Նոր Նորքի հանրակացարանի գորշ ու ճնշող սենյակներից մեկում կծկված Օֆելյան փայտե թախտի անկյունում գալարվելով՝ ամեն ինչ անում է թաքցնելու համար իր ֆիզիկական արատը: 13 տարեկան Օֆելյայի մոտ բժիշկներն էնդոկրին խանգարում, աճի հորմոնի պակասություն են հայտնաբերել: Այս հիվանդության ախտանիշն աղջկա մոտ հայտնաբերվել է վաղ տարիքում, երբ մայրը երեխայի զարգացման ոչ ադեկվատ աճ է նկատել: Օֆելյան մեծանալով փոքր է մնում, սակայն մոր անօգնական վիճակը թույլ չի տալիս դիմել բժշկական միջամտության: Ասում եմ՝ «Մոտ արի՝ մի քիչ զրուցենք»: Գլուխը թաքցնում է ափերի մեջ ու երկար լռում է: Մայրը՝ տիկին Անժելան, ու եղբայրը՝ Արթուրն, աղջկան համոզում են, որ տեղաշարժվի, սակայն Օֆելյան չի համարձակվում անծանոթի աչքին երեւալ այնպես, ինչպիսին որ կա: Երկար համոզելուց հետո գլուխն առնում է ափերի մեջ ու հեկեկալով բղավում է՝ «Հանգի՛ստ թողեք ինձ, ամաչում եմ, չեմ ուզում ինձ տեսնեն: Ես ուղղակի ուզում եմ մի քիչ բոյովանամ: Ես խոսալու բան չունեմ, ես ամաչում եմ, մենակ բոյովանալ եմ ուզում»: Օֆելյայի անկեղծ պոռթկումը ցնցում է բոլորիս, ու աղջկա անհավասարակշիռ ճչոցից, լացից սկսում է լաց լինել մայրը: Հետո մոր ու քրոջ սրտնեղած լացից՝ սկսում է լաց լինել նաեւ 1
0-րդ դասարանցի Արթուրը: Հետո բոլորը սկսում են իրար մխիթարելով իրար գլուխ շոյել ու լաց լինել: Ու հետո այդ տեսարանից սկսում ենք լաց լինել բոլորս: Հետո, երբ բոլորս մի քիչ թեթեւանում ենք, Օֆելյային ասում եմ՝ «Դու էդքան մի տանջվի, մենք Առողջապահության նախարարությանը կխնդրենք, որ ընդառաջեն ու քեզ անվճար հետազոտեն, բուժեն»: Էս խոսքերից հետո Օֆելյան մի քիչ շփոթվում է, նայում է մորն ու մոռանում է, որ ինքը պիտի նստած տեղից վեր չկենար, որ «գաճաճությունը» չերեւար: Մոտենում է մորն ու զարմացած ասում է՝ «Հա՞… Գիտե՞ք, ես չեմ վախենա, որ երակիցս արյուն վերցնեն, ինչ պետք ա՝ կանեմ, ուր ուղարկեն՝ կգնամ: Եթե ցավոտ սրսկում անեն՝ ձեն չեմ հանի, մենակ թե ինձ օգնեն»: Տիկին Անժելան ասում է, որ Օֆելյայի գաճաճությունը կանխելու համար նրան պետք է աճի հորմոն ներարկեն, ինչը Հայաստանում չկա, սակայն Մոսկվայից հնարավոր է բերել: Չի հիշում, թե վերջին անգամ աղջկան երբ է բժշկի տարել, որովհետեւ վերջին անգամ բժշկի տանելուց միայն անալիզի համար 6000 դրամ են ուզել, ու գրպանում գումար չի եղել: Էդ վերջին անգամից հետո Անժելան վախենում է աղջկան բժշկի տանել, որովհետեւ աղջկա հիվանդությունը բուժելի է, բայց բժշկի տանելն՝ անհնար: Սոցիալական վատ կենսապայմաններն անդրադարձել են նաեւ Անժելայի նյարդային համակարգի վրա: Ամեն կերպ փորձում է թաքցնել նյարդային անկայուն վիճակը, որի պատճառով մազածածկույթի վրա տեղ-տեղ ճաղատություն է առաջանում, սթրեսներից մազերը՝ թափվում, իսկ ձեռքերն ու ոտքերը դողում են: Միայնակ մայր Անժելան երկու երեխաներին մեծացնում է 20.000 դրամ նպաստով եւ Օֆելյայի հաշմանդամության 9000 դրամ թոշակով: 1989 թվականին Բաքվից Հայաստան տեղափոխված Անժելան կարծում է, որ իր կյանքն իսկական տրագիկ կինոյի պատմություն է, որովհետեւ 1989 թիվն աննկարագրելի ցավ է թողել իր մեջ: Այդ թվին նրա հայրն ու մայրը վախից շաքար են ստացել, ու մայրը կուրացել է: Անժելայի տառապանքի հետքերն այսօր արտացոլված են Օֆելյայի մեջ: Փախստականների կոմիտեից մերժում են Անժելային բնակարան տրամադրելու նպատակով սերտիֆիկատ տալ՝ պատճառաբանելով, որ վերջինս ամուսնացել է տեղացու հետ: Տեղացու հետ ամուսնացած Անժելան վաղուց ամուսնալուծվել է ու ներկայումս անտուն, հանրակացարանի աննկարագրելի վատ պայմաններում երկու երեխա է մեծացնում: «Մենք բաժանվեցինք, որովհետեւ… չեմ կարող բացատրել, դա կնոջ եւ տղամարդու ինտիմ հարց է: Ես ի՞նչ է, պիտի բարձրաձայն հայտարարեմ, որ Գագիկ Եգանյանն իմանա, թե ինչո՞ւ այդպես եղավ: Ամեն ինչ փողային հարցերով են լուծում, իսկ ես փող չունեմ: Էստեղ մաֆիա է գործում, 2 սենյականոց բնակարանը տալիս են մի մարդու, որը չի ապրում, դուռը փակում, գնում է, իսկ մենք էս բնում ենք: Հիմա երեխաներիս հայրը մահամերձ վիճակում հիվանդանոցում է գտնվում»,- ասում է Անժելան, ում սենյակում ոչ կոմունալ պայմաններ կան, ոչ էլ առհասարակ ապրելու համար գոնե մի քիչ հարմարություն: Առավոտյան արթնանալիս այս տան անդամները ստիպված են լինում հերթով աչք փակել ու հերթով հագնվել, որովհետեւ 10-րդ դասարանցի Արթուրն արդեն մեծ է միեւնույն սենյակում մոր եւ քրոջ հետ քնելու համար: 10-րդ դասարանցի Արթուրի դպրոցում սեպտեմբեր ամսից 5000 դրամ են հավաքում, որպեսզի յուրաքանչյուր ամսվա 5000 դրամներից կուտակված փողով ավարտական երեկո կազմակերպեն: Անժելան ատում է հավաքագրվող 5000 դրամների թեման, որովհետեւ բարկությունից ձեռքերն ու ոտքերը սկսում են նորից դողալ: Արթուրը բավականին նրբանկատ է, զգալով լարված իրավիճակն՝ առաջարկում է իր ձեռքով մեզ համար սուրճ պատրաստել: Իր ձեռքով պատրաստած սուրճը լցնում է բաժակների մեջ, սեղանն առաջ է քաշում ու ասում է՝ «Գիտե՞ք, մի քանի տարի առաջ Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանն, եկել էր էս շենք: Ինքը քույրիկիս շատ սիրեց, նայեց նրա ձեռքի աշխատանքներն ու գովեց: Ասում եք՝ իսկականից կխնդրեք, որ իրա առողջական հարցերը լուծե՞ն: Գիտե՞ք, ինքը հենց բոյով մարդ ա տեսնում՝ շատ ա տանջվում, որովհետեւ կարծում ա, որ ինքը ծիծաղելի ա: Հիմա դուք որ գնաք, ձեր մասին խոսալու ա, սկսելու ա լացել, որովհետեւ բոյով եք: Երազելու ա…»: Մասնագետներն Անժելային խորհուրդ են տվել երեխային տանել 3-րդ մանկական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Քանի որ աղջկա ուղեղի զարգացումը բնականոն է, հետեւաբար մասնագետները վստահեցրել են, որ աճի հորմոն ներարկելու պարագայում նրա ֆիզիկական զարգացումը նույնպես նորմալ կլինի: «Ասեցին, եթե ուղեղի զարգացումը նորմալ ա, ուրեմն՝ ֆիզիկական նորմալ զարգացման ապագա կա»,- ասում է Անժելան՝ վստահեցնելով, որ «Կանազի» հիվանդանոցի բժիշկ Արաբյանը միանշանակ պնդել է, որ երեխայի բուժման համար աճի հորմոն է պետք: 7-րդ դասարանցի Օֆելյան դասարանում իրեն թերարժեք է զգում, որովհետեւ ամենացածրահասակն է: Չի սիրում, երբ տարիք են հարցնում, որովհետեւ մարդկանց դեմքին զարմանքի արտահայտություն է առաջանում: Ֆիզիկական թերության բարդույթը խոր հետք է թողել աղջկա վրա, որովհետեւ նա դժվարությամբ է հաղորդակցվում մարդկանց հետ: Ասում է, որ դիզայների մասնագիտությունը կընտրի ու հետո բարձրահասակ մանեկենների համար էսքիզներ կանի, զգեստներ կկարի: Օֆելյան մեկ էլ սիրում է թիթեռներ նկարել, որովհետեւ նրանք արագ ծնվում ու արագ էլ մահանում են: