Ո՞ւր է լուսանկարը

23/03/2008

Վերջերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մի քանի այլ պատգամավորներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, որտեղ նկարագրելով ընտրական գործընթացում տեղ գտած խախտումները, նաեւ նշել էին, թե «Աշտարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ (ցույցին եւ երթին) ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղեկցել է ՀՀ գլխ. դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Տես լուսանկարը»: Ա. Թամազյանը երեկ նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին` վստահեցնելով, թե պատգամավորների դիմումում նշված հանգամանքն իրականությանը չի համապատասխանում. «Զրպարտանք է, նման բան տեղի չի ունեցել, նման լուսանկար գոյություն ունենալ չի կարող, եւ նման վարքագիծ ու աշխատաոճ դրսեւորելը հարիր չէ օրենսդիր մարմնի ներկայացուցչին»,- ասված է Ա. Թամազյանի նամակում: Մեր թղթակցի դիտարկմանն ի պատասխան, թե` պատգամավորները նաեւ լուսանկար են կցել իրենց դիմումին, ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է. «ՀՀ Գլխավոր դատախազությունը որեւէ լուսանկար չի ստացել»: