Լոռու մարզպետարանի ղեկավարության կազմը վերջերս հիմնավորապես «կոալիցիա»
դարձավ։ Եթե մինչեւ վերջերս ՀՀԿ անդամ մարզպետն ուներ 1 ՀՀԿ եւ 1 ՀՅԴ
անդամ տեղակալ, ապա այն բանից հետո, երբ ՀՀԿ անդամ փոխմարզպետ Արամ
Քոչարյանը նոր պաշտոն ստացավ մայրաքաղաքում, նրա փոխարեն փոխմարզպետ
նշանակվեց «Օրինաց երկրի» անդամը։ Ի տարբերություն նախկին եւ նախորդ,
ինչպես նաեւ՝ ներկա ՀՅԴ անդամ մյուս փոխմարզպետերի (Դավիթ Լոքյան, Զոհրապ
Թորոսյան), նորանշանակ փոխմարզպետը ո՛չ քաղաքական գործունեությամբ է
վանաձորցիներին հայտնի, ո՛չ նախկին պաշտոնով։ Պարզապես նշանակումը զուտ
կուսակցական նշանակություն ունի։
Բավականին հետաքրքիր պատկեր է մարզպետարանի Կրթության վարչությունում, որն
«Ինտերնացիոնալ ակումբ» կարելի է անվանել այն տարբերությամբ, որ տարբեր
ազգությունների փոխարեն՝ տարբեր կուսակցության անդամներ են. ՀՀԿ, ՀՅԴ,
ՀԺԿ, ՀՀՇ եւ վերջերս նաեւ՝ «ժառանգություն»։ Վերջիններիս միջեւ, սակայն,
առանձնապես տարաձայնություններ չեն լինում, իսկ ահա, կարող են խնդիրներ
առաջանալ այն ժամանակ, երբ ընդդիմադիր կուսակցության անդամը «տարին մեկ»
այդ կուսակցության հանրահավաքում երեւա։ Ըստ տեղեկությունների, խնդիրներ
են ծագել վերջերս, երբ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ժողովին
(Վանաձորի Երկաթուղայինների ակումբում կայացած) ներկա են գտնվել նաեւ
մարզպետարանի աշխատողներ, իսկ այդ ժողովին հնչել են կոշտ գնահատականներ՝
իշխանությունների հասցեին։
Ի տարբերություն մարզի գործադիր մարմինների, պատկերը տխուր է ՏԻՄ
համակարգում. մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետարանում առավելապես ՀՀԿ
անդամներ են, կա ընդամենը մեկ կոմունիստ։ Համայնքի ավագանու կազմում էլ
գրեթե նույն վիճակն է. հանրապետաերկրապահական մթնոլորտ՝ «էլցանցի
ֆրակցիայով». կա միայն մեկ ՀՀՇ անդամ։ (Ի դեպ, ավագանու կազմում չկան նաեւ
կանայք՝ ի տարբերություն նախորդ ավագանու, որտեղ մեկ կին էր ընտրվել)։
Ընդհանրապես Լոռու մարզում կարեւոր չէ, թե ինչ կուսակցության անդամ ես,
կարեւորը՝ տեղական իշխանությունների հետ «վատ չլինես» եւ խնդիրներ չես
ունենա։ Ահա թե ինչու մարզի ընդդիմադիր կուսակցության անդամները երբ
ցանկանում են մեկմեկու վատաբանել, ասում են՝ «Ինքը մարզպետի մարդն ա» կամ՝
«նրա դրածոն»։ Իսկ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի համար դա
հայհոյանքի նման մի բան է։