Պատրաստակամ են

25/03/2008

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությունը դարձյալ Հայաստանում է, եւ երեկ նրան ընդունել են ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության մամլո քարտուղարի` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Ա. Հովսեփյանը Պ. Սեմնեբիին տեղեկացրել է, որ Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրը չի նախատեսել դատավարական որեւէ իրավունքի սահմանափակում, եւ անձինք ձերբակալվել, կալանավորվել են բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, որն անկախ է եւ չունի գերատեսչական որեւէ ենթակայություն, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դատավարական ղեկավարումն ապահովելու համար ՀՀ գլխ. դատախազի հրամանով ձեւավորվել է դատախազական խումբ: Ա.Հովսեփյանը նշել է, որ նախաքննական մարմնին գրավոր ցուցում է տվել բազմակողմանի քննություն կատարել ոչ միայն տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ բացահայտելու համար դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այլ նաեւ քննության առարկա դարձնել Ոստիկանության մարմինների գործողությունների օրինականության հարցը: Ա. Հովսեփյանը տեղեկացրել է նաեւ, որ անկարգությունների հետեւանքով մահացել է 8 անձ, որոնցից 1-ը` Ոստիկանության աշխատակիցը, նռնակի պայթյունից, 3-ը` փորձագետների ներկայացրած նախնական եզրակացության համաձայն, կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, իսկ 4-ը` հրազենից ստացված մարմնական վնասվածքներից: Դիակներից հանված գնդակները տարբեր տրամաչափի են, ինչը հիմք է տալիս ասելու, որ անկարգությունների ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, եւ նախաքննության առջեւ խնդիր է դրվել պարզաբանել բոլոր այդ հանգամանքները: Մարմնական վնասվածք է ստացել 265 անձ, որոնցից 210-ը` ոստիկան: Հրկիզվել է 68 ավտոմեքենա, ավերվել եւ թալանվել 10 մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտ: Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվել են բուժզննման ինչպես ձերբակալված անձանց պահելու վայրեր, այնպես էլ ՔՀԿ-ներում տեղափոխվելիս, եւ գրանցվել են բոլոր այն մարմնական վնասվածքները, որոնք եղել են նրանց մոտ: Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 12 մեղադրյալի մոտ, իսկ դրանց առաջացման պատճառները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Պ.Սեմնեբին, կարեւորելով, որ արտակարգ դրությունը հանվել է սահմանված ժամկետում, ընդգծել է քաղաքական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունն ու մարտի 1-ի անկարգություններին հանգեցրած շարժառիթների ու դրդապատճառների ուսումնասիրությունը, որը թույլ կտա հետագայում քայլեր ձեռնարկել նման երեւույթներից խուսափելու համար: