Երբ 1999թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչության հաջորդ օրը
Լիբանանում Հայաստանի դեսպանությունը` համաձայն դիվանագիտական
արարողակարգի, ցավակցությունների համար բացեց սգո մատյան, առաջին
այցելուներից մեկը եղավ ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը: (Միջին տարիքի
պրոֆեսիոնալը մեծ հարգանք էր վայելում տեղի դիվանագիտական կորպուսում, ոչ
միայն որպես գերհզոր երկրի ներկայացուցիչ, այլ նաեւ այն պատճառով, որ
արաբական աշխարհի լավագույն գիտակ էր, եւ որոշակի դերակատարություն ուներ
մերձավորարեւելյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացներում: Ասում
են՝ Պետդեպը ըստ արժանվույն է գնահատում իր կադրերին` ելնելով զուտ նրանց
պրոֆեսիոնալ կարողություններից. Բեյրութից հետո նա նշանակվեց ԱՄՆ արտաքին
գործերի նախարարի տեղակալ): Սգո մատյանում գրառում կատարելուց հետո
Սաթերֆիլդն ինձ` այն ժամանակ Լիբանանում ՀՀ դեսպանի հետ, ունեցավ
առանձնազրույց, որի թեման հիմնականում, բնականաբար, միջազգային
ահաբեկչությունն էր: Կարո՞ղ էր արդյոք դեսպանը ենթադրել, որ ընդամենը 4
տարի հետո ահռելի ողբերգություն է ապրելու նաեւ Նյու Յորքը: Բայց զրույցի
ընթացքում փորձառու դիվանագետը կանխատեսեց Լիբանանի ներքաղաքական հետագա
սրում եւ քաղաքացիական պատերազմի հավանականություն, որոնք, ինչպես տեսնում
ենք, իրականանում են: Վերջերս Սաթերֆիլդը, արդեն որպես ԱՄՆ պետքարտուղարի
տեղակալ, այցելեց Բեյրութ՝ «արդար եւ ժողովրդավարական պառլամենտական
ընտրություններին նպաստելու համար», որոնք սպասվում են այնտեղ մայիսին:
Իսկ նման ընտրությունների անցկացումը հնարավո՞ր է արդյոք, եւ ընդհանրապես,
ի՞նչ է ներկայումս կատարվում Լիբանանում: Ապրիլի 13-ին երկիրը նշեց
քաղաքացիական պատերազմի սկսման 30-րդ տարելիցը: 184.000 մարդ վիրավորվեց
եւ 150.000-ը զոհվեց այդ խելահեղ սպանդում: Շնորհիվ չեզոքության՝ հայերը
մարդկային նկատելի կորուստներ չունեցան: Սակայն երբեմնի բարգավաճ եւ
ծաղկուն քառորդ միլիոնանոց համայնքի կեսից ավելին թողեց Լիբանանը: (Սրանք
պաշտոնական թվեր են, ըստ մեր տվյալների, Լիբանանում ներկայումս կա
ընդամենը 50-60.000 հայ): Իրենց դիրքերն ամրապնդելու եւ ազգային
միաբանությունն ուժեղացնելու նպատակով՝ իշխանությունները նախագահ Էմիլ
Լահուդի գլխավորությամբ փորձեցին օգտագործել այդ տարելիցը: Առաջ քաշվեցին
«Լիբանանը բոլորի հայրենիքն է», «Միացյալ Լիբանան» կարգախոսները, որոնք
մեծ արձագանք չգտան բնակչության մեջ: Լիբանանցիները շոկից դուրս չեն
գալիս: Շարունակվում են նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից ի
վեր սկիզբ առած հակասիրիական եւ սիրիամետ ցույցերը, քիրստոնեական
թաղամասերում ականապատված մեքենաների պայթյունները, հիշեցնելով
միջհամայնքային եւ միջկրոնական դժնդակ սպանդների տարիները: Դրա կողքին
ակտիվորեն աշխատում է սիրիական հատուկ ծառայությունների պրոպագանդիստական
մեքենան, շրջանառության մեջ դնելով այն վարկածը, թե իբր Հարիրիի
սպանության մեջ մեղավոր են իշխանությունները, որոնք վերջինիս
պաշտոնաթողությունից հետո ֆինանսական նկատառումներով կրճատել էին
թիկնապահների թիվը: Սա հնչում է որպես սեւ, բայց ծիծաղելի PR: Լինելով
առասպելական հարուստ, Հարիրին ցանկության դեպքում կարող էր պահել
լիբանանյան բանակը մի քանի անգամ գերազանցող անձնական անվտանգության ուժեր
(2000թ. պառլամենտական ընտրությունների ժամանակ լրագրողներից մեկի այն
հարցին, թե որքա՞ն փող ունի, Հարիրին պատասխանեց հարցով. «Այս պահի՞ն, թե՞
հարցազրույցը տալուց հետո»): Ներքաղաքական լարված իրավիճակը պատճառ
դարձավ, որ հենց անկախության տարելիցի օրը, այդպես էլ չգտնելով
համաձայնության եզրեր ընդդիմության լիդեր եւ դրուզ համայնքի առաջնորդ
Ուալիդ Ջումբլաթի հետ եւ չկարողանալով կազմել ազգային համաձայնության
կառավարություն, վարչապետ Օմար Քարամեն երկրորդ անգամ հրաժարական տվեց:
Դեպքերի զարգացումը երկրում հուշում է, որ քաղաքական լարվածության
թուլացումը եւ հարցի խաղաղ կարգավորումը կախված են որոշակի գործոններից.
ա/ նահատակված Հարիրիի կողմնակիցները, մահմեդական սուննիները եւ
հարիրիական հզոր կլանային ընտանիքը չեն ների նրա սպանությունը, ինչը
վերջին հաշվով կարող է հանգեցնել երկու մահմեդական համայնքների`
սուննիների եւ շիաների, ինչպես նաեւ մարոնիտ քրիստոնյաների եւ
մահմեդականների արյունահեղ բախումների: Իսկ Արեւմուտքի դիրքորոշումը,
կարծես թե, ավելի է շիկացնում մթնոլորտը: Մարտի 24-ին Քոֆի Անանի կազմած
հանձնաժողովը հրապարակեց մի հաշվետվություն, որում ասվում է, որ Սիրիան
ճնշումներ է բանեցրել Լիբանանի վրա, սրելով երկրում քաղաքական
իրադրությունը, ինչը եւ պայմաններ է ստեղծել Հարիրիի սպանության համար:
Դրան անմիջապես հաջորդեց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից Անվտանգության
խորհուրդ մտցրած համատեղ բանաձեւը` հատուկ հանձնախումբ ստեղծելու եւ
միջազգային հետաքննություն անցկացնելու վերաբերյալ: Մի խոսքով, Վաշինգտոնը
հող է պատրաստում հարմար առիթով Դամասկոսին «պատժելու» համար, բ/
լարվածության թուլացման կամ ուժեղացման համար վճռական նշանակություն ունի
սիրիական զորքերի լրիվ դուրսբերումը Լիբանանից: Հակառակ պարագայում
քաղաքացիական պատերազմն անխուսափելի է: Ապրիլի սկզբին Դամասկոսը
Վաշինգտոնի ճնշման տակ ՄԱԿ ներկայացրեց դուրսբերման վերջնական
ժամանակացույցը: Սիրիայից պահանջվում է այդ գործընթացն ավարտել մինչեւ
Լիբանանի պառլամենտական ընտրությունները, այսինքն` մայիսի կեսերը, այլապես
դրանք կարող են տապալվել: Այն, որ Սիրիան կհանի իր զորքերը, գրեթե կասկած
չի հարուցում. դիմացն ամերիկյան ռազմական ռեալ սպառնալիքն է: Բայց մյուս
կողմից կա նաեւ վտանգ, որ սիրիացիների հեռանալուց հետո Լիբանանում ծագի
քաղաքացիական պատերազմ, անշուշտ, ոչ առանց նրանց «օրհնության». գ/ Սիրիան
ֆիզիկապես հեռանում է, բայց Լիբանանում մնում է Դամասկոսի եւ Թեհրանի
կողմից ստեղծված եւ նրանց հետ սերտորեն կապված շիա մահմեդական
ծայրահեղական ռազմաքաղաքական կազմակերպությունը` Հըբզոլլահն` իր 4000
գերազանց մարզված մարտիկներով եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով:
(Բեյրութում աշխատած տարիներին առիթներ եմ ունեցել զրուցելու Հըզբոլլահի
գլխավոր քարտուղար Սաիդ Հասան Նասրալայի եւ կազմակերպության մյուս
ղեկավարների հետ, որոնք չեն թաքցնում անգամ, որ Հըզբոլլահի վերջնական
նպատակը «Իսրայել պետության ոչնչացումն է»): Լիբանանում Հըզբոլլահը
պետություն է պետության մեջ: Եվ եթե մինչեւ վերջերս այդ կազմակերպությունը
ռազմական պոտենցիալն օգտագործում էր Իսրայելի դեմ, ապա ապրիլի 6-ին իրեն
հայտարարեց «Լիբանանյան բանակի ռեզերվ»: Սա նշանակում է, որ Հըզբոլլահը
փաստորեն իրավունք է վերապահում միջամտելու Լիբանանի ներքին գործերին:
Հասկանալով նման հայտարարության ողջ վտանգավորությունը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ
ՄԱԿ-ը պահանջում են Լահուդից եւ երկրի իշխանություններից՝ շտապ զինաթափել
Հըզբոլլահը: Վերջիններս լռում են, քանի որ ի վիճակի չեն լուծել այդ
անլուծելի հարցը: Իսկ եթե այն իր վրա վերցնի Արեւմո՞ւտքը: Այդ դեպքում
բացառված չէ, որ Հըզբոլլահը Լիբանանում կսարքի Բարդուղիմեոսյան գիշեր: Նա
դա կարող է, եւ արյունահեղությունը կտարածվի ողջ տարածաշրջանում:
Վաթսուն տարի մխում է Մերձավոր Արեւելքի հրաբուխը, որի էպիկենտրոններից
մեկը Լիբանանն է` այդ սաղարթախիտ մայրիների գեղատեսիլ երկիրը, որի բարի եւ
քաջարի ժողովուրդը սիրով ապաստանել է Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր
հազարավոր հայրենակիցներին: Հուսանք եւ աղոթենք, որ նրանց գլխին կախված
վտանգն անցողիկ լինի: