ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երկու օր առաջ Ազգային ժողովում առաջարկ ներկայացրեց` քաղաքական ուժերին առաջարկելով բանակցել դրա շուրջ:
Վ. Դալլաքյանն իր առաջարկությունն արել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո «Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով»:
Ճիշտ է, պատգամավորն իր առաջարկությունները կոնկրետ ուժերի չի ուղղել, բայց, ըստ էության, դրանք հասցեագրված են հիմնականում Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այն թերեւս առաջին հերթին ուղղված է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որովհետեւ առաջարկների իրականացումը հիմնականում կախված է ապագա իշխանությունից եւ հատկապես Հայաստանի նորընտիր նախագահից: Եվ ահա Վ.Դալլաքյանն առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն ուսումնասիրելու եւ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար: Նորընտիր նախագահին նա առաջարկում է ներում շնորհել բռնարարքների հետ անմիջականորեն կապ չունեցող անձանց, փորձել վերաբացել «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունները, Հանրային հեռուստատեսությամբ եթեր տրամադրել ընդդիմությանը, ստեղծել լուրջ լիազորություններով ստեղծված կառույց՝ քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Քանի որ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծվել է նոր իրավիճակ, նա առաջարկում է սկսել ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստումը՝ մի շարք փոփոխություններ կատարելով ՀՀ Ընտրական օրենսգրքում, այն է` անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ ձեւավորել հավասարակշռված ընտրական հանձնաժողովներ, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունները կունենան հավասար թվով անդամներ: Վ. Դալլաքյանն առաջարկում է կատարել նաեւ սահմանադրական փոփոխություններ՝ մարզպետների ինստիտուտը դարձնել ընտրովի եւ Հայաստանը դարձնել խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահը կընտրվի ԱԺ-ի կողմից: Պատգամավորն առաջարկում է այս բոլոր փոփոխությունները կատարել խորհրդարանական ընդդիմության հետ միասին կոնսենսուսային հիմունքով՝ այդ աշխատանքների մեջ ներգրավելով նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին:
Այս օրերին եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանական ճամբարից մտքեր են հնչել, թե ստեղծված իրավիճակից հնարավոր է ելք գտնել միայն բանակցությունների միջոցով, սակայն երկու կողմից էլ դեռեւս գործնական քայլեր չեն արել: «Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական երկխոսության, նման լարված իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու մասին, այդ իրավիճակից դուրս գալու համար պետք է առաջարկեն որոշակի թեմաներ: Ես փորձել եմ իմ համեստ հնարավորությունների սահմաններում ներկայացնել այդ թեմատիկայի որոշակի շտրիխներ»,- ասում է Վ. Դալլաքյանը: Վերջին օրերին, սակայն, երկու ճամբարներից էլ հակառակ մտքեր հնչեցին, թե ստեղծված պայմաններում բանակցելու իմաստ չեն գտնում: Իսկ ահա Վ. Դալլաքյանը ոչ միայն անհրաժեշտ է համարում բանակցությունները, այլեւ դրա համար կոնկրետ թեմա է առաջարկում. «Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կա երկու՝ այսպես կոչված ռեպրեսիվ եւ հարցի լուծման քաղաքական ճանապարհները: Առաջինն, իմ կարծիքով, անընդունելի եւ ոչ հեռանկարային տարբերակ է, որը որեւէ լավ արդյունքի չի կարող բերել: Ռեպրեսիվ կոչվածը նշանակում է՝ գործող օրենքների խստացում: Օրինակ, հանրահավաքների, երթերի, ցույցերի հետ կապված վերջին փոփոխությունը, որը ես գնահատեցի օրենք հանրահավաքներ չանցկացնելու վերաբերյալ եւ համարեցի անթույլատրելի: Դա ճանապարհ չէ: Ես կողմնակից եմ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու կամ մեղմելու քաղաքական ճանապարհին: Ե՛վ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը պետք է գիտակցեն, որ գտնվում են նույն նավում եւ նավարկում են միասին: Հայաստանում նաեւ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Եվ իմ համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկանում են գործող համակարգի անհեռանկարային լինելու հանգամանքը: Պատմության քմահաճույքով միգուցե հենց այդ երկու գործիչներին է վերապահված այդ համակարգը դեմոնտաժի ենթարկելու առաքելությունը»,- ասում է պատգամավորը:
Պատգամավորն իր առաջարկը համարում է բանակցություններ սկսելու հարմար կարեւոր եւ խիստ արդիական թեմա: Իհարկե, նա նաեւ գտնում է, որ բանակցող կողմերը կարող են ընդունելի համարել առաջարկների մի մասը եւ իրենց առաջարկներն ավելացնել: Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգություն» խմբակցությունն արդեն ծանոթ է Վ. Դալլաքյանի առաջարկին: Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց, թե միանգամայն ընդունելի տարբերակ է համարում ներկայացված բոլոր կետերը: Նույնիսկ ավելացրեց, որ իր գործընկերոջ ներկայացրած առաջարկները սկզբնական փուլի համար լիովին բավարար են: Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օր էր, ներկա էին նախարարները, ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ մարտի 1-ին վիրավորված Արմեն Մարտիրոսյանը վարչապետին հարցրեց, թե ծանո՞թ է արդյոք Վ. Դալլաքյանի առաջարկներին եւ այդ առումով ի՞նչ մտադրություններ ունի: Նիստը վարող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ա. Մարտիրոսյանին առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր եւ սպասել գրավոր պատասխանի:
Իսկ Վ. Դալլաքյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար համարժեք քայլեր է պետք ձեռնարկել: «Ես երբեք հավակնություններ չունեմ վերջնական ճշմարտություններ ասելու, եւ եթե իմ առաջարկներն ինչ-որ չափով կարժանանան քաղաքական ուժերի ուշադրությանը, ապա ես կլինեմ բավարարված: Ակնհայտ է, որ մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններից հետո տուժեց մեր ժողովուրդը, մեր հայրենիքը, մեր ընդդիմությունը, մեր իշխանությունները եւ տուժեց Հայաստանի միջազգային հեղինակությունը: Չտեսնել այս ամենը եւ այս ամենի հետ կապված քայլեր չանելը համարում եմ անթույլատրելի»,- ասում է պատգամավորը: