ՀՀ կառավարության «նվերը» Զարիկ տատիկին ու ծնողազուրկ Արայիկին

25/03/2008

75-ամյա Զարիկ Հարությունյանի ու նրա ծոռան ծանր պատմության մասին գրել էինք «168 Ժամի» նախորդ համարներից մեկում:

Երեկ այս տատիկի համար «նշանավոր» օր էր, որովհետեւ թոռան մահվան եւ ծոռան ծննդյան օրը՝ մարտի 21-ին, պետությունն իրեն նվեր է մատուցել: 7-ամյա Արայիկի ծննդյան օրը՝ մարտի 21-ը, դժբախտ օր է, որովհետեւ 2 տարի առաջ նույն օրը Արայիկի մայրը վթարի է ենթարկվել եւ մահացել: Երեխան այդ օրը միշտ ծանր ապրումներ, մղձավանջներ է ունենում: Արայիկը ծնողներ չունի ու մահացած մոր տատը՝ Զարիկն է նրան վերցրել խնամակալության: Զարիկ տատը որբ երեխային պահում էր ընդամենը 13.500 դրամ նպաստով եւ Արայիկի ծնողազուրկ կարգավիճակի համար տրվող 4000 դրամ թոշակով: Երեկ ՀՀ կառավարությունը Արայիկի ծննդյան օրվա կապակցությամբ անսպասելի նվեր է մատուցել: «Երեկ տեսուչն եկավ, ասեց, որ երեխու թոշակը բարձրացրել են, 4000-ի փոխարեն 6000 դրամ են դարձրել, բայց «Փարոսից» կտրել են: Ասեց, որ էլ նպաստ չենք ստանալու: Փաստորեն թոշակն 2000-ով ավելացրին, բայց նպաստից կտրեցին: Այ քեզ նվեր…»,- զարմացած ասում է Զարիկ տատը՝ վստահեցնելով, որ երեխայի կեցությունն այլեւս վտանգի տակ է: Զարիկ տատի ու Արայիկի կյանքի պատմությունը մեր հրապարակումից հետո մեծ արձագանք էր ստացել: Նրանց հրավիրել էին հեռուստահաղորդումներից մեկին մասնակցելու, որտեղ ներկա էր եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Վերջինս իմանալով, որ հանրակացարանում ապրող Արայիկը խոնավ պայմաններից բրոնխիալ ասթմայով հիվանդացել է, Զարիկ տատին ասել էր՝ «Չմտածեք, մայրիկ ջան, սենյակի հարցը կլուծենք: Եթե դուք 75 տարեկանում որբ երեխա եք մեծացնում, ուրեմն՝ պետությունը ձեր թիկունքին կանգնած է»: Զարիկ տատը երկար պատմում է, թե Հ. Հակոբյանն ինչ սրտացավորեն է իրեն վերաբերվել եւ, ի դեպ, անմիջապես միջամտել է, որ Զարիկ տատին հանրակացարանում լավ սենյակ հատկացնեն: «Ինքը շատ բան արեց մեր համար, էս սենյակն իրա շնորհիվ տվեցին: Ասում էր՝ ինչ հարց լինի՝ ինձ կդիմես, մենք քո կողքին կանգնած ենք, որ դու Արայիկին մեծացնես: Ես խնդրում եմ, Հրանուշ Հակոբյանին տեղյակ պահեք, թե մեր կառավարությունն ինչ դաժան ձեւով վարվեց մեզ հետ: Ես իրա հետ կապվելու հնարավորություն չունեմ: Կարող ա եւ Սերժ Սարգսյանը չգիտի էլ, որ թոշակը 2000-ով բարձրացրել են, բայց նպաստից կտրել են»,- ասում է անելանելի վիճակում հայտնված ծեր կինն, ով խուճապի մեջ է, որովհետեւ ամսական եկամուտ այլեւս չի ունենա: Մինչդեռ Արայիկն արդեն դպրոց է գնում. նա 1-ին դասարանում է սովորում: