Անասնագոմի տանիքից

23/03/2008

ԱԱԾ-ն երեկ հայտարարություն է տարածել` նշելով, որ մարտի 12-ին կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի քրոջ որդուն` Սոս Գեւորգյանին պատկանող շինություններում զենք եւ զինամթերք է հայտնաբերվել: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, «ԱԱԾ աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քր.գործի շրջանակներում կալանավորված, Հրազդան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Սոս Սուրենի Գեւորգյանին պատկանող տանը կից անասնագոմի տանիքում հայտնաբերվել եւ առգրավվել են 1 ինքնաշեն ատրճանակ, կարճեցված փողով 1 հրացան, 29 հատ որսորդական փամփուշտ, «Մագնում» տեսակի ատրճանակի եւ ՏՕԶ տեսակի հրացանի ընդհանուր թվով 111 փամփուշտ, ինչպես նաեւ 38 տրամաչափի 1 անձայն փամփուշտ, իսկ հողատարածքին կից անավարտ շինության նկուղում` որսորդական 1 հրացան` 15 փամփուշտներով, ինչպես նաեւ կանեփանման կանաչ զանգված` մեծ եւ փոքր պարկերի մեջ»: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Սոս Գեւորգյանը կալանավորված է մարտի 3-ից, Քր. օրենսգրքի 235 եւ 300 հոդվածներով առաջադրված մեղադրանքներով` ապօրինի զենք-զինամթերքի եւ պետական իշխանության յուրացմանն ուղղված գործողությունների համար: