր Բաղդասարյանի գործոնն էլ համոզիչ չէ։ Երբ Ա. Բաղդասարյանը խոսում է վստահության քվեից՝ ասելով, որ ունի 300 հազար ընտրող, դա այնքան էլ այդպես չէ։ Կոնկրետ թիվ չնշենք, որպեսզի մերկապարանոց չհնչի, սակայն այդ 300 հազարի մեջ հազարավոր մարդիկ ձայն էին տվել Արթուր Բաղդասարյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածուի։ Այսինքն, Ա. Բաղդասարյանն այսօր, փաստացի, չունի 300 հազար ձայնի վստահության քվե։ Նրանից, այսպես ասած, հիասթափվածները կա՛մ միացել են Տեր-Պետրոսյանի համախոհներին, կա՛մ դեռ ուշքի չեն գալիս հիասթափությունից։ Ի դեպ, նույնատիպ մարդիկ շատ կան նաեւ Վահան Հովհաննիսյանին ընտրողների մեջ, որոնց մի պահ թվացել էր, թե ՀՅԴ-ն չընտրվելու դեպքում դառնալու է արմատական ընդդիմություն։
Վերջին օրերին շրջանառվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Չենք կարող ասել՝ որքանով է դա ճիշտ, որքանով սխալ։ Սակայն այն, որ ներկայիս ԱԺ-ն (իր կառուցվածքով, ոչ թե առանձին դեմքերով), չի ներկայացնում հասարակությունը՝ ակնհայտ է։ Պարզ հաշվարկ կատարենք։ 131 պատգամավորներից ընդդիմադիր են միայն «Ժառանգության» 7 անդամները։ Դա պատգամավորների թվի մոտ 5%-ն է։ Իսկ հիմա նայենք նախագահական ընտրությունների արդյունքներին։ Անգամ պաշտոնական տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ 21%։ Եթե այս 21%-ին գումարենք Արթուր Բաղդասարյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, ձայն տված եւ փոշմանած անձանց, Վահան Հովհաննիսյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, ձայն տված եւ փոշմանած անձանց, Վազգեն Մանուկյանի (փոշմանած կամ չփոշմանած) ընտրողներին, կստացվի՝ նվազագույնը 30%-անոց ընդդիմադիր տրամադրված ընտրազանգված։ Այսինքն՝ 400-450 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ (չհաշված ընտրելու իրավունք չունեցող ընտանիքի անդամներն ու տարբեր պատճառներով ընտրությանը չմասնակցած անձինք) ԱԺ-ում ներկայացված են ընդամենը 7 հոգով։ Իսկ հակառակ թեւից կան մեծ թվով պատգամավորներ, որոնք սեփական անունը տողադարձ անելիս հաստատ մի քանի սխալ կանեն։ Սա, եթե տնտեսագիտական լեզվով ասենք, ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխում է, իսկ եթե մարդավարի ասենք՝ աբսուրդ։
Վերադառնալով համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, նշենք, որ այն իրավիճակը շտկելու ամենակարեւոր նախապայմանն է։ Սակայն դատելով վերջին օրերի իրադարձություններից ու մանավանդ՝ երեկ Ազատության հրապարակն ու հարակից փողոցները շրջապատած ոստիկանների քանակից ու մոմ վառելու երեւույթի դեմ նրանց անհասկանալի ռեակցիայից, կարող ենք ասել, որ համերաշխության մթնոլորտ այդպես չեն ձեւավորում։ Այդպես ձեւավորում են լրիվ հակառակ, պայթյունավտանգ մի բան։ Իսկ ինչպես են ձեւավորում համերաշխության մթնոլորտը, կարծում ենք՝ քաղաքական գործիչներն ավելի լավ գիտեն, քան լրագրողները։ Կամ՝ պետք է որ իմանան: Այլ հարց է՝ ո՞ւմ` ի՞նչ է պետք։ Մենք միայն կարող ենք արձանագրել՝ կա՞ այն, թե՞ ոչ։ Առայժմ չկա անգամ դրա ստվերը, իսկ մարդիկ ծանոթների «Ինչպե՞ս ես» հարցին դառը քմծիծաղով պատասխանում են՝ «Արտակարգ…»։
Հ.Գ. Ի դեպ, այդքան մեծ թվով ոստիկանների միայն ներկայությունը «հեչի պես» մի քանի հարյուր զբոսաշրջիկի ետ պահեց Հայաստան այցելելուց։ Իսկ անտեղյակ քաղաքացիները մտածմունքի մեջ էին՝ արտակարգ դրությունն ավարտվե՞լ է, թե՞ ոչ՝ այդ մտածմունքն ավարտելով սեփական հարց-պատասխանով՝ ի՞նչ տարբերություն։