ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վերջինս Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ողջույններն ու նշել, որ Մոսկվայում նախապատրաստում են առաջիկա օրերին կայանալիք ՀՀ նորընտիր նախագահի այցը ՌԴ եւ մեծ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը, համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ հետընտրական գործընթացներին ու ներքաղաքական իրավիճակին: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների համար պետության կայունությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը վեր են ցանկացած այլ շահերից եւ հետագա գործողությունները եւս բխելու են միմիայն այդ ելակետից ու երկրում օրենքի գերակայությունից: Ս. Սարգսյանը կարեւորել է նաեւ հասարակության համախմբվածության, երկրում հանդուրժողականության ու երկխոսության մթնոլորտի ստեղծումը, վերստին շեշտելով երկխոսության իր պատրաստակամությունը բոլոր նրանց հետ, ովքեր եւս պատրաստ են այդ քայլին, եւ ում, իրապես, մտահոգում են մեր երկրի ապագան ու մեր ժողովրդի ճակատագիրը: