Հետընտրական շրջանում տեղի ունեցած ցնցումներն ու արյունալի դեպքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարբեր կերպ են ընկալում ու փորձում են պատասխանել ապագային ուղղված հարցերին։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կարելի է տեղավորել առօրյա կյանքի մեր վարվելակերպում՝ ոչ ոք լավ չի պատկերացնում։ Ինչպե՞ս շարունակել ապրել, երբ պարզ է, որ հասարակության հավաքական ուժն անզոր է ելք մշակել։ Այդ մասին են մտորում արվեստի գործիչներից մի քանիսը, որոնք ոչ թե նոմենկլատուրային մտավորականներ, այլ՝ վառ անհատականություններ են։
Արման Գրիգորյան, նկարիչ. «Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Եթե իշխանությունները նստացույցը այդպես կոպիտ չցրեին, հազվագյուտ հնարավորություն կստեղծվեր ավելի դեմոկրատական ու ազատ հասարակություն ունենալու համար։ Սակայն նստացույցը կոպիտ ավարտ ունեցավ։ Մեզ մոտ ինքներս մեր մասին սխալ պատկերացում ստեղծվեց։ Պարզվեց, որ մենք կոպիտ, վայրենի, կռվարար, ջարդող ազգ ենք։ Մեզ վերագրեցին այդ կոպտությունը։ Այդ ամենի մեջ գեղարվեստական տարրեր կային։ Եվ ի՞նչ էին ուզում ապացուցել իշխանությունները… Որ իրենք ավելի ուժե՞ղ են, ավելի զինվա՞ծ են… Ես տեսել եմ ունիկալ ժողովուրդ, որը ինքնակազմակերպված էր ու հոգեւոր մղումներ ուներ, իսկ բոլոր հեռուստաալիքները ապացուցում էին ինձ, որ դա այդպես չէ։ Հայ ազգի մոտ ազատության ձգտումը միշտ բռնության դեմ է եղել։ Սկսած Միքայել Նալբանդյանից այդպես է եղել։ Բռնության դեմ ոչ բռնությամբ պատասխանելը շատ էֆեկտիվ է։ Եվ հայերը միշտ էլ այդպես են պայքարել։ Հայն իրեն խաղաղության ճանապարհին է տեսել։ Կարծում եմ՝ հիմա ավտոմատների վրա ծաղիկներ դնելու ժամանակն է»։
Շուշան Պետրոսյան, երգչուհի. «Ես այնքան ցնցված ու հուզված եմ այս իրավիճակից, որ կարող եմ միայն մի բան ասել. էս ո՞ւր ենք հասել։ Հիմա մարդիկ այնքան չարացած ու թշնամացած են իրար նկատմամբ, որ ուղղակի սարսափելի է։ Եթե նույնիսկ ցանկանաս որեւէ մեկին ժպտալ փողոցում, նա քեզ խեթ-խեթ կնայի։ Գարունն էլ հարամվեց։ Մանավանդ շատ եմ ցավում իմ գործընկերների համար, հավատացեք, որ մենք ավելի ազնիվ ենք, երեւում ենք եթերում ու չենք թաքնվում։ Բոլորս էլ արել ենք մեր ընտրությունը։ Այո, ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, բայց դա չի նշանակում, որ ես մոլի ֆանատ եմ ու ընդդիմության ֆանատներն ինձ ու իմ ընտանիքը պետք է վիրավորեն։ Ֆանատիզմն ընդհանրապես ավերիչ է։ Նախագահի երկու թեկնածուների հանդեպ ունեցած հավատի խորության մասին չեմ ասում, ասում եմ մարդկային հատկանիշների մասին։ Կառավարությունները փոխվելու են, գալու են նորերը, բայց ցավն այն է, որ սովորական մարդիկ են փոխվում, թշնամանում են մեկը մյուսի նկատմամբ։ Մենք պետք է ապրենք ու չքանդենք այն, ինչը կառուցվել է։ Իմ սրտից հիմա ուղղակի արյուն է կաթում, տարիները անցնելու են, ինչպե՞ս պիտի իրար երեսի նայենք։
Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում։ Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»։ Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս։ Եթե ցույց տամ այն լուտանքների, զրպարտանքների, սպառնալիքների ու հայհոյանքների տարափը, որը մարդիկ ուղարկում են իմ կայքէջերին, ձեր մազերը կարող են բիզ-բիզ կանգնել։ Գրում են, որ ես դավաճան եմ, որ ուզում են մորթել իմ երեխաներին։ Վախից ես իմ տղային երկու շաբաթ դպրոց չուղարկեցի, բայց հետո մտածեցի՝ իսկ ինչո՞ւ պիտի վախենամ, իմ տղան այս հանրապետության քաղաքացին է։ Իրականում չգիտեմ՝ ի՞նչ ասել, շատ վիրավորված եմ»։
Ռուբեն Հախվերդյան, կոմպոզիտոր, երգիչ. «Պատկերացում չունեմ` ինչ է լինելու։ Եվ վստահ եմ, որ որեւէ մեկն օբյեկտիվ ոչ մի կարծիք ասել չի կարող։ Անորոշություն էգ Իսկ հենց այնպես բաներ ասել չեմ ուզում»։
Տիգրան Պասկեւիչյան, բանաստեղծ, հրապարակախոս. «Մարդն առաջին հերթին հիմա պետք է հեռուստացույց չնայի ու հասկանա, որ ամիսներ առաջ սկսվածը հենց ինքը պիտի ավարտին հասցնի։ Այդ դեպքում միայն նա կարող է բավարարել ազատ զգալու իր իրավունքը։ Բոլորը հիմա պիտի հասկանան, որ պայքարը Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ չէ։ Սա թեկնածուների կամ քաղաքական գործիչների պայքար չէ, այլ՝ քաղաքացու պայքարն է իշխանությունների դեմ։ Եթե մարդիկ ապատիայի մեջ ընկնեն, վախենան, նրանք միայն փայլուն կերպով կամրապնդեն իշխանությունների դիրքերը, որոնք թքած ունեն հասարակության վրա»։
Ժիրայր Դադասյան, բեմադրիչ. «Նախընտրական շրջանում իսկ նկատելի ու տեսանելի էր ագրեսիան։ Եվ դեռ այն ժամանակ էր հարկավոր միջոցներ ձեռնարկել այդ ագրեսիան չէսկալացնելու ու չհրահրելու համար։ Իշխանությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեին ընդդիմության ծրագրերի վրա, ժողովրդին պետք է ցույց տային այն կետերը, որոնք ներկայացնում էր ընդդիմությունը։ Ոչ ոք հստակ չէր պատկերացնում՝ ինչի՞ համար է Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում նախագահ դառնալ։ Մարդիկ մոլորյալ էին, շատերը ոչ թե իսկապես ընտրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ՝ մերժել են Սերժ Սարգսյանին։ Հնարավոր է, որ եթե Օպերայի հրապարակից ավելի շատ ինֆորմացիա հասներ ժողովրդին, ցույց տրվեր, թե ի՞նչ է իրականում այնտեղ տեղի ունենում, մարդկանց մոտ ավելի պակաս ագրեսիա կլիներ։ Ընտրություններից հետո տեղի ունեցածը չի կարելի համեմատել 1988 թվականին տեղի ունեցածի հետ, քանի որ 1988-ին իսկական համազգային շարժում էր, որը ուղղված էր կայսրության դեմ, այլ՝ ոչ թե հեղաշրջման փորձ էր։ Հիմա աշխատել է ազգային, հինավուրց բամբասանքի տեխնոլոգիան։ Ես ուզում եմ, որ իմ հանրապետությունը ուժեղ լինի, որ մեզ հետ հաշվի նստեն, տարածաշրջանում արժանապատիվ դիրք ունենանք եւ պահանջատեր լինենք։ Եվ ուզում եմ, որ հայրենիքիս վտանգ չսպառնա»։
Արա Հայթայան, նկարիչ. «Այն, ինչը տեսական վիճակում էր, ստացավ իր պրոյեկցիան։ Անհաշտությունը վաղուց կար հասարակության մեջ, բայց գործողություն չէր դարձել եւ կարող էր նույնիսկ ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան ունեցավ։ «Պետություն» ասածը նշանակում է՝ մի մարմին, որը զգում է հասարակության զարկերակը։ Ոչ թե գործողություններից հետո այլ գործողություններ է ձեռնարկում, այլ՝ հասկանում է եւ կանխարգելում է իրավիճակը։ Տագնապալին այն է, որ մենք որպես պետություն՝ չենք կայացել ու չենք կարողանում հավասարակշռել հասարակությունն ու պետական ապարատը։ Քաղաքացու եւ պետության միջեւ ի սկզբանե երկխոսություն չի կայացել։ Այդ պատճառով էլ տեղի ունեցավ այն, ինչը պիտի լիներ։ Ժողովուրդը չէր ակնկալում, որ պետությունն իր հետ դիալոգի մեջ կմտնի, իր հետ կխոսի ու իրեն կլսի։
Քողարկել խնդիրները` երկար չէր ստացվի։ Պետությունը որպես օրգանիզմ չի ապրում, այդ պատճառով էլ չի կարող ապրել նաեւ մարդը։ Չապրող օրգանիզմում ինչպե՞ս կարելի է առանց տագնապի ապրել։ Մեր բոլորիս մոտ տագնապ կա, որի առկայծումները վաղուց էին նկատվում։ Եվ մի օր այդ էներգիան անպայման երեւալու էր, դուրս էր գալու։ Եվ դա տեղի ունեցավգ Եթե այս դեպքերը չլինեին, ավելի վատ կլիներ, հասարակությունը կպարփակվեր իր մեջ։ Իսկ հիմա դրսեւորվեց ու ախտորոշվեց մեր հիվանդությունը։ Եթե դա տեղի չունենար, մեր հիվանդությունը մեզ ներսից «կուտեր»։ Պատկերացրեք, թե ինչ է լինում հիվանդի հետ, ում արգելված է իր հիվանդության մասին խոսել։ Չես խոսում դրա մասին, ուրեմն չես էլ կարող բուժել ու հույս ունենալ, որ կառողջանաս։ Փոխարենը՝ ներսից «փտում» ես։ Մարդուն հիմա պետք է օգնել։ Մարդն է հիմա ամենավատ վիճակում, իսկ հիվանդին մենակ թողնել չի կարելի։ Ինչպես մայրն է նստում իր հիվանդ երեխայի կողքին, այնպես էլ պետությունը հիմա պիտի կանգնի իր հիվանդ քաղաքացու կողքին։ Հիմա մեծ խնդիր է ծագել, մտածում ես, թե կյանքի ի՞նչ մոդել կարող ես առաջարկել քո երեխային, որպեսզի նա կարողանա իր ապագան կարգավորված տեսնել։ Մարդն ընդհանրապես հիմա չգիտի՝ ի՞նչ անել։ Ես, օրինակ, ուզում էի արվեստի մասին հոդված գրել, գրում էի արվեստի մասին, բայց պարզվում էր, որ քաղաքականության մասին եմ գրում։ Ուրեմն, ախտանիշները ողջ հասարակության մեջ կան, եւ բոլոր հարաբերությունները խաթարվել են»։