Չտեսնված Հայաստան

25/03/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Ապրիլ ամսից հայ ընթերցողին կներկայացվի եւս մեկ ամսագիր, սակայն այն մինչեւ հիմա եղածներից տարբերվում է իր բնույթով եւ նպատակներով: «National Geographic Traveler» ճանապարհորդական ամսագիրը Հայաստան բերելու առաջարկը եղել է հենց ամսագրի հիմնադիրների կողմից, իսկ ամսագիրը դեռեւս 1984 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ում եւ հիմա ավելի քան 4.5 մլն ընթերցող ունի: Հայկական «Traveler» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պատկեր» ֆոտոգործակալության հիմնադիր տնօրեն, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի խոսքերով` քանի որ իրենք աշխատում են նաեւ միջազգային շուկայում, ամսագրի ամերիկյան տնիօրինությունը հենց իրենց է վստահել հայկական տարբերակի հրատարակումը: «Նայել էին մեր գործակալության կայքը, տեսել էին մեր աշխատանքները, գտել իրենց ամսագրին համապատասխանող նյութեր եւ առաջարկեցին մեզ համագործակցել»,- ասում է նա: Ամսագիրը լույս է տեսնում տարբեր երկրներում` Չինաստանում, Իսպանիայում, Իսրայելում, ՌԴ-ում, լատինաամերիկյան երկրներում եւ այլուր: Ամսագրի հայկական տարբերակում տեղ կգտնեն ինչպես հայկական, տեղական նյութեր, այնպես էլ միջազգային, արտասահմանյան նյութեր: «Նյութերի տոկոսային հարաբերությունը կլինի՝ 80 տոկոս մեր երկրի մասին ինֆորմացիա, եւ միայն 20 տոկոսը կլինի արտասահմանյան նյութեր: Մոտավորապես նույն ձեւով էլ կշարունակվի, եթե, իհարկե, մեր ընթերցողների հավանությանն արժանանա»,- ասում է Ռ. Մանգասարյանը: Ամսագիրը 3 հիմնական բաժիններ կունենա` Հայաստանի մասին, հայերեն, բայց ոչ ՀՀ մասին, եւ նաեւ օտարալեզու նյութեր երեք հիմնական լեզուներով` ռուսերեն, անգլերեն եւ հայերեն: Առանձին լեզուներով լույս տեսնող համարները կլինեն ներդիրի տեսքով, եւ լինելու են միայն ՀՀ մասին նյութերը, իսկ նման թույլտվություն, Ռ. Մանգասարյանի հավաստմամբ, միայն ՀՀ-ին է վերապահված: Ի դեպ, ամսագրի այն նյութերը, որոնք կլինեն Հայաստանի մասին կամ հարեւան երկրների մասին, կպատրաստեն հայ լրագրողները, իսկ թարգմանությունները կտրամադրվեն հենց ամսագրի հիմնադիրների կողմից: Ամսագիրն ամբողջությամբ կպատմի Հայաստան երկրի մասին` սկսած տեսարժան վայրերից, մինչեւ ավանդույթներ, սովորույթներ եւ այլն, եւ ամսագրում ավելի մեծ տեղ են զբաղեցնելու ֆոտոպատմությունները: «Traveler»-ի առաջին հայկական համարը հատուկ է նրանով, որ վերնագրված է «Չտեսնված Հայաստան» խորագրով: Ռ. Մանգասարյանը պարզաբանեց, որ նույնիսկ մենք` հայերս, չգիտենք մեր երկրի մասին եւ չենք ճանաչում Հայաստանը. «Չտեսնված», այսինքն` չքնաղ, որը դեռ չենք տեսել: Փորձել ենք այս համարում ներկայացնել այն, ինչը մեր կողքին է, սակայն դեռ չենք տեսել կամ չենք ճանաչում»: Առաջին համարը նախատեսվում է բաժանել ընթերցողներին, որպեսզի առավել հասանելի լինի հասարակությանը: Բնօրինակից, այսինքն` ամերիկյան տարբերակից, հայ «Traveler»-ը կտարբերվի նրանով, որ տեղական նյութեր կպատրաստվեն, որոնք ընթերցողին կներկայացնեն հանգստյան վայրերի, տարբեր երկրների եւ ճանապարհորդությունների մասին նյութեր: Սակայն, այնուամենայնիվ, կան որոշ սկզբունքներ, որոնք, ըստ խմբագրի, ամեն դեպքում պետք է պահպանել: Ամսագրի նպատակն է՝ կրթել եւ սովորեցնել ճիշտ ճանապարհորդել, ճամփորդությունից առաջ օգտակար տեղեկություններ հաղորդել եւ ամենակարեւորը՝ ընթերցողին ճանապարհորդելու ներշնչանքով համակել: «Մեր զբոսաշրջությանը վերջին տարիներին են միայն ուշադրություն դարձրել, բայց շատ ստանդարտ տարբերակով: Այսինքն` եթե մեկը գնում է Քոբուլեթի կամ Անթալիա, ուրեմն ամբողջ Հայաստանն այնտեղ է հանգստանում»: Իսկ այս ամսագրի նպատակն է` զարգացնել, թե ներքին եւ թե արտաքին տուրիզմը: «Մեր նպատակն է՝ հնարավորինս գեղեցիկ կերպով ներկայացնել՝ ՀՀ-ում ինչ հետաքրքիր վայրեր կան, թե որտեղ է ճիշտ հանգստանալ: Ինչ հյուրանոցներ են գործում ՀՀ-ում, ամենատարբեր խորհուրդներ, սակայն այդ ամենը հստակորեն պետք է տարբերակել, որպեսզի զերծ մնանք թաքնված գովազդներից»,- ասում է նա: Ստեղծվելու է ճանապարհորդների ակումբ, որի դեպքում, ընթերցողը կարող է ընտրել իրեն ամենից շատ հետաքրքրած հոդվածը, իսկ ամսագրի տնօրինությունը կկազմակերպի այդ ճանապարհորդությունը: Հայաստանում, ֆոտոլրագրողի խոսքերով, տուրիզմն այնքան էլ զարգացած չէ, քանի որ դրա համար հատուկ պայմաններ դեռեւս ստեղծված չեն, բայց զարգացող ոլորտ է: «Ամեն դեպքում՝ ինֆորմացիոն դաշտում կփորձենք այս ամսագրի շնորհիվ ամեն ինչ կարգավորել, հատկապես Սփյուռքի դեպքում՝ պետք է նրանց ամենայն մանրամասնությամբ ներկայացնել Հայաստանը»: Ամսագիրը լույս է կտեսնի 10.000 տպաքանակով` երկու ամիսը մեկ անգամ հաճախականությամբ: