Կալանվածների ցուցակը

23/03/2008

Հաշվի առնելով վերջին օրերին շրջանառվող տարաբնույթ լուրերը մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված անձանց թվաքանակի մասին, երեկ մեր թղթակիցը ՀՀ գլխավոր դատախազի քարտուղարին խնդրել է տրամադրել մինչ օրս կալանավորված անձանց ցուցակը: Ըստ այդ ցուցակի՝ Նուբարաշենի, Վարդաշենի, Երեւան-Կենտրոնի, Արթիկի, Վանաձորի ՔԿՀ-ներում կան թվով 106 կալանավորներ: ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նաեւ ասել է, որ մարտի 18-ին թվով 5 անձանց (Մամյան Յուրիկ, Բաղդասարյան Հուսիկ, Ղռեջյան Ավետիք, Հարությունյան Հովհաննես, Սիրադեղյան Սերյոժա) վերաբերյալ գործերի նախաքննությունն ավարտվել է եւ գործերն ուղարկվել են տվյալ մարզի ընդհանուր իրավասության դատարաններ: Նրանք մեղադրվում են ՀՀ Քր. օր.-ի 235 հոդվածի առաջին մասով (ապօրինի զենք, զինամթերք):